Նյութը՝ Հարություն Ծատրյանի, Տալլին, Էստոնիա
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-08-2018
Տալլինը հյուրընկալում է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը
Նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի հաղթող դարձած Մադրիդի «Ռեալը» եւ Եվրոպա լիգայի գավաթակիր «Ատլետիկոն» Էստոնիայի մայրաքաղաքում կվիճարկեն համաեվրոպական մրցաշրջանի առաջին խոշոր տիտղոսը։
Տալլինի «Ա. Լե Կոք Արենա» կամ «Լիլլեկուլա» ստադիոնը մինչեւ վերջերս՝ վերակառուցումը, կարող էր տեղավորել ընդամենը 10,500 ֆուտբոլասերի, ինչը չափազանց քիչ է անգամ այնպիսի ոչ կարեւոր հանդիպում, ինչպիսին վերջին տարիներին դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար պայքարը, անցկացնելու համար, սակայն Մադրիդյան դերբին ստիպում է մոռանալ անկարեւորության մասին։ Վերակառուցումից հետո «Ֆլորայի» տնային ստադիոնի տրիբունաները կարող են տեղավորել մոտ 15,000 երկրպագուների, սակայն թե՛ Էստոնիայում, թե՛ հարեւան Բալթյան երկրներում ավելի շատ են Մադրիդի «Ռեալին» կամ «Ատլետիկոյին» աջակցողները։
 
Մինչեւ այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչները քննարկում են, թե ինչու ՈՒԵՖԱ-ի կողմից որոշում ընդունվեց 2018թ. Սուպերգավաթի հանդիպումն անցկացնել այս մարզադաշտում։ Օրինակ, 2015թ. Թբիլիսին հյուրընկալեց մրցաշարը եւ ավելի քան 55,000 հանդիսական տեղավորող «Դինամո Արենա» ստադիոնը լեփ-լեցուն էր։ Նույնպիսի պատկեր չէր hաջորդ տարիներին։
 
2016թ. Նորվեգիայի Տրոնդհեյմ քաղաքի «Լերկեդալ» ստադիոնը կարող էր ավելի քան 21,000 երկրպագու տեղավորել, բայց իսպանական դերբին «Ռեալի» եւ «Սեւիլյայի» միջեւ չէր առաջացրել տեղացիների հետաքրքրությունը։ 2017թ. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման վայր էր ընտրվել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում գտնվող «Ֆիլիպ 2-րդ» ազգային ստադիոնը։ Այն կարող էր տեղավորել ավելի քան 36,000 հանդիսատես։ Մադրիդի «Ռեալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ կայացած հանդիպումը հետաքրքրել էր ու տրիբունա բերել հայ երկրպագուներին, չէ՞ որ Հենրիխ Մխիթարյանը խաղում էր «կարմիր սատանաների» կազմում։


 
Տալլինում օգոստոսի 15-ին սպասվող խաղից առաջ կրկին քննարկումներ են ծավալվել, թե ինչու է ՈՒԵՖԱ-ի կողմից որոշում ընդունվել քիչ տարողունակություն ունեցող ստադիոնում այսօրինակ հանդիպում անցկացնելու։ Չնայած փոքրությանը՝ «Ա. Լե Կոք Արենա» ստադիոնը բավականին լավ վիճակում է գտնվում. թերացումներ գրեթե չկան։ Այլ հարց է, որ հանդիպման օրը այն կարող է լեփ-լեցուն չլինել։
 
Տալլինցիներին շրջանում Մադրիդի «Ռեալի» կամ «Ատլետիկոյի» նկատմամբ առանձնահատուկ համակրանք չկա, սակայն հատկապես Չեմպիոնների լիգայի հաղթողին դիմավորողների բանակ էր հավաքվել։ Այն, իհարկե, չի կարելի համարել այն աջակցության հետ, որը Արքայական ակումբը ստացել է թե՛ Նորվեգիայում, թե՛ Մակեդոնիայում. էստոնացիներին ֆուտբոլի սիրահար չենք կարող անվանել։ Անգամ տոմսերի ամբողջական վաճառքի արդյունքում ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները չեն շտապում հայտարարել, որ հանդիպման ժամանակ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն։
 
Ինչեւէ, անգամ այդպիսի պայմաններում հանդիպումը տեղի է ունենալու։ Օգոստոսի 13-ին Մադրիդից չարտերային չվերթով «Ռեալի» պատվիրակությունը ժամանել է Տալլին։ Արքայական ակումբին այս խաղում չեն կարողանա օգնել Խեսուս Վալյեխոն եւ Ալվարո Օդրիսոլան, սակայն վերջիններս թիմի 29-հոգանոց հայտացուցակում են հայտնվել։ Թիմի հետ Տալլին են մեկնել նաեւ հայտացուցակցում տեղ գտած հինգ դարպասապահները, այդ թվում՝ վերջերս «Մադրիդիստա» օծված Տիբո Կուրտուան, որին կարող է խաղաժամանակ հատկացվել նախկին ակումբի հետ խաղում։ Մինչդեռ այդ հայտացուցակում տեղ չի գտնվել նորվեգացի Մարտին Օդեգարդի համար, ինչը նոր խոսակցությունների առիթ է դարձել։
 
Մադրիդի «Ատլետիկոյի» հայտացուցակում տեղ են գտել թիմի բոլոր նորեկները, այդ թվում՝ հաշված ժամեր առաջ միացած Նիկոլա Կալինիչը եւ Արիասը։ Անգամ արձակուրդից միայն վերջերս հետ եկած Անտուան Գրիզմանն է հայտնվել թիմի հայտացուցակում՝ չնայած խաղային պրակտիկայի որոշակի բացակայություն է առկա։
 
Օգոստոսի 14-ին նախատեսված է երկու ակումբների նախախաղային մամուլի ասուլիսը եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար բաց մարզումը։ Ի դեպ, առաջինը մարզվելու հնարավորություն է ստացել Եվրոպա լիգայի հաղթող Ատլետիկոն։