Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 11-09-2018
Հանդիպում Հայկ Պետրոսյանի հետ
Սիրված դերասան, երաժիշտ Հայկ Պետրոսյանը շուտով հանդիսատեսին կներկայանա իր նոր ներկայացմամբ՝ «Ամեն ինչ լայվ է լինելու», իսկ մինչ այդ Հայկը առիթը բաց չի թողնում եւ հանդիպում է իր արվեստը գնահատողների հետ։

Օրեր առաջ անչափ մտերմիկ հանդիպում կայացավ Գրականության արվեստի թանգարանում։

Մասնագիտական շատ մեծ ընտրության ցանկ

Երաժշտական տաղանդը ժառանգել եմ հայրիկից, թատերականը՝ նույնպես։ Հայրս նկարիչ է, բայց՝ նորից բեմում,  երկու հորեղբայրներս գիտնականներ են՝ ֆիզիկոս, հայագետ, մասնագիտության ընտրության շատ մեծ ցանկ եմ ունեցել։ Հա՜, փոքր հասակում ցանկանում էի նմանվել Ժան-Կլոդ վան Դամին, հետո՝ Բրյուսլիին, իսկ հետո զգացի՝ ճիշտը հայրիկին նմանվելն է: Հետո ուզում էի դառնալ ատամնաբույժ, անգամ գինեկոլոգիական ազատ ունկնդրման դասերի եմ գնացել․․․

Թատերական կրթություն, որն այդպես էլ մնաց կիսատ

Փարիզում կար մի հայտնի արգենտինացի ռեժիսոր՝ արմատներով հրեա, անունը Օսկար Սիստո էր, շատ ավանգարդիստ ռեժիսոր էր: Ինքը բացել էր իր անձնական  մասնավոր դպրոցը: Օնլայն ընդունելության թերթիկը լրացնելուց հետո ես հրավիրվեցի դպրոց՝ մտածելով, որ ավելի մանրամասն են ներկայացնելու՝ ինչ է լինելու քննությանը։ Շատ ուրախ գնացի, պարզվեց, որ ես միանգամից քննության եմ  գնացել։ Ռեժիսորն ինձ հարցրեց՝ արդյո՞ք պատրաստվել եմ: Ես ասացի, որ այն էլ՝ ինչպես, օր ու գիշեր պատրաստվել եմ։ Մի խոսքով, քննության ժամանակ պատմեցի անեկդոտ, հետո մի հատ ասմունքեցի, մի հատ էլ նվագեցի ու ընդունվեցի…



«1 ամիս անց դուրս եկա այդ թատերական կուրսից»

Առաջին մարդը, ում Օսկար Սիստոն բեմ հրավիրեց, ես էի: Սակայն այդ հրավիրելն էր, որ դարձավ ճակատագրական: Կանչեց բեմ եւ ասաց, որ թիթեռ ցույց տամ: Ես այնքան էի զարմացել, գիտեք, այնպիսի տպավորություն էր, որ գնաս հարսանիք, ու պարզվի՝ հարսը տղա է… Ես  էլ արդեն  հավանած աղջիկ ունեի կուրսում, Կոմիտասում մեծացած տղա էի. ի՞նչ  թիթեռ… Մի խոսքով, բանավեճ եղավ, եւ ես դուրս եկա թատերական կուրսից։

«Աշխատել եմ նաեւ իմ իրական մասնագիտությամբ»

Ավարտել եմ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ Փարիզում աշխատել եմ Արցախի ներկայացուցչությունում՝ որպես ներկայացուցչի օգնական։ Կարճ ժամանակում հասկացա՝ ժամը 9-ից 6-ն աշխատանքի գնալը եւ զանգերին պատասխանելը իմը չեն։



«Ստացա իմ բեմական մկրտությունը»

2010 թվականին մասնակցում էի «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծին, տարբեր երգեր երգեցի եւ հենց այդտեղ էր, որ կատարեցի «Տալվորիկի քաջ զինվոր» երգը: Երբ երգեցի, սկսեցի դողալ: Գնացի տուն եւ հորս պատմեցի, թե ինչ է կատարվել ինձ հետ: Հայրս էլ պատմեց, թե իր հետ երբ է նման բան եղել, եւ հենց այդ ժամանակ էր, որ հասկացա՝ ստացել եմ բեմական մկրտությունը։

«Պոմիդորով ձվածեղ» երգը շատ մեծ հաջողություն ունեցավ փոքրիկների շրջանում

Այս ընթացքում շատ ծնողներ էին մոտենում եւ ասում, որ մինչեւ երեխաները չեն լսում այս երգը, չեն ուտում պոմիդորով ձվածեղը։ Ես էլ ծնողներին ասում եմ՝ հավաքվե՛ք, ասե՛ք՝ երեխաներն ինչ չեն ուտում, այդ մասին երգ գրեմ եւ երգեմ...