Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-09-2018
Հայաստանի հավաքականը պատրաստ է առաջին փորձությանը
Հայաստանի հավաքականն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացնելու է Ազգերի լիգա մրցաշարում առաջին հանդիպումը:
Երեւանի «Հանրապետական» ստադիոնն այսօր սպասում է Հայաստանի հավաքականի մեկնարկին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա մրցաշարում: Մրցակիցը ֆուտբոլային համեստ երկիր Լիխտենշտեյնն է:
 
Չնայած մրցակիցը որոշակիորեն համեստ է, սակայն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մտահոգվելու հարցեր ունի. «Որոշ ֆուտբոլիստներ իրենց թիմերում քիչ խաղաժամանակ են ունեցել, բայց մարզումների ժամանակ նրանց աչքերում կրակ եմ տեսնել: Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են սեպտեմբերի 6-ի խաղին։ Հրայր Մկոյանն առաջիկա երկու հանդիպումներում չի լինի, քանի որ վնասվածք ունի: Մենք հոգեբանորեն պատրաստ ենք»:
 
Հայաստանի հավաքականի մարզիչը չի թաքցնում, որ բավականաչափ լավ ուսումնասիրել են մրցակցին՝ Լիխտենշտեյնի հավաքականին: Չնայած մրցակցի ոչ ամենեւին ուժեղ հավաքական լինելու վարկին, Վարդան Մինասյանը վստահ է, որ Ազգերի լիգայում ուժեղ ու թույլ թիմեր չկան. «Նույն կերպ նայում ենք բոլոր հակառակորդներին: Ամեն խաղ փոքր եզրափակիչ է։ Կարեւոր է բոլորում էլ հաղթելը»։
 
Հավաքական հրավիրվել են եւ կխաղան լավագույններն ու խաղային պրակտիկա ունեցողները։ Համենայն դեպս, դրանում որեւէ կասկած չի տեսնում ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
 
«Մեր մարզչական շտաբն օպտիմալ կազմ է ընտրել: Վնասվածքների պատճառով շատերը թիմին չմիացան, այս առումով ափսոսանք կա: Յուրա Մովսիսյանին նույնպես շատ էի ցանկանում տեսնել հավաքականում, բայց նա առայժմ ակումբ չունի: Հուսով եմ, որ այս ընթացքում նա էլ թիմ կգտնի ու հոկտեմբերին կլինի մեզ հետ»,- նախախաղային մամուլի ասուլիսին ասաց Վարդան Մինասյանը՝ հավատացնելով, որ հավաքականի ֆուտբոլիստները ճկուն միտք ունեն, պարզապես մնում է այն առաջ տանեն ու ինքնածաբեությամբ չզբաղվեն։
 
Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որը վերջերս վերադարձել է Հոլանդիա եւ կխաղա իրեն հարազատ միջավայրում, նախախաղային ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ ապագա մրցակիցը, ինչպես եւ շատ հավաքականներ, թույլ թիմ չէ. «Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք խաղին։ Ստանդարտ իրավիճակներին ուշադրություն պիտի դարձնենք ու մեր խաղը կառուցենք: Թիմում բարձր տրամադրություն է տիրում. մարզումները լավ են անցել, թիմով էլ պայքարելու ենք հաղթանակի համար: Մեր հավաքականի ուժը միասնականությունն է։ Պետք է իրար հետ մնանք ու հաղթենք»:
 
Երեւանում հաղթելու մասին չի մտածում Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչը։ Ռենե Պաուրիչը կարծում է, որ Հայաստանի դեմ կայանալիք խաղը հեշտ չի լինելու, հաղթանակ դաշտի տերերի հենց այնպես չի տրվելու. «Մրցակցի դաշտում է հանդիպումը, հետեւաբար կլինեն նաեւ դժվարություններ: Մենք վերլուծել ենք Հայաստանի հավաքականի խաղը, որը լավ ֆուտբոլիստներ ունի: Մրցակցի կազմում կառանձնացնեմ Հենրիխ Մխիթարյանին ու Յագանին»։
 
Ըստ Ռենե Պաուրիչի` Հայաստանի հավաքականի դեմ խաղում իրենք գիտեն, որ հիմնականում պաշտպանվելու են, սակայն հակահարձակումներ էլ կլինեն եւ կփորձեն օգտագործել պահերը:
Լիխտենշտեյնի հավաքականի դարպասապահ Բենժամին Բյուխելի համար Հայաստանում խաղ անցկացնելը նորություն չէ։ Վերջինս երկար տարիներ հանդես է եկել տարբեր տարիքային խմբի հավաքականներում։
 
«Մի քանի տարի առաջ երիտասարդական հավաքականի կազմում հանդես եմ եկել Երեւանում, ճանաչում եմ մի քանի ֆուտբոլիստների: Կարող եմ փաստել, որ Հայաստանն ուժեղ մրցակից է: Կփորձենք մեր լավագույն խաղը ցույց տալ, կձգտենք հասնել հաջողության»,- նշեց Բենժամին Բյուխելը՝ մտահոգություն հայտնելով, որ ամբողջ խաղի ընթացքում հնարավոր չի լինի միմիայն մտածել պաշտպանության մասին:
 
Ի վերջո, Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականին վերջապես բաժին է հասել մի ընտրանի, որը կարող է բավականաչափ փակ ֆուտբոլ խաղալ, սակայն եթե մրցակցին հաջողվում է քանդել Լիխտենշտեյնի հավաքականի պաշտպանությունը, ապա գոլային հրավառությունը մեծ հաշվով ապահովվում է։ Կկարողանա արդյո՞ք Վարդան Մինասյանի գլխավորությամբ եւ Հենրիխ Մխիթարյանի առաջնորդությամբ հանդես եկող Հայաստանի հավաքականը ուրախացնել հայ երկրպագուներին, թե՞ կոտրված տաշտակը կմնա այդպես էլ կոտրված.... Սա հարց է, որին խիստ մոտեցում է պետք լուծումներ գտնելու համար։
 
Երկրպագուներին մնում է եւ ոչ մի դեպքում չմոռանալ եւ սեպտեմբերի 6-ին այցելել մարզադաշտ։ Տրիբունաները լեփ-լեցուն լինելու դեպքում առավել պարտադրող կլինեն, իսկ հայ ֆուտբոլիստը գիտի, վստահաբար չի մոռացել, թե ինչ է պատիվն ու պարտադրանքը երկրպագուների կողմից։ Տարիներ առաջ այն թեւեր էր տալիս եւ օգնում պայքարելու անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։
 
Հ.Գ.։ Սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը սպասարկելու են ալբանացի մրցավարները: Հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու Էնեա Յորգին: Նրան օգնելու են Ռիդիգեր Չոկայն ու Էրմալ Բարուշին: Լրացուցիչ օգնականների պարտականությունները կատարելու են Յուջին Ջայան ու Կրիդենս Մետան: 4-րդ պաշտոնյան էլ Դենիս Ռեջան է:  Հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Մեկնարկ նախատեսված է Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին: