Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-09-2018
Նոր մարզահագուստով կսկսվի հավաքականի նոր շրջափուլը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մեկնարկից առաջ նոր մարզահագուստն է ցուցադրել։
Համաշխարհային «Adidas» ընկերությունն այլեւս չի զբաղվելու ֆուտբոլի Հայաստանի հավաքական թիմերի մարզահագուստների արտադրությամբ։ Պատճառի մասին առայժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պաշտոնական մեկնաբանում չկա։ Ավելի վաղ հայտարարություն է արվել, որ 2018 թ.-ի ապրիլից իտալական «Macron» ընկերությունը` ՈՒԵՖԱ-ի պաշտոնական գործընկերը, ֆինանսական խնդիրներ ունեցող հավաքականներին խաղաշապիկներ կտրամադրի: Այսպիսով՝ մեկնարկելիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում մեր ազգային հավաքականը հանդես կգա «Macron» ընկերության արտադրության մարզահագուստով, որը զգալի տարբերվում է նախորդից։
 
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մրցափուլից առաջ թե՛ ֆուտբոլային ակումբները, թե՛ ազգային հավաքականները նոր մարզահագուստներ են պատվիրում՝ փորձելով դրա օգնությամբ նոր, առավել հաջող խաղեր անցկացնել։ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ձախողված ընտրական փուլից հետո Հայաստանի ազգային հավաքականը նոր հույսեր է կապում «ԵՎՐՈ 2020»-ի հետ, որի մասնակիցները կորոշվեն Ազգերի լիգայի մրցաշարի օգնությամբ։ Այժմ շատ ավելի իրատեսական շանսեր կան, քանի որ Ազգերի լիգան լավ հնարավորություն է տալիս Լիխտենշտեյնի, Ջիբրալթարի եւ Մակեդոնիայի պես հավաքականների հետ պայքարում նվաճել Եվրոպայի առաջնության մասնակցության ուղեգիր։


 
Ինչեւէ, Ազգերի լիգայի մասին դեռ շատ կխոսվի սեպտեմբերի 6-ին Երեւանում՝ «Հանրապետական» ստադիոնում սպասվող Հայաստան-Լիխտենշտեյն խաղից առաջ։ Այդ խաղում տեղի կունենա մեր ազգային հավաքականի մեկնարկը նոր մարզահագուստով, որի շնորհանդեսին մասնակցել են ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կարլեն Մկրտչյանը եւ Հրայր Մկոյանը։
 
Ի դեպ, ազգային հավաքականի նոր մարզահագուստի՝ նախորդի նկատմամբ մեկ հստակ ու մեծ տարբերություն է առկա. խաղաշապիկի ներսում գրված է «Հավաքական, իմ պատի՛վ»։ Բացի այդ ազգային հավաքականի մարզահագուստի վրա առկա Հայաստանի զինանշանը ոչ միայն դաջված է կծքի հատվածում, այլեւ փորագրված է խաղաշապիկին։