Նյութը՝ «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ից
Տեղադրվել է 11-08-2018
Հայրենիքի պաշտպանը երիտասարդների աչքերով
Օգոստոսի 1-ին ամփոփվեց «Պաշտպանն եմ հայրենիքիս» երիտասարդ լուսանկարիչների մրցանակաբաշխությունը։ Այն իրականացել է տարվա երիտասարդական մայրաքաղաք Իջեւանի «Վերնատուն» պատկերասրահում։

Մրցանակաբաշխության նպատակն էր ՀՀ եւ Արցախի երիտասարդության շրջանում ստեղծագործելու խթանումն ու հոգեւոր-մշակութային արժեքների զարգացումը եւ ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

«Հայրենիքի պաշտպանությունը միայն զենքով չի լինում․ հայրենիքը պաշտպանում է սահմանում ապրող գյուղացին, մշակը, լավ սովորող աշակերտը, մասնագետը, մանկավարժը եւ այլն։ Ուստի, մասնակիցներին տրվել էր միայն գաղափարը, իսկ ստեղծագործելու մեջ նրանք ազատ էին, ինչն էլ հանդիսանում էր ծրագրի հաջողության գրավականներից»,- նշում է ծրագրի համակարգող Ն. Պետրոսյանը։

Ժյուրիի կողմից ընտրված աշխատանքները տպագրվեցին առանձին ալբոմում, եւ բոլոր մասնակիցները խրախուսական նվերների արժանացան։

Մրցանակաբաշխության ժամանակ սահմանված էր 5 մրցանակային տեղ՝ 1-ին, 2-րդ եւ 3-րդ ու 2 անվանակարգ՝ «Յուրօրինակ գաղափար», «Հանդիսատեսի համակրանք», վերջին անվանակարգի մրցանակակիրն ընտրվել է հենց տեղում՝ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքում առավել շատ ձայն հավաքած լուսանկարը։

«Այս միջոցառումը լավ խթան էր հետագա մասնագիտական գործունեությամբ զբաղվելու եւ ստեղծագործելու համար։ Լավ կլինի նման միջոցառումներ հաճախ կազմակերպվեն»,- նշեց մրցանակաբաշխության մասնակից Ա․ Ղահրամանյանը։ 

Նշենք, որ մրցույթը կազմակերպվել էր «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարաության ֆինանսական աջակցությամբ: