Նյութը՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ից
Տեղադրվել է 16-08-2018
Ավարտվեց երիտասարդ առաջնորդների այցը Հայաստան
Երեւանում ավարտվեց օգոստոսի 9-ին մեկնարկած «Կարեւոր է Յուրաքանչյուրը» միջազգային աշխատաժողովը, որը Հայաստանում հյուրընկալեց 7 երկրներից ժամանած 35 երիտասարդ առաջնորդների, երիտասարդական աշխատողների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների։

Միջազգային աշխատաժողովը Երեւանում հյուրընկալեց «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպական Միության կողմից համաֆինանսավորվող երկարաժամկետ համագործակցության ծրագրի շրջանակներում։ 

Աշխատաժողովի 6 օրերի ընթացքում Գերմանիայից, Բելգիայից, Շվեդիայից, Մոլդովայից, Ուկրանիայից  եւ Վրաստանից ժամանած  մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանում երիտասարդների խնդիրներին, մայրաքաղաքում եւ մարզերում գործող երիտասարդական ՀԿ-ների աշխատանքին, ինչպես նաեւ զարգացրեցին իրենց հմտությունները եւ գիտելիքները պրոֆեսիոնալ մասնագետների աջակցությամբ։

Աշխատաժողովի հիմնական նպատակն էր զարգացնել մասնակից կազմակերպությունների կարողությունները՝ երիտասարդների խոցելի խմբերի հետ ավելի արդյունավետ աշխատելու ուղղությամբ։ Քննարկվեցին երիտասարդների խոցելի խմբերը հասարակական կյանքում ներառելու արդյունավետ ռազմավարությունները, երիտասարդներին համայնքային կյանքում ներգրավելու մեխանիզմները եւ տարբեր երկրների փորձը այս ոլորտում։ 

Հատկապես կարեւորվեց արդյունավետ եւ նորարարական մեխանիզմների եւ գործիքների ներդրումը Հայաստանի, Մոլդովայի, Ուկրանիայի  եւ Վրաստանի հասարակական կազմակերպություններում, որպեսզի վերջիններս կարոցանան ավելի թիրախային եւ արդյունավետ աշխատել մի շարք խոցելի խմբերի, այդ թվում՝ գյուղական եւ սահմանային համայնքներում բնակվող երիտասարդների հետ։ Մշակվեց գործողությունների պլան, որը պետք է ներդրվի մասնակից կազմակերպություններում աշխատաժողովից հետո։   

Աշխատաժողովն իրականացվեց Հայ Առաջադեմ Երիտասարդություն կազմակերպության «Կարեւոր է Յուրաքանչյուրը» երկամյա ծրագրի շրջանակներում, որը նպատակ է հետապնդում բարձրացնելու աշխատաշուկայում, ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրերում եւ հանրային կյանքում սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների մասնակցության եւ ներգրավվածության մակարդակը։