Նյութը՝ «Միասնական Հրազդան» երիտասարդական կազմակերպությունից
Լուսանկարները՝ «Միասնական Հրազդան» երիտասարդական կազմակերպությունից
Տեղադրվել է 16-08-2018
Հրազդանում տոնեցին Երիտասարդների օրը
Օգոստոսի 12-ին Հրազդանում տոնում էին Երիտասարդների օրը:

Այո, տոնում էին ու տոնում էին ի սրտե, անմիջական ու շատ երջանիկ, տոնում էին ողջ քաղաքով, քանզի Հրազդանում տեղի էին ունենում լայնածավալ միջոցառումներ: Ամենակարեւորն էլ այն էր, որ այդ օրը երկար ժամանակ փակված, բոլորի կողմից շատ սիրված Միասնության զբոսայգու բացումն էր։



«Միասնական Հրազդան» երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր այդ օրվա ողջ գործողությունները: Կազմակերպությանը հովանավորել եւ աջակցել էին «Aquam sportscomplex»-ը, «Smail Systems» ընկերությունը, Հրազդանի համայնքապետարանը, Կոտայքի գործատուների տարածքային միությունը, «Երեխայի եւ ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ-ն եւ շատ ու շատ հրազդանցիներ։



Միջոցառումները սկսվեցին Հրազդանի Սահմանադրության հրապարակում, որտեղից մեկնարկեց Հրազդանում առաջին անգամ կայացած հեծանվավազքը դեպի Միկրոշրջանի Միասնության զբոսայգի` մոտ 4,5 կմ։

Նախնական 20 մասնակիցների փոխարեն ներկայացել էին 45-ը՝ 1 աղջիկ (Անուշիկ Առաքելյան, ով առաջ էր անցել 37 մասնակիցներից) եւ 44 տղա։



Հեծանվավազքի մեկնարկից առաջ տեղի ունեցավ բացօթյա մարմնամարզություն։

Հեծանվավազքի հաղթողին բախտ էր վիճակված բացելու  զբոսայգու «ժանգոտած կողպեքը»: Վերջինս Վահագն Դավթյանն էր, ով արժանացավ «Հրազդանի լավագույն տղա հեծանվորդ-2018» կոչմանը։



Հրազդանցիները շատ երկար էին սպասել զբոսայգու բացմանը` շուրջ 15 տարի, եւ վերջապես «Միասնական Հրազդան» երիտասարդական կազմակերպության երիտասարդների ջանքերով զբոսայգին բացված է:

Միասնության զբոսայգում հնչեց երաժշտությունը, սկսվեցին միջոցառումը եւ պարգեւատրման արարողությունը, որոնց ներկա էին հարյուրավոր հրազդանցիներ, տարբեր քաղաքներից հյուրեր, պաշտոնատար անձինք:



Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը, ով անձամբ կատարեց պարգեւատրման արարողությունը։

2018-ի օգոստոսի 12-ը դեռ երկար կմնա հրազդանցիների հիշողությունների մեջ, իսկ երիտասարդները խոստացել են, որ Հրազդանում ավանդույթ կդարձնեն օգոստոսի 12-ի միջոցառումները: