Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 08-09-2018
Ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի թատրոնը կայցելի Հայաստան
Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթղը» թատերական միությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանում կներկայացնի Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք:
«Սաթէ-Աթղը» թատերական միությունը նպատակ ունի հայ ընթերցողին եւ հանդիսատեսին ճանաչելի դարձնել ֆրանսիացի ժամանակակից նշանավոր դրամատուրգ Յասմինա Ռեզայի թատրոնն ու ստեղծագործությունները: Ռեզան աշխարհում ամենաշատը թարգմանված եւ բեմադրված ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգներից է, ով գրեթե հայտնի չէ ո՛չ հայ ընթերցողին եւ ո՛չ էլ հայ հանդիսատեսին: 

Նախագիծը ներառում է հետեւյալ միջոցառումների շարքը. 

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կբեմադրվի «Սպանդի Աստվածը» պիեսը: Ներկայացման մեջ ներգրավված են Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Տաթեւ Հովակիմյանը եւ Արթուր Մանուկյանը: Բեմադրիչ՝ Սաթէ Խաչատրյան: 

Նույն պիեսը կբեմադրվի նաեւ ֆրանսերեն եւ կցուցադրվի երկու անգամ բացառապես ֆրանկոֆոն հանդիսատեսի համար: Հրավիրյալ արտիստները նաեւ վարպետության դասընթացներ կանցկացնեն Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսանողների համար, իսկ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ պրոֆեսիոնալ դերասանների համար: Վարպետության դասընթացներ կլինեն նաեւ ֆրանսերեն ուսումնասիրողների համար՝ «Սովորել ֆրանսերեն թատրոնի միջոցով» խորագրով: 

Կթարգմանվի եւ «Զանգակ» հրատարակչատան կողմից կհրատարակվի Յասմինա Ռեզայի վեց պիես: Գրքի շնորհանդեսը կկայանա «Զանգակ» գրատանը եւ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: 
«LOFT»-ում կցուցադրվի Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսը:

«Սաթէ-Աթղը» թատերական միությունը կմեկնի նաեւ Գորիս՝ «Սպանդի Աստվածը» բեմադրությունը Գորիսի հանդիսատեսի դատին ներկայացնելու: Ներկայացումից բացի՝ կլինեն նաեւ վարպետության դասընթացներ: Միությունը վարպետության դասընթացներով հանդես կգա նաեւ Սեւանում: