Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-09-2018
Երիտասարդ նկարիչ ՀովՀարը հանրությանը ներկայացրեց իր անդրանիկ անհատական ցուցահանդեսը
«Նոր արվեստանոցում» սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ երիտասարդ նկարիչ ՀովՀարի «ԴՈՒ...» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը։
Ցուցասրահների կտավներն ունեն հաջորդական շարունակություն, յուրահատուկ անցումային մոտեցումներ՝ տեսակների ու տարիների համատեքստում։ 
 
«Ցուցահանդեսի հիմնական գաղափարն այն է, որ մենք՝ յուրաքանչյուրս, կյանքում եղել ենք հենց աշխարհի սկզբից: Եվ ամեն մեկս վերցրել ենք մեր բաժին պատասխանատվությունը: Մենք հորինել ենք մեր աշխարհն ու ապրում ենք այդ աշխարհում: Ես սիրահարված եմ նկարչությանը եւ ուզում եմ, որ թեկուզ եւ իմ մտերիմներն ինձ ընդունեն որպես նկարիչ, այլ ոչ թե ընկեր, որդի կամ սիրած էակ»,- ասաց երիտասարդ գեղանկարիչը: 

Ցուցահանդեսում ներկայացված նկարների գաղափարախոսության վերջնակետը, ինչպես ասում է հեղինակը, սրահի վերջում տեղ գտած առեղծվածային երրորդ սրահն է, որտեղ այցելուներից յուրաքանչյուրը կարող է «մեկ րոպեում՝ մեկ կտավ» բանաձեւի սկզբունքով ներս մտնել միայնակ, սրահում մնալ մեկ րոպե եւ դիտել կտավը: Հեղինակի խոսքով՝ այդ սենյակում ցուցադրված կտավում է ամփոփվում իր եւ իր աշխատանքների փիլիսոփայությունը: 

Նկարիչ ՀովՀարը՝ Հարություն Հովսեփյանը, ծնվել է 1991 թվականին Աբովյան քաղաքում: 2003 թ.-ից մինչեւ 2008 թ.-ը սովորել է Աբովյան քաղաքի Գեղարվեստի դպրոցում: 2008 թ.-ից մինչեւ 2015 թ.-ը սովորել եւ ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի գեղանկարի բաժինը: 2015 թ.-ին ընդունվել է Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժին, որտեղ սովորում է մինչ օրս: 

Eritasard.am-ի հետ զրույցում նկարիչը նշեց, որ նախկինում մասնակցել է նաեւ այլ ցուցահանդեսների, սակայն սա հեղինակի առաջին անհատական ցուցահանդեսն է: 

2016 թվականին նա ընկերների հետ հիմնադրել է «Նոր արվեստանոցը», որը փոքր մշակութային տուն է՝ ստեղծված երիտասարդ արվեստագետներին օգնելու համար: Այդտեղ կյանքի են կոչվում բոլոր այն նախագծերն ու գաղափարները, որոնք սկսնակների համար անհնար են թվում եւ դժվար: «Նոր արվեստանոցում» կազմակերպվում են մշակութային երեկոներ, քննարկումներ, ստեղծագործելու օրեր, կինոդիտումներ, ցուցահանդեսներ: 

Ցուցադրությունը շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 11-ը: «Նոր արվեստանոց»-ում արվեստասերները կարող են հանդիպել նաեւ նկարների հեղինակին՝ ՀովՀարին: 

Պատկերասրահ՝ ՀովՀարի «ԴՈՒ...» խորագրով ցուցահանդեսի բացումը