Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-08-2018
Հայաստանի երիտասարդությունը՝ գերատեսչությունների ուշադրության կենտրոնում
Երիտասարդական խնդիրների լուծումը ժամանակատար է, բայց կառավարության անդամներն իրենց գործունեությամբ կփորձեն հնարավորինս սեղմ ժամկետում ծագած հարցերին պատասխան տալ։
Հայաստանի 2018թ. երիտասարդական մայրաքաղաք Իջեւանի բնակիչներին ու մի շարք բնակավայրերից եկած բազմաթիվ հյուրերին Տավուշի մարզպետարանի շենքի մեծ սրահում հանդիպեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գեւորգյանը։ «Հոդված 3» ակումբի կողմից մեկժամյա հանդիպում-քննարկում էր նախատեսված ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ։ Թեման՝ «Երիտասարդների հին խնդիրների լուծման նոր տեսլականը» մեծ հետաքրքրություն էր առաջացրել, ինչով պայմանավորված միջոցառումը շատ ավելի երկար տեւեց, քան նախատեսված էր։
 
ՀՀ կառավարության ներկայացուցիչները բավականին մանրամասն խոսեցին երիտասարդության դերի եւ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած քաղաքական գործընթացների ժամանակ երիտասարդների ակտիվ ներգրավվածության մասին՝ շեշտելով, որ տեղի ունեցած հեղափոխությունը երբեմն կարող է մի փոքր չարդարացնել սպասելիքները, եթե մասնակիցները չցանկանան փոխել իրենց մտածելակերպը եւ գործելաոճը։ Հատկապես կարեւորվեցին երիտասարդների կրթության հիմնախնդիրը, գործազրկության եւ ինքնազարգացման կենտրոնների բացակայության հետ կապված հարցերը։
 
«Կրթության եւ գիտության զարգացման առումով անելիքներ շատ կան։ Բազմաթիվ խնդիրներ նկատելի էին, երբ դեռեւս Երեւանի ավագանու անդամ էի, սակայն ներկայում արդեն որպես նախարար եմ ծանոթ խնդիրներին։ Եթե սկզբնական շրջանում թվում էր, թե ամեն ինչ կարող ենք հեղափոխական լուծումների միջոցով արագ կարգավորել եւ թերությունները սեղմ ժամկետներումս սեղմել, հիմա տեսնում ենք, որ մի շարք խնդիրների դեպքում ժամանակը չափազանց կարեւոր նշանակություն ունի։ Միանգամից խնդրին բոլորին գոհացնող լուծումներ տալ հնարավոր չէ»,- նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս երկրի կառավարությունը նոր փոփոխություններով կփորձի «Բարձրագույն կրթության մասին» օրենքը առավել արդյունավետ դարձնել՝ տալով բազմաթիվ հարցերին նաեւ օրենսդրությամբ կարգավորվող լուծում։
 
Հանդիպմանը մասնակցող իջեւանցիներին հատկապես հետաքրքրում էր, թե ինչու մարզերում այդպես էլ չեն գործում օտար լեզուների անվճար դասավանդման կուրսեր, որոնք կարող են օգտակար լինել բոլորին եւ հնարավորինս զարգացնել մարզաբնակների լեզվական հմտությունները։ Հնչած հարցի պատասխանը հստակ էր՝ այդօրինակ դասընթացներ իրականացվում են, իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարին այդ հարցով արդեն որերորդ անգամ դիմում են զուտ չտեղեկացվածության պատճառով. «Մենք ունենք մի շարք գործընկերներ, որոնց հետ համագործակցության արդյունքում մարզերում իրականացվում են նաեւ լեզվական դասընթացներ։ Հաճախ դասընթացը վարում են այդ համայնքների աշխատանքներում ակտիվ ներգրավված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»։
 
Գիտության ոլորտում առկա խնդիրները եւս նախարարությունը չի անտեսելու, ինչպես եւ չի անտեսում կրթության բնագավառում անընդհատ բարձրաձայնվող հարցերի լուծումների փնտրումը։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ բուհերը կորցրել են գիտահետազոտական կենտրոններ լինելու առաջնահերթությունը, եւ դա պետք է հնարավորինս շուտ շտկել՝ խնդիրներն առավելապես չխորացնելու համար. «Կփորձենք գիտության խնդիրներին եւս օրենսդրական կարգավորումների միջոցով լուծումներ առաջարկել։ Մենք ունենք աշխատելու եւ փոփոխություններ անելու ցանկություն»։
Սպասվող փոփոխությունների թվում, ըստ Կրթության եւ գիտության նախարարի, մոտ ժամանակներս կբարձրանա նաեւ ուսուցիչների աշխատավարձը, ինչը հետաքրքրում էր միջոցառմանը մասնակցող մի շարք իջեւանցիների, որոնք դժգոհ էին իրենց ստացած վարձատրությունից։ Նախարարը խոստացավ, որ այդ հարցում մոտ ժամանակներս դրական տեղաշարժ կլինի, ինչպես տեղի ունեցավ բուհերի դեպքում։
 
«Մասսայական սպորտի զարգացումը եւ երիտասարդների ներգրավվածությունը մարզական տարբեր միջոցառումների ու մրցումների պետք է խրախուսվի եւ աջակցություն ստանա»,- նշեց երկրի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը։ Վերջինս պատասխանեց հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, ապա շեշտեց, որ մոտ ժամանակներս նաեւ հանրային քննարկումներ կլինեն «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Այն կարող է բազմաթիվ հարցերի օրենսդրական ճանապարհով կարգավորում բերել, ինչը մինչեւ այսօր դեռ չի եղել։ Նախարարի տեղակալի խոսքով՝ օրենքի նախագիծը մշակման ակտիվ փուլում է։
 
Արդյո՞ք տարիքային շեմ կֆիքսվի նախատեսվող օրենքում՝ ոլորտի շահառուներին թիրախավորելու համար հարցին ի պատասխան՝ Քրիստինե Ասատրյանը նշեց, որ դա անհրաժեշտ է եւ կարեւոր. «Մենք երիտասարդության տարիքը պետք է ֆիքսենք մեր մշակութային առանձնահատկություններից ելնելով։ Իհարկե, միջազգային փորձն այդ տեսանկյունից կարեւոր է, սակայն մեզանում ձեւավորվել են մի շարք առանձնահատկություններ, որոնք պետք է փորձել հաշվի առնել։ Առանց դրանք հաշվի առնելու՝ բարդ կլինի գոհացնող լուծումներ առաջարկելը»։ Ըստ նախարարի տեղակալի՝ քննարկվում է երիտասարդ համարել 16-30 տարեկան քաղաքացիներին եւ մեծացնել վերջիններիս ներգրավվածությունը տարբեր խնդիրների վերաբերյալ քննարկումներում։
 
Պակաս կարեւոր չէ նաեւ երիտասարդների ներգրավվածությունը երկրի տարածքային կառավարման եւ զարգացման առումով։ Այս մասին անձամբ իր եւ նախարարության տեսլականը ներկայացրեց Դավիթ Գեւորգյանը։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի խոսքով՝ երիտասարդը պետք է հնարավորինս ակտիվ գործունեություն ծավալի իր համայնքում. «Մենք ունենք օրինակներ, երբ մեկ երիտասարդի ակտիվության միջոցով փոփոխություններ են լինում։ Անհրաժեշտ է մեծացնել ակտիվ երիտասարդների թիվը համայնքներում։ Դրան միտված ծրագրեր արդեն նախատեսել են»։
 
Տավուշի մարզում երիտասարդական գործունեության ներկա խնդիրների եւ հեղափոխությունից հետո սպասվող ակնկալիքների մասին խոսեց հանդիպմանը ներկա «Տավուշի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Վարշամյանը։ Վերջինս առավելապես ընդգծեց հետհեղափոխական շրջանում տեղի ունեցած փոփոխությունները եւ հույս հայտնեց, որ երիտասարդների դերակատարումն առավել կմեծանա, կավելանան զարգացման եւ զվարճանքի կենտրոններ, որոնց կարիքը մարզում առկա է։
 
«Իհարկե, առանց ֆիզիկական տարածքների առկայության էլ մենք կարողանում ենք գործունեություն իրականացնել, սակայն ցանկալի կլիներ, որպեսզի ստեղծվեն նաեւ երիտասարդական կենտրոններ, որը հնարավորություն կտար մարզաբնակ երիտասարդների զարգացման առումով աշխատանքներ տանել։ Գործազրկությունը երիտասարդության շրջանում եւս կարեւոր հիմնախնդիր է, որի լուծման համար թե՛ մեր կազմակերպությունը, թե՛ մարզային այլ ՀԿ-ներ ակտիվ քննարկումներ են իրականացնում։ Օրինակ, կարող ենք Տավուշում զբոսաշրջություն զարգացնելը, ինչը հնարավորություն կտա երիտասարդներին զբաղվածության հարց լուծել»։
 
Մեկ ժամվա փոխարեն գրեթե կրկնակի երկար տեւած քննարկման շրջանակում այլ հարցեր եւս հնչեցին։ Միջոցառման ամբողջական տեսագրությունը եւ հարցուպատասխանն առկա է համացանցում, այնպես որ հնարավորություն կա առավել մանրամասն ծանոթանալու։ Ու չնայած հանդիպումը նախատեսվածից բավականաչափ ուշ վերջացավ, սակայն ՀՀ կառավարության անդամները միջոցառման ավարտից հետո անգամ պատրաստակամություն հայտնեցին խոսելու իջեւանցիների հետ՝ մի քանի լրացուցիչ րոպեներ հատկացնելով տարատեսակ խնդիրների քննարկման համար։


Պատկերասրահ՝ Երիտասարդության միջազգային օրն Իջեւանում