Նյութը՝ Սլավիկ Ալավերդյանի
Լուսանկարները՝ Սլավիկ Ալավերդյանի
Տեղադրվել է 16-08-2018
Արցախցի ուսանողները ճանաչում են ՀՀ 2018թ. երիտասարդական մայրաքաղաք Իջեւանը
Ընդամենը մեկ ամիս առաջ Արցախի պետական համալսարանը կազմակերպել էր «ԱրՊՀ-2018» միջազգային ուսանողական ճամբար, որին մասնակցել էին նաեւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի երեք ուսանողներ:

Ծանոթությունը հիմք դրեց երկու բուհերի միջեւ համագործակցության եւ Իջեւանի ուսանողները առաջարկեցին կրթօջախի ղեկավարությանը ԱրՊՀ մի խումբ ուսանողների համար կազմակերպել ճանաչողական այց Իջեւան՝ պատրաստակամություն հայտնելով նրանց հյուրընկալել իրենց բնակարաններում: 



Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ԵՊՀ ԻՄ ՈԻԽ-ի նախագահ Տիգրան Չիբուխչյանը, ՈՒԳԸ նախագահ Հրանտ Ղարագյոզյանը, Արցախի ճամբարի մասնակիցներ Շիրակ Գասպարյանը, Գերասիմ Ալավերդյանը եւ Արգիշտի Մարգարյանը, ինչպես նաեւ ՈԻԽ-ի մի խումբ ակտիվ անդամներ կազմեցին միջոցառումների ծրագիր, դիմեցին մարզի մի շարք կազմակերպությունների, եւ կյանքի կոչեցին «ԱրՊՀ ուսանողների ճանաչողական այց Իջեւան» ծրագիրը:

Օգոստոսի 11-ին ԱրՊՀ 7 ուսանողներ ժամանեցին ՀՀ 2018թ. երիտասարդական մայրաքաղաք Իջեւան: 



ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի օգնական Արման Եգանյանը, դասախոս Սլավիկ Ալավերդյանը եւ ուսանողական խորհրդի անդամները հյուրերին պատմեցին մասնաճյուղի պատմությունը, ձեռքբերումները, էքսկուրսիա կազմակերպեցին կրթօջախի տարածքում:



Օգոստոսի 12-ի առավոտյան տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանի հետ, որի ժամանակ հյուրերը ներկայացրեցին ԱրՊՀ-ի կառուցվածքը եւ գործունեությունը, քննարկվեցին երկու բուհերի եւ նրանց ուսանողական կառույցների համագործակցության հնարավորությունները:



Այնուհետեւ նրանք ակտիվորեն մասնակցեցին Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ծրագրին:



Ծրագրի մեկնարկից հետո արցախցի երիտասարդները ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ մասնակցեցին Բադմինթոնի ցուցադրական մրցաշարին՝ մրցելով միմյանց եւ պրոֆեսիոնալ մարզիկների հետ։ 



Երիտասարդները ծանոթացան Հայաստանում «Էրազմուս +» ծրագրի միջազգային բարձրագույն կրթական եւ երիտասարդական շարժունակության հատվածներին, «Մշակութային խճանկարին», «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» բացօթյա ցուցահանդեսին, թատերականացված բացօթյա ակցիա-վիկտորինային, որի ժամանակ արցախցի ուսանողներից մեկը պարգեւատրվեց խորհրդանշական նվերով։



Օրվա վերջում կայացած տոնական համերգից հետո խումբը խնջույք ունեցավ Իջեւանի «ԴՈԿ» հյուրանոց-ռեստորանում:



Հաջորդ օրը միջհամալսարանական ակտիվ խումբը ուղեւորվեց Ենոքավանի հարեւանությամբ գտնվող «Լաստիվեր-Անապատ» հանգստյան գոտի: Ուսանողները անտառի միջով հետիոտն քայլեցին ավելի քան 3 կմ, տեսան գեղատեսիլ ջրվեժը եւ հանգստյան գոտու հետաքրքիր փայտե շինությունները: Կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի հաղթողները ստացան պատվոգրեր:

Երեկոյան ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կազմակերպվեց դիսկոտեկ:



Օգոստոսի 14-ին խմբին միացան ԱրՊՀ եւս 6 ուսանողներ, ովքեր հանգստանում էին Դիլիջանում: Բոլորը նախ այցելեցին Իջեւանի դենդրոպարկ, ծանոթացան աշխարհի տարբեր երկրներից բերված յուրօրինակ ծառերին եւ թփերին, ապա այցելեցին Իջեւանի պատմաերկրագիտական թանգարան, որտեղ ծանոթացան պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշներին, Իջեւանի եւ Տավուշի մարզի տարածքից հայտնաբերված գտածոներին, մշակույթի նմուշներին, տարազին:



Այնուհետեւ խումբը այցելեց Մակարավանք, ծանոթացավ վանական համալիրի պատմությանը եւ ճարտարապետությանը, որից հետո ճաշեց Աչաջուր գյուղի հուշաղբյուրներից մեկում:



Իսկ Արցախ մեկնելուց առաջ հյուրերին ԵՊՀ ԻՄ-ի կողմից գրքեր նվիրեց գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:



Հյուրերը շատ էին տպավորվել ԵՊՀ ԻՄ-ի ընդունելությամբ, կազմակերպված միջոցառումներով, Իջեւանի բնությամբ եւ մշակութային կոթողներով, որոնք նման են Արցախի բնությանը եւ կոթողներին: Երկու բուհերի ուսանողները խոստացան, որ կշարունակեն համագործակցությունը եւ փոխադարձ այցերը կլինեն հաճախակի:



Ծրագրի իրականացնմանը մեծապես աջակցել են Իջեւանի քաղաքապետարանը, Աչաջրի գյուղապետարանը, «Իջեւանի գինու, կոնյակի գործարանը», Հայաստանի էլեկտրական ցանցերի «Աղստեւ» մասնաճյուղը, «Արդշինբանկ» ՓԲԸ Իջեւանի մասնաճյուղը, «Լաստիվեր-Անապատ» հանգստյան գոտին: