Նյութը՝ Հարություն Ծատրյանի, Տալլին, Էստոնիա
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-08-2018
Մադրիդյան դերբի՝ Եվրոպայի Սուպերգավաթում
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը հյուրընկալել է իսպանական ֆուտբոլի երկու առաջամարտիկների, որոնք միմյանց դեմ պայքարում կորոշեն՝ այս պահին որ ակումբն է լավագույնն առնվազն Մադրիդում։

Նոր գլխավոր մարզիչ եւ վերջին 10 մրցաշրջաններում հիմնական հաղթաթղթի բացակայություն. սա Մադրիդի «Ռեալի» ներկան է։ Չկա Քրիշտիանու Ռոնալդուն, որի համար հաղթանակը եւ գոլեր խփելը ամենակարեւորն են ֆուտբոլում, մրցանակները՝ ֆուտբոլ խաղալու պատճառը։ Չկա նաեւ ակումբի լեգենդ Զինեդին Զիդանը, որի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երբեք չի պարտվել եզրափակիչ խաղերում։

Իսկապես, այժմ չկան «Ռեալի» հիմնական հաղթաթղթերը, սակայն կա նոր եւ մոտիվացված թիմ, որը գլխավորում է մի գլխավոր մարզիչ, ում հաջողվել է Իսպանիայի ազգային հավաքականին գեղեցիկ եւ աշխատող խաղային ձեռագիր հաղորդել, ազգային հավաքականների մակարդակում անպարտելի մնալ գրեթե երկու տարի շարունակ։ Անխոս, սա մեծ նվաճում է, որին հասել է Խուլեն Լոպետեգուին։

Ընդհանրապես, Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմի ընտրությունը ներկա պահին կարող է բարդ գլուխկոտրուկ լինել։ Լուկա Մոդրիչը՝ կիսապաշտպանության գլխավոր դերակատարը, նոր-նոր է սկսել մարզումներին մասնակցել։ Սպասել նրան «Ատլետիկոյի» հետ հանդիպման մեկնարկային րոպեներին չարժե։ Մինչդեռ Իսկո, Մարկո Ասենսիո, Գարեթ Բեյլ եւ Կարիմ Բենզեմա քառյակը լավ հնարավորություն ունի մեկնարկելու միասին։ Պաշտպանությունում անակնկալներ դժվար է սպասել. կազմ-պատրաստ են Մարսելոն, Սերխիո Ռամոսը, Ռաֆայել Վարանը եւ Դանի Կարվախալը։ Եթե Խեսուս Վալյեխոն վնասվածք չունենար, ապա հավանականությունը մեծ կլիներ, որ աշխարհի չեմպոին դարձած Ռաֆայել Վարանը չլիներ մեկնարկային կազմում։



Խուլեն Լոպետեգուին մեկնարկող մրցաշրջանից առաջ գլխացավանք է ստացել ի դեմս երիտասարդ դարպասապահների՝ Անդրեյ Լունինի եւ աստղային Տիբո Կուրտուայի։ Չնայած դժվար կլինի Կեյլոր Նավասի խաղը ստվերել, այնուամենայնիվ, այս երիտասարդները գնվել են ոչ պահեստային լինելու համար։ Թիմին նոր միացած բելգիացին, ամենայն հավանականությամբ, չի հայտավորվի, սակայն եւ բացառել, որ նա կարող է անգամ նորամուտ նշել իր նախկին ակումբի դեմ խաղում, չէին ցանկանա։

Կիսապաշտպանության կենտրոնում «Ռեալը» բազմաթիվ լուծումներ ունի, սակայն Սուպերգավաթի համար կարեւոր խաղում դժվար է սպասել նորությունների. կխաղան Կազեմիրոն եւ Տոնի Կրոսը, իսկ Իսկոն պատասխանատու կլինի գրոհների կազմակերպման համար։ Չի բացառվում, որ եվրոպական խաղային ռիթմը զգալու հնարավորություն կստանա նաեւ Վինիսիուսը։ Բրազիլացի 18-ամյա տղան իրեն լավագույնս է դրսեւորել ընկերական խաղերի ժամանակ, չնայած չի կարողացել աչքի ընկնել։

«Մենք ցանկանում ենք հաղթել։ Իհարկե, հաղթանակի հասնելու համար պետք է պատրաստ լինել պայքարելու մինչեւ վերջին րոպեն։ Մեզ դիմակայելու է ուժեղ թիմ, սակայն մենք պատրաստված ենք այս խաղին։ «Ատլետիկոն» մարզում է մի մասնագետ, որին հաջողվել է իր գաղափարները փոխանցել ֆուտբոլիստներին, որոնք արդեն երկար տարիներ է, ինչ խաղում են նրա ղեկավարությամբ։ Մրցակից թիմն իսկապես ուժեղ է, ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Վստահ եմ, որ բարդ խաղ է սպասվում թե՛ ֆիզիական, թե՛ տակտիկական առումով։ Սա եզրափակիչ խաղ է, հաղթողին բաժին է հասնելու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, այնպես որ կողմերը կանեն ամեն ինչ հաղթանակի համար։ Մենք շատ լավ ենք ուսումնասիրել մրցակցին եւ գիտենք, թե ինչ է պետք «Ատլետիկոյին» հաղթելու համար»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ռեալի» գլխավոր մարզիչը՝ նշելով, որ արդեն գիտի, թե ովքեր կմեկնարկեն մրցակցի հետ խաղում, սակայն մեկնարկային կազմը հրապարակելու պատրաստակամություն Խուլեն Լոպետեգուին չունեցավ, քանի որ Դիեգո Սիմեոնեն ավելի վաղ էր ներկայացել նախախաղային ասուլիսին եւ չէր նշել՝ ովքեր են մեկնարկելու «Ատլետիկոյի» կազմում։



«Ատլետիների» կազմը հնարավորինս բարելավվել եւ համալրվել է այս ամառային տրասֆերային պատուհանի ժամանակ։ Թիմին միացել է աշխարհի չեմպիոն դարձած Տոմա Լեմարը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստից բացի «Ատլետիկոն» վերադարձրել է ակումբի սան Ռոդրիգոյին, ձեռք է բերել նաեւ Նիկոլա Կալինիչին ու Արիասին Սուպերգավաթի խաղից երկու օր առաջ, ինչպես նաեւ թիմի կազմն է համալրել պորտուգալացի Ժելսոն Մարտինշը։ 

Սպասել նորարարական լուծումների Դիեգո Սիմեոնեից այն էլ սկզբունքային խաղից առաջ չարժե, բայց մինչմրցաշրջանային խաղերում «Ատլետիկոն» արդեն ցույց է տվել, որ կարող է նաեւ կիրառել հարձակվողական մեծ պոտենցիալը։ Տոմա Լեմար, Անտուան Գրիզման եւ Դիեգո Կոստա եռյակը մեծ հավանականությամբ կմեկնարկի մադրիդյան դերբիում։ Կիսապաշտպանական գծում Կոկե-Սաուլ զույգին կմիանա Ռոդրիգոն, որը եկել է փոխարինելու բազմափորձ Գաբիին։ Պաշտպանությունում եւս դժվար թե անակնկալներ լինեն։ Լուկա Էրնանդեսը նոր է միացել թիմին, սակայն կարող է եւ խաղալ։ Անքննելի է թիմի նորանշանակ ավագի՝ Դիեգո Գոդինի խաղադաշտ դուրս գալը։ Կասկած չի հարցում նաեւ Խուանֆրանի եւ Ֆիլիպե Լուիսի մեկնարկային րոպեներից դաշտում հայտնվելը։ Հիմնական դարպասապահի խնդիր «ատլետիները» չունեն. Յան Օբլակը մի քանի մրցաշրջան շարունակ իրեն դրսեւորում է որպես Եվրոպայում հանդես եկող լավագույն դարպասապահներից մեկը։

«Մենք ցանկանում ենք ավելի լավ արդյունքներ գրանցել այս մրցաշրջանում, քան նախորդ տարի էր։ Սպասումները մեծ են եւ մենք գիտենք, թե ինչ է պահանջվում մեր երկրպագուների կողմից։ Մրցակիցը լիովին այլ ոճով կխաղա։ Գիտենք՝ նոր մարզչական թիմը նախընտրում է բարձր ճնշմամբ խաղ վարել մրցակցի կիսադաշտում։ Դա Խուլեն Լոպետեգուի մարզչական փիլիսոփայությունն է, որին ծանոթ ենք Իսպանիայի հավաքականի խաղաոճից։ Կարծում եմ՝ խաղում ամենակարեւորը կլինեն էմոցիաները եւ հաղթելու ցանկությունը։ Մենք պատրաստ ենք այդ առումով։ Մեզ հետ ժամանած ֆուտբոլիստները լավ գիտեն խաղաոճը եւ պատրաստ են լրացնել դիրքային խնդիրները»,- նախախաղային ասուլիսին ասաց «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, որը չի կարողանա հանդիպմանը ներկա լինեն պահիստայինների նստարանին. որակազրկման պատճառով արգենտինացու փոխարեն թիմի կողքին կլինի նրա օգնականը։



Չնայած 3-րդ տարին անընդմեջ Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանը սկսում է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար պայքարով, սակայն լիովին նոր իրականություն է. չկան Քրիշտիանու Ռոնալդուն եւ Զինեդին Զիդանը։ Շատ ավելի հետաքրքիր կլինի հասկանալ՝ արդյոք Խուլեն Լոպետեգուիին հաջողվել է իր գաղափարները կարճ ժամանակում փոխանցել «Արքայական ակումբի» ֆուտբոլսիտներին, թե դեռ որոշակի ժամանակ է հարկավոր։ Դիեգո Սիմեոնեի գաղափարախոսությանը հարմարվելու խնդիր ունեն «Ատլետիկոյի» նոր ձեռքբերումները, որոնք զգալիորեն կուժեղացնեն մադրիդյան թիմին։

Հատկանշական է, որ «ատլետիները» որոշակի վրեժխնդրություն ունեն Մադրիդի «Ռեալի» հանդեպ, քանի որ 2013թ. սկսած «հարեւանները» կարողացել են երկու անգամ հաղթել «Ատլետիկոյին» ՈՒԵՖԱ-ի «Չեմպիոնների լիգայի» եզրափակիչում եւ ոչ մեկ անգամ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլից դուրս թողնել Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ վերջին 8 մրցաշրջաններում փայլուն արդյունքների հասած թիմին։

Ի դեպ, սա առաջին դեպք է, երբ մեկ քաղաքի ներկայացուցիչներ են խաղում ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ ստանալու համար։ Մինչեւ այս պահը «Ռեալին» հաջողվել է երեք անգամ հաղթել մրցաշարում, եթե այս անգամ էլ բախտը ժպտա «Արքայական թիմին», ապա «սերուցքայինները» կլինեն պատմության մեջ առաջինը, որին հաջողվում է երեք անընդմեջ մրցաշրջան տիրել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթին։ «Ատլետիկոն» եւս լավագույն արդյունքներից մեկն ունի. երկու անգամ թիմը խաղացել է մրցանակի համար եւ երկու դեպքում էլ հաղթել է։ Սա «ատլետիների» համար երրորդ փորձն է։