Նյութը՝ ՀՀ դեղագործության զարգացման ասոցիացիայից
Լուսանկարները՝ ՀՀ դեղագործության զարգացման ասոցիացիայից
Տեղադրվել է 30-08-2018
Ինչպես զարգացնեմ դեղագործական կարիերաս
Սույն թվ. օգոստոսի 24-ից 26-ը ՀՀ դեղագործության զարգացման ասոցիացիան Լոռու մարզում կազմակերպեց դեղագործական ճամբար՝ «Ինչպես զարգացնեմ դեղագործական կարիերաս» խորագրով:

Ծրագրի նպատակն է՝ նպաստել դեղագործական կարիերայի զարգացմանը: Ծրագրի շրջանակներում մասնակիցներն իրազեկվեցին դեղագործական կարիերայի զարգացման ուղղությունների, յուրաքանչյուր ուղղության զարգացման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների եւ վարքային առանձնահատկությունների վերաբերյալ:

Ծրագրի պատվավոր հյուրն էր «Տակեդա Ավստրիա ԳմբՀ» ընկերության ներկայացուցչության տարածաշրջանային ղեկավար Արմեն Հակոբյանը:

Իր գերհագեցած խոսքում նա ներկայացրեց իր ուղին, հաջողության հասնելու, կարիերայի զարգացման իր բանաձեւերն ու խորհուրդները:

«Մի կանգնեցրեք Ձեզ: Միայն մենք ենք մեզ կանգնեցնում մեր զարգացման մեջ: Պարզապես հարցրեք ինքներդ Ձեզ՝ «Ինչ եմ ես ուզում». այս հարցը կտա Ձեզ բոլոր պատասխանները: Հնարավորինս շատ հագեցրեք Ձեր կյանքը եւ դուք կհասնեք ցանկացած նպատակի»,-ասաց Արմեն Հակոբյանը:

ՀՀ դեղագործության զարգացման ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Գոռ Սարգսյանը ներկայացրեց «Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում» հիվանդանոցային դեղորայքային ապահովման իր փորձը ՀՀ-ում առաջին ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի շրջանակներում:

«Աննկարագրելի հաճելի է նպաստել պացիենտի առողջության բարելավմանը՝ բժիշկերի հետ մեկ թիմում աշխատանքի, դեղերի , դեղաչափի, դեղաձեւի ընտրության հարցում համագործակցության, իսկ հետո այդ դեղերով հիվանդանոցին ապահովման միջոցով»,- ասաց Գ. Սարգսյանը:  

«Աստելլաս ֆարմա Յուրոփ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության բժշկական ներկայացուցիչ Մարիա Սարգսյանը ներկայացրեց իր ուղին, բժշկական ներկայացուցչի առաքելությունն ու տեսլականը: 

«Հիվանդի առողջությունը, կենսախնդությունը, բժշկին օգնելու միտումը, բժշկի ու դեղագետի մշտական կապը ու երկկողմանի խորհրդատվությունն են տվյալ կազմակերպության ու բժշկական ներկայացուցչի հաջողակ աշխատանքի գրավականը»,- ասաց Մարիա Սարգսյանը:

ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, Կլինիկական դեղագիտության հայկական միության նախագահ Վահե Մելիքսեթյանը ներկայացրեց իր անցած ուղին, կլինիկական ֆարմակոլոգիա մասնագիտության առանձնահատկությունները, կարեւորությունն ու կայացման հնարավորությունները մեր երկրում։ Քննարկվեց կլինիկական դեղագետի, կլինիկական դեղաբանի եւ հիվանդանոցային դեղագետի աշխատանքի առանձնահատկությունները եւ յուրաքանչյուրի գործառույթները կլինիկայի ներսում։ Ներկայացվեցին նաեւ Կլինիկական դեղագիտության հայկական միության նպատակներն ու խնդիրները, գործունեության մոտակա եւ հեռակա պլանները: