Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ armeniasputnik.am-ից
Տեղադրվել է 07-09-2018
Հայկական ֆուտբոլը՝ աստղաբաշխական փողերի եւ «ղումարբազության» հարթակ
Գրեթե կես տարի անցկացնելով բանտախցում՝ «Ուլիս» ակումբի նախկին գլխավոր մարզչի մոտ խափանված հեղինակությունը վերականգնելու ցանկություն է հայտնվել։
2016 թ.-ին հաղորդվել էր, որ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, թիմի պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս-2»-ի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը ձերբակալվել են: Հաղորդման մեջ ներկայացվել էր նաեւ ձերբակալության պատճառը. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել էր, որ 2015 թ.-ի նոյեմբերին հայաստանյան բուքմեյքերական գրասենյակներից մեկի աշխատակցի միջոցով, նրանք կատարել էին 1000-3000 դոլար խաղադրույքներ եւ, ապահովելով որոշ խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել էին ապօրինի շահույթ: Հաղորդման մեջ հստակեցված էր, որ գումարը բաշխվել է այդ անձանց եւ առաձին ֆուտբոլիստների միջեւ:
 
Գրեթե երկու տարի եւ ավելի գործով քննություն է իրականացվել։ Այժմ խնդիրը պետք է լուծում ստանա դատարանում, սակայն բանտախցում ավելի քան 6 ամիս անցկացրած «Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու մասնակցությունը պայմանավորված խաղերի կազմակերպմանը։ Ավելին՝ հարկ է համարում նորից սկսել գործի քննությունը, ինչի առթիվ պատրաստակամություն է հայտնում համագործակցելու Ազգային անվտանգության ծառայության մարմինների հետ։
 
«2015 թ.-ի դեկտեմբերի 10-ին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ էլ իմացել եմ մեղադրանքի մասին: Ինձ մեղադրել են խաղադրույքներ կատարելու ու խաղեր վաճառելու հարցում: Նշել էին նաեւ, որ եթե համագործակցեմ իրենց հետ, չեն ձերբակալի, սակայն ես նույնիսկ տեղյակ չեմ եղել այդ ամենի մասին, ինչպես կարող էի ինձ մասնակից համարել կամ համագործակցել ինչ-որ խնդրի հարցում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գագիկ Սիմոնյանը՝ խնդրելով նորից վերաբացել գործը եւ առավել մանրամասնորեն քննություն անցկացնել:
 
Ըստ լուծարված «Ուլիս» ակումբի նախկին գլխավոր մարզչի՝ այդ ժամանակ «Ուլիսի» 1-ին թիմն արդեն լուծարված է եղել ֆինանսական խնդիրների պատճառով. «Ինքս նույնիսկ 2 ամիս մարզումների չեմ գնացել: Առաջնությանը մասնակցում էր «Ուլիս-2»-ը, որի մարզիչը Արտյոմ Ադամյանն է եղել այդ ժամանակ»:
 
Գագիկ Սիմոնյանը պնդում է, որ ԱԱԾ-ում իրեն ասել են, թե թիմի ադմինիստրատոր Արա Ազարյանը խաղադրույքներ է կատարել Էդգար Պետրոսյանի մոտ ու իբր գումարը կիսել է իր ու եւս մի քանի հոգու հետ. «Գործում նշվում էր մի քանի հազար դոլար գումարի մասին: Սակայն ես կարծում եմ, անգամ վստահ եմ, որ գումարը շատ ավելի մեծ է եղել։ Այստեղ ես ուզում եմ հստակ բացահայտում արվի. նույնիսկ միլիոնների մասին կարող է խոսք լինել, քանի որ հակառակ դեպքում ՈՒԵՖԱ-ն հանդիպումը կասկածելի չէր համարի ու գրություն չէր ուղարկի: Միայն չափազանց խոշոր խաղադրույքների դեպքում է այդպիսի ընթացք տրվում։ Գործում ներկայացվել է միայն մի քանի հազար դոլարի հարց, սակայն այդպիսի հարցը ՈՒԵՖԱ-ին չէր անհանգստացնի։ Խոսքը մի քանի խաղերի մասին է, որոնց թվում են «Ուլիս-2»-«Արարատ», «Ուլիս-2»-«Բանանց» դիմակայությունները»:
 
Գագիկ Սիմոնյանը դժգոհություն հայտնեց նաեւ իր իրավաբանի ծառայություններից եւ նշեց, որ դիմել է հանրային իրավապաշտպանների օգնությանը։ Ֆուտբոլային գործիչն ընդգծում է, որ իր դեմ այդպես էլ չեղան ապացույցներ, հարցաքննվել են ակումբի 20-ից ավելի ֆուտբոլիստներ, ու ոչ մեկն իր անունը չի նշել, ձայնագրություններում էլ իր դեմ ոչինչ չկա. «Ըստ ԱԱԾ-ի՝ իմ մասնակցությունը հաստատել է Արա Ազարյանը, սակայն վերջինս եւս հերքում է այդ ամենը հետագայում»:
 
Լուծարված «Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչը նաեւ բարձրաձայնեց, որ անհրաժեշտ էր առաջնությունը պրոֆեսիոնալ կարգավիճակից չկորցնելու համար խաղալ խաղերի 51%-ի չափով, այլապես ՈՒԵՖԱ-ի կողմից մրցակիցների հետ հանդիպումներում գրանցված եւ ոչ մի արդյունք չէր կարող հաշվի առնվել. «Ակումբի ղեկավարությունը խոսել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչի հետ եւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել գոնե մինչեւ մրցաշրջանի ավարտը խաղալ, ապահովել այդ 51%, այլապես այլ խնդիրներ եւս ի հայտ կգային»։
 
Թե ՀՖՖ որ պաշտոնյայի հետ էր լուծարված «Ուլիսի» ղեկավարությունը բանավոր ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերել, Գագիկ Սիմոնյանը չգիտի. «Ինձ եւ թիմին տեղյակ էր պահվել, որ ՀՖՖ-ի հետ խոսակցություն է եղել։ Խնդրել էին թիմը միառժամանակ պահել, մասնակցել առաջնությանը եւ ապահովել այդ 51% մասնակցությունը»։
 
Գագիկ Սիմոնյանը շուրջ 6 ամիս բանտում է անցկացրել, ինչի համար պատասխանատու դեռեւս ի հայտ չի եկել։ Ավելին՝ գործի առնչությամբ առաջին դատական նիստը պետք է դեռ 2017 թ.-ի փետրվարին կայանար, սակայն այն անընդհատ հետաձգվել է: Մինչեւ այժմ մեկ նիստ է կայացել, մնացածը կիսատ են մնացել եւ հետաձգվել են զանազան պատճառներով։ Ֆուտբոլային գործչին անհանգստացնում է նաեւ դատավորի պահվածքը, որը, իր խոսքով, դուրս է էթիկական նորմերից. «Ինձ հետ շփվում է որպես ծանր հանցագործություն գործած մեղադրյալի պես։ Դա նորմալ չէ։ Ես ոչ մարդ եմ սպանել, ոչ էլ ինչ-որ թալան եմ արել։ Իմ մեղքը մինչեւ այժմ ապացուցված չէ, մինչդեռ դատավորի պահվածքը խնդիրներ է առաջ բերում։ Այդպես չպետք է լիներ»։ 
 
Գագիկ Սիմոնյանը վստահ է, որ իր մեղավորությունը ոչ մի կերպ չի կարող ապացուցվել, քանի որ ինքը անմեղ է, ոչ մի առնչություն չունի գործին. «Ես այդ ամենի հետ որեւէ կապ չունեմ: Գումարներն ուրիշները կերան, ՈՒԵՖԱ-ի բերանը փակելու համար էլ ինձ բանտ ուղարկեցին: Այդ 6 ամիսների ընթացքում ինձ ու ընտանիքիս համար շատ դժվար է եղել: Ես եմ եղել մեր ընտանիքի միակ աշխատողը։ Տղաս այդ ժամանակ 10 տարեկան էր,։ Նա փորձում էր ֆուտբոլիստ դառնալ, մարզվում էր ու պատկերացրեք, թե նա ինչերի միջով է անցել: Աղջիկս 6 ամսվա ընթացքում հետս չի խոսել: Ես մեր ընտանիքի միակ աշխատողն եմ ու հիմա էլ գործ չունեմ։ Շնորհակալ եմ գոնե ընկերներիս, որ օգնում են մեզ վերջին շրջանում»։
 
Այժմ Գագիկ Սիմոնյանի ցանկությունը մեկն է եւ հստակ. ցանկալի է, որ ԱԱԾ-ում նորից վերհանեն փակված գործը, սկսվի թարմ քննություն, բացահայտվի գումարների իրական չափերը, ապացուցվի իր անմեղությունը։ Խնդրի պատասխանատուների ի հայտ գալուց հետո արդեն ինքը կրկին կարողանա ֆուտբոլային գործունեություն ծավալել. «Ունեցածս արտոնագիրս կասեցված է։ ՀՖՖ-ում եմ եղել։ Խնդրել եմ, որ թույլ տան աշխատել, սակայն մերժել են: Թող արդար դատավարություն ընթանա, եթե մեղավորությունս ապացուցվի, համաձայն եմ եւ պատրաստ՝ 5 տարի բանտ կնստեմ»:
 
Գործի առնչությամբ նոր դատական նիստ նախատեսված է սեպտեմբերի վերջին։ Դեռեւս չկա վերջնական դատավճիռ ստանալու ակնկալիք. իրական մեղավորներին գտնելն այս պահին կարծես քչերին է հետաքրքիր կամ, ինչպես Գագիկ Սիմոնյանն է պնդում՝ «ձեռնտու չէ խոսել ոչ իրական թվերի, ոչ էլ իրական մեղավորների մասին»։