Նյութը՝ Էմմա Մաթևոսյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 05-09-2018
Դաշտահանդես՝ նվիրված Գուսան Հավասուն
Ջավախքը հայտնի է իր մեծանուն աշուղներով: Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի առաջին կիրակին Ծալկայի շրջանի Այազմա գյուղում տեղի է ունենում աշուղական երգի տոն՝ նվիրված այդ գյուղի ծնունդ, աշուղական երգի անմահ վարպետ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը:

Հայաստանյան պատվիրակության մասնակցության կազմակերպիչը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ն էր՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 

Հայ մեծանուն աշուղ Հավասու մահից 40 տարի անց (2017 թվականին) իր հայրենի Այազմայում բացվեց փոքրիկ պուրակ, որտեղ իրեն հատուկ կերպարով, սազը ձեռքին վեր է խոյացած աշուղ Հավասու հուշարձանը: Հավասու համագյուղացիների համար այն դարձավ հուշատեղի:

Գուսան Հավասին  ծնվել է անցած դարի վերջերին: Սկսել է ստեղծագործել քսաներորդ դարի առաջին տասնամյակում եւ համընդհանուր ճանաչման է արժանացել երեսունական թվականներին։ Երեք տարեկան հասակում ծաղիկ հիվանդությունը Արմենակին զրկում է տեսողությունից։ Որդուն բուժելու ծնողների գործադրած ջանքերը ապարդյուն են անցնում: Երեխան ընդմիշտ մնում է տեսողությունից զրկված: Տասներկու տարեկանում ընկերակցելով տեղի աշուղների հետ՝ շրջագայում է գավառի գյուղերում` ձեռք բերելով ճանաչում եւ սեր: Նա մեր օրերի գուսանների ավագ սերնդի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է, որի երգերը աչքի են ընկնում թեմատիկայի բազմազանությամբ եւ գեղարվեստական բարձր արժանիքներով։

1914 թվականին ջավախքցի հայտնի գուսան Թիֆիլին՝ Եղո Մանուկյանը, Արմենակին տալիս է Հավասի մականունը, որ նշանակում է ցանկություն. դա էլ դառնում է նրա գուսանական անունը։ 

Գուսան Հավասուն նվիրված միջոցառումը հիմնադրվել է 1991 թ.-ին Ծալկայի շրջանի ղեկավարի տեղակալ Վարդո Եղոյանի նախաձեռնությամբ եւ Ծալկայի շրջանի ղեկավարության կողմից մշտապես կազմակերպվում է ամեն տարվա սեպտեմբեր ամսին: 

Այս տարի ՀՀ ժողովրդական արտիստ, գուսան Հավասու հիշատակին նվիրված ավանդական աշուղական տոնին ժամանել էին նահանգային եւ շրջանային բարձր պաշտոնյաներ, հյուրեր Վրաստանի եւ Հայաստանի տարբեր շրջաններից, Թբիլիսիից եւ Երեւանից, մշակույթի գործիչներ, անհատ երգիչներ, պարզապես գուսանական արվեստի երկրպագուներ եւ գնահատողներ: Տոնը վերածվել էր հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ բարեկամության իսկական տոնահանդեսի:

Պատկերասրահ՝ Գուսան Հավասուն նվիրված միջոցառում Այազմայում