Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-09-2018
Ժամանակակից երաժշտությունը՝ նորովի մատուցմամբ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մենանվագ դաշնամուրային ոճով հնչում էին ժամանակակից հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններից:


Կատարողական ոճը հին է, նախագիծը՝ նոր, եւ երաժշտության նորովի մատուցմամբ։ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան նախագիծ է հիմնել՝ «PIANO RECITAL» խորագրով համերգային շարք։ Առաջին միջոցառումն էլ սեպտեմբերի 8-ին բացվեց դաշնակահարուհի Լիանա Մկրտչյանի մենահամերգով։



Հնչեցին ժամանակակից կոմպոզիտորներ Ֆելիքս Բյոնիգկի, Մորիթց Էգգերթի, Վահրամ Սարգսյանի, Արթուր Ավանեսովի, Արսեն Բաբաջանյանի ստեղծագործություններից։ Եղան նաեւ հայաստանյան պրեմիերաներ։


 
«Մեր նպատակն է հին ժանրերից մեկի՝ մենանվագ դաշնամուրի ժանրը նորովի մատուցել, ավելի թարմացված ծրագրով եւ կատարողական արվեստով եւ անծանոթ ստեղծագործությունները հանրությանը հայտնի դարձնել. Հայաստանում՝ Գերմանիայի հեղինակներին, Գերմանիայում՝ Հայաստանի, նաեւ Հայաստանում՝ Հայաստանի, քանի որ մեր ժամանակակից հեղինակներից շատերը ծանոթ չեն լայն զանգվածներին»,- ասաց կոմպոզիտոր, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի գեղարվեստական տնօրեն Արսեն Բաբաջանյանը։



Ժամանակակից երաժշտություն կատարելը դաշնակահարուհի Լիանա Մկրտչյանի համար նոր չէ: «Ինձ շատ մոտ է ժամանակակից երաժշտության հնչողությունը, ժամանակակից մարդու ապրումները, որոնք արտացոլում է երաժշտությունը։ Միշտ հաճույքով եմ կատարում»,- Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիաննա Մկրտչյանը։



Նշենք, որ համերգների շարքը կլինի պարբերական՝ տարին մի քանի անգամ Հայաստանում եւ արտերկրում։