Նյութը՝ ԵՀՌՄ հասարակայնության հետ կապերի բաժնից
Լուսանկարները՝ ԵՀՌՄ հասարակայնության հետ կապերի բաժնից
Տեղադրվել է 07-08-2018
Նոր հնարավորություններ Տավուշի երիտասարդների համար
2018 թ. օգոստոսի 4-ին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տարածքում գործող Տավուշի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Երիտասարդության հայ-ռուսական միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների եւ Տավուշի մարզի երիտասարդների միջեւ:
Հանդիպմանը ներկա էին միության համանախագահ Ռաֆայել Պողոսյանը, համանախագահի խորհրդական Գոռ Մարտիրոսյանը, Երիտասարդության հայ-ռուսական միություն անդամներ, Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, մարզպետարանի աշխատակիցներ, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, կրթօջախի աշխատակիցներ, ռուսաց լեզվի եւ գրականության դասախոսներ, ուսանողներ, ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի, մարզում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ ակտիվ անդամներ, աշակերտներ:

Հանդիպման սկզբում Ռաֆայել Պողոսյանը  տեսանյութերի միջոցով ներկայացրեց «Երիտասարդության հայ-ռուսական միության» ստեղծման պատմությունը, նպատակը եւ ծավալած գործունեությունը: Նա նշեց, որ կազմակերպությունը համագործակցում է ՌԴ երկու տասնյակ երիտասարդական, պետական եւ հասարակական կազմակերպությունների հետ, համախմբում եւ կապեր է ստեղծում հատկապես ՀՀ մարզերի եւ ՌԴ շրջանների երիտասարդների միջեւ, նպաստում հայ երիտասարդների մասնակցությանը տարբեր միջազգային ծրագրերի:

Մասնավորապես միությունը կազմակերպում է Հայրենական Մեծ Պատերազմին եւ տարբեր հիշարժան տարեթվերի նվիրված մեծամաշստաբ միջոցառումներ, հայ-ռուսական երիտասարդական համաժողովներ, կլոր-սեղաններ եւ այլ միջոցառումներ:

Այնուհետեւ նա պատասխանեց ներկաների հարցերին: Մասնավորապես, նա ներկայացրեց, որ կազմակերպությունը աշխատում է ամբողջովին հասարակական հիմունքներով, պարբերաբար ներգրավում է նոր կամավորներ, նպաստում նրանց զարգացմանը եւ այժմ կազմակերպության բազմաթիվ անդամներ աշխատում են տարբեր պատասխանատու պաշտոններում:

Ռ. Պողոսյանը նշեց նաեւ, որ Տավուշի մարզում պլանավորվում է կազմակերպել մեծ միջոցառումներ ՌԴ մի շարք մարզերի երիտասարդական կազմակերպությունների հետ: 

«Մոտ ժամանակներս կհայտարարենք ԵԱՏՄ մակարդակով մեծ երիտասարդական հարթակի ՀՀ Տավուշի մարզում ստեղծման մասին, որը վստահ ենք, նոր իրական հնարավորություն կդառնա ավելի մեծացնելու մարզի զբոսաշրջային գրավչությունը, ինչպես նաեւ զարկ տալու նոր երիտասարսական միջազգային ծրագրերի իրականացմանը եւ Հայաստանի դերի բարձրացմանը միջազգային հարթակում», -իր խոսքում նշեց Երիտասարդության հայ-ռուսական միության համանախագահ Ռաֆայել Պողոսյանը։

Նշվեց, որ աշխատանքներ են տարվում ՀՀ Տավուշի մարզում միության մասնաճյուղ ստեղծելու ուղղությամբ, որի միջոցով Տավուշի երիտասարդներն անմիջապես հնարավորություն կունենան տեղեկանալու տարբեր միջազգային ծրագրերի մասին, եւ կապ հաստատել արտերկրի երիտասարդների հետ:

Ա. Ցուցուլյանն ընդգծեց, որ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողները պետք է ներգրավված լինեն Տավուշի մարզում տեղի ունեցող ցանկացած երիտասարդական ծրագրերում, եւ կոչ արեց ակտիվ համագործակցել միության հետ:

Վերջում ներկաները շնորհակալություն հայտնեցին միության ներկայացուցիչներին՝ Տավուշի մարզը ուշադրության կենտրոնում պահելու համար՝ մաղթելով արդյունավետ համագործակցություն: