Նյութը՝ Պապին Մուրադյանի
Լուսանկարները՝ Գառնիկ Հարությունյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 07-09-2018
Գառնիկ Հարությունյան. «Հայ երիտասարդն առաջնահերթ պետք է մտածի, թե ինքն ի՞նչ է տալու ազգին, հայրենիքին, եկեղեցուն»
Երիտասարդ քրիստոնյա գիտնականների առաքելության եւ ընդհանրապես հայ երիտասարդներին վերաբերող հարցերի շուրջ www.eritasard.am-ը զրուցել է Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ աստվածաբանության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու, աստվածաբան Գառնիկ Հարությունյանի հետ:
- Ըստ Ձեզ՝ ո՞րն է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ երիտասարդի առաքելությունը:
 
- Կարծում եմ՝ յուրաքանչյուր երիտասարդի առաքելությունը, ով իրեն Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է համարում, մեծ հաշվով պետք է լինի ծառայությունն Աստծուն, եկեղեցուն եւ իր ազգին: Թե ինչպես՝ լավագույնս կարող են որոշել իրենք՝ երիտասարդները, քանի որ հենց երիտասարդությունն է մեր հասարակության ամենանախաձեռնող խավը: 
 
- Ո՞րն է երիտասարդ աստվածաբան գիտնականների դերն ու առաքելությունը Հայաստանում: Մասնավորապես խոսքս վերաբերում է այն գիտնականներին, ովքեր բացառապես իրականացնում են գիտակրթական գործունեություն, ներգրավված չեն կուսակցական ու քաղաքական կառույցներում: Այլ կերպ ասած, խոսքս հենց Ձեզ է վերաբերում:
 
- Երիտասարդ աստվածաբան գիտնականների առաքելությունը, իմ պատկերացմամբ, պետք է լինի նախ կայանալն իրենց ոլորտում, ապա ստացած գիտելիքներն ի բարօրություն Եկեղեցուն եւ առհասարակ հասարակությանն ի սպաս դնելը՝ լինի գիտության, թե կրթության միջոցով: Այսօր, ցավոք, դժվար է ասել, որ երիտասարդության մեծ մասը ներգրավված է ներեկեղեցական կյանքում, եւ Հայ եկեղեցին դեռ ավելի պետք է «երիտասարդանա», ասել է թե՝ Եկեղեցում զգալի լինի երիտասարդների ներկայությունը (խոսքը միայն պատարագներին մասնակցության մասին չէ): Երիտասարդ գիտնականները, ըստ այդմ, իրենց ներգրավվածությամբ կարող են օրինակ ծառայել մյուս երիտասարդներին՝ ցույց տալով, որ Եկեղեցին ինչ-որ «արխայիկ» կամ «ոչ ինտելեկտուալ» կառույց չէ, այլ կենդանի օրգանիզմ, որտեղ ներկա են տարբեր մարդիկ, այդ թվում՝ մտավոր գործունեությամբ զբաղվողներ:
 
- Ըստ Ձեզ՝ հայ երիտասարդին եկեղեցական ավանդույթներին ծանոթացնելու ի՞նչ ճանապարհներ կան. գո՞ւցե կիսվեք անձնական փորձով:
 
- Այսօր գոնե Երեւանում եկեղեցիներին կից գործում են տարբեր երիտասարդաց միություններ, որոնք հանդիպումներ են կազմակերպում նաեւ երիտասարդ գիտաշխատողների հետ: Ինքս էլ մի քանի անգամ այդպիսի հրավերներ ստանալու առիթ եմ ունեցել, սակայն այստեղ, ըստ իս, ծավալվելու մեծ տեղ կա: Համագործակցում եմ նաեւ մի քանի հասարակական կազմակերպությունների հետ, որոնք եւս իրենց նպատակներում շեշտում են երիտասարդներին Հայ եկեղեցու պատմությանը, ավանդությանը, ծեսին հաղորդ դարձնելը: Սրան պետք է ավելացնել նաեւ բուհերում ուսանողների նախաձեռնությամբ երբեմն կազմակերպվող հանդիպումները նշված թեմաներով, հիմնականում՝ հոգեւորականների հետ: Ես կարեւորում եմ հատկապես ոչ ֆորմալ կրթության դերը՝ որպես ճանապարհներից մեկը: 
 
- Հայաստանում իրողություն է փոխվել: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ առաջնահերթություններ կան համազգային մակարդակով. օրինակ՝ ի՞նչ պետք է անել, որ սփյուռքահայ երիտասարդների կապը հայրենիքի հետ առավել ամրապնդվի կամ գոնե հայաստանցի երիտասարդներն արտասահմանում կրթություն ստանալուց հետո վերադառնան ու իրենց գիտելիքները ծառայեցնեն հայրենիքին, նպաստավոր դարձնեն հայրենիքի համար, արտագաղթը կանխվի:
 
- Ձեր նշած խնդիրներն այնքան գլոբալ են, որ մեկ սպառիչ պատասխան, ըստ իս, չունեն թերեւս: Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ պետք է իրողության փոփոխության բանավոր արձանագրումից մեկ քայլ առաջ գնալ ու սկսել փոխել մեր իսկ մտածելակերպը: Յուրաքանչյուրը պետք է իրեն տա հետեւյալ հարցը՝ ի՞նչ է ինքը պատրաստ տալ ազգին, հայրենիքին: Ու սա վերացական հարց չպիտի լինի, այլ շատ գործնական: Մտածողության փոփոխություն պիտի լինի նաեւ թերեւս խորհրդային կարգերից ժառանգված ձեւական մոտեցումների իմաստով. արվող քայլերը պետք է լինեն ոչ թե գովազդի կամ ինքնագովազդի, այլ իրական գործ անելուն միտված: Այլ կերպ ասած, յուրաքանչյուր անհատ՝ Սփյուռքում, թե Հայաստանում ապրող, պետք է գիտակցի այդ համազգային հարցերում իր անձի ու կատարած գործի կարեւորությունն ու արժեքը: 
 
- Այսօրվա կառավարության եւ այլ գերատեսչությունների պաշտոնատար անձանցից հիմնական մասը երիտասարդներ են. ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այդ հարցին:
 
- Ես կարծում եմ, որ կառավարման ոլորտում երիտասարդների ներգրավվածության մեծացումն ամեն դեպքում ավելի շատ դրական արդյունք կարող է տալ: Իհարկե, նշվում է երիտասարդների փորձի պակասի խնդիրը (ու սա շատ կարեւոր է), սակայն եթե որոշակի ժամանակ անց, ըստ դրսեւորած արդյունքների, արվեն անաչառ հետեւություններ, այն է՝ խրախուսվեն իրենց գործն իրականում բարեխղճորեն կատարած երիտասարդները, եւ՝ հակառակը, կարծում եմ, որ ի թիվս մյուս հարցերի, կլուծվի եւս մեկ հարց՝ սերունդների միջեւ փորձի փոխանակման ու սերնդափոխության խնդիրը: Ամեն դեպքում դեռ պետք է մի փոքր էլ սպասել՝ արդյունքներ արձանագրելու համար:
 
- 2018 թ.-ը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես Երիտասարդության տարի: Ձեր կարծիքով՝ այդպիսի նախաձեռնություններն ի՞նչ են տալիս Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդներին: Եվ ի՞նչ առաջարկներ ունեք մինչեւ տարեվերջ «Երիտասարդության տարին» առավել արդյունավետ կազմակերպելու առումով:
 
- Իհարկե, նմանաբնույթ նախաձեռնությունները ողջունելի են, քանի որ պետք է նպաստեն տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների, միմյանց խնդիրների ծանոթացմանը, գուցե նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը... Դրանք նախ պետք է հնարավորինս հանրահռչակվեն ու լայն արձագանք գտնեն մեծ թվով երիտասարդների շրջանում, ապա, ինչպես արդեն նշեցի, չմնան ձեւական մակարդակում, այլ կատարվեն թեկուզ քիչ, բայց հստակ եւ արդյունավետ քայլեր: Ես կառաջարկեի, օրինակ, կազմակերպել նաեւ աշխատաժողով հիմնականում հենց երիտասարդների, հատկապես ուսանողների, ինչպես նաեւ եկեղեցու՝ երիտասարդության հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն երիտասարդությանը հուզող հարցերը, ինչո՞ւ ոչ՝ նաեւ դրանց լուծման երիտասարդների տեսլականը: Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ երիտասարդները մեծ ներուժ ունեն, որը մինչեւ այժմ բավարար չափով չի օգտագործվել Եկեղեցում: