Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-09-2018
Լեւոն Վահրադյանն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր նախարար Լեւոն Վահրադյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը:
Նա նշեց, որ նախարարության գործունեության 4՝ բարձրագույն նվաճումների սպորտի, մանկապատանեկան սպորտի, մասսայական սպորտի եւ երիտասարդական ոլորտներում ունեն բազմաթիվ ձեռքբերումներ, մեդալների թիվն ավելացել է. «Բարձրագույն նվաճումների սպորտում հաշվետու ժամանակաշրջանում ունենք լավ արդյունքներ թե՛ մեր հենակետային մարզաձեւերից, թե՛ վերջին տարիներին արդյունքներ չգրանցած մարզաձեւերից, օրինակ՝ ջրացատկից եւ հեծանվասպորտից։ Բացի դրանից՝ մեծ միջոցառումներ ենք կազմակերպելու Երեւանում սեպտեմբեր-հոկտեմբերին՝ ուշուի ասիական խաղերը եւ գեղասահքի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Դա բացառիկ է Հայաստանի համար»: 



Ինչ վերաբերում է մանկապատանեկան սպորտին, նախարարը նշեց, որ շարունակում են աշխատանքը մարզադպրոցների հետ։ 

«Մասսայական սպորտի գծով էլ ունենք 12 հանրապետական ծրագիր, որոնք նախատեսված են նախադպրոցայինից մինչեւ տարեցների խմբերի համար: Չկա այնպիսի տարիքային խումբ, որ ընդգրկված չլինի ծրագրում։ Անցած տարի ունեինք 3000 մասնակից, այս տարի մինչ օրս ունենք արդեն 150 հազար մասնակից»,- փաստեց Լեւոն Վահրադյանը:



Անդրադառնալով երիտասարդության ոլորտին՝ նախարարը նշեց, որ պատրաստվում են երիտասարդության մասին օրենք մշակել եւ ներկայացնել կառավարություն. «Երիտասարդության մասով ունենք մեր առջեւ դրված խնդիր, որ երիտասարդության մասին օրենք մշակենք եւ ներկայացնենք կառավարություն, քանի որ մինչ այժմ մեր երկրում երիտասարդության մասին օրենք չկա»:

Այն հարցին՝ գոհ է իր կատարած աշխատանքից, Լեւոն Վահրադյանը պատասխանեց. «Ես աշխատանքս կատարում եմ մեծ սիրով եւ նվիրվածությամբ։ Ես չպետք է գոհ լինեմ։ Պետք է գոհ լինեն հասարակությունը, մարզիկները եւ լրագրողները»: