Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի եւ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 09-08-2018
Չմոռանաք Վայոց ձորում մի քանի տեղ կանգնել ու հայկական ընտիր գինի վայելել
Վայոց ձորի մարզում «Գինու ուղի» է բացվում՝ համախմբելով հինգ գինեգործարաններ, որոնք անգամ թեժ մրցակցության պարագայում մշտապես պարտաստակամ են հյուրընկալելու գինու թե՛ հայ, թե՛ օտարազգի սիրահարներին։
Հայկական գինեգործունեությունը հազարամյակների պատմություն ունի։ Վկայություններ կան, որ ավելի քան 6000 տարի Վայոց ձորում մարդիկ գինեգործությամբ են զբաղվել, զարգացրել մշակույթը եւ գրեթե կատարելության հասցրել գինու համը՝ մրցակցային դարձնելով հայկական գինի մի շարք հեղինակավոր միջազգային արտադրողների առաջարկած տեսականու համեմատ։
 
Հայաստանում գործող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Իմ Հայաստան» ծրագրի մաս կազմող ուղղություններից մեկը Վայոց ձորի մարզում «Գինու ուղի» ստեղծելու շատ ինքնատիպ նախաձեռնությունն է։ Նպատակը հստակ է եւ պարզ. աշխարհին ներկայացվելու է այս տարածաշրջանը՝ որպես գինեգործության բնօրրան՝ նպաստելով գինու տուրիզմի զարգացմանը։
 
Վայոց ձորի մարզում գործունեություն ծավալող հինգ գինեգործարանների համար այդ նպատակով մեկ միասնական կայք է ստեղծվել։ Բացի այդ եղեկատվական թերթիկներ են բաժանվել Հայաստան զբոսաշրջային ակտիվ այցելություններ կազմակերպող տուրիստական կազմակերպություններին՝ զարգացնելու նաեւ մարզային այցելությունները եւ տեղյակ լինելու «Գինու ուղի» նախագծի մասին։
 
Ի դեպ, հուլիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, Երեւանի Թումանյան փողոցի «The Club»-ում տեղ կունենա «Գինու ուղի» նախագծի պաշտոնական շնորհանդեսը, իսկ մինչեւ այդ «ԵՐԻՏԱՍԱՐԴ» առցանց պարբերականն արդեն անցել է նախագծված ուղով՝ լինելով բոլոր 5 գինեգործարաններում։ Այցի մանրամասների եւ ստացված տպավորությունների մասին շուտով կհրապարակենք 5 մասից բաղկացած ակնարկների շարք։

Պատկերասրահ՝ 
Գինու ուղի Վայոց ձորի մարզում