Նյութը՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից
Լուսանկարները՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից
Տեղադրվել է 12-09-2018
Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնը Դուբայում ներկայացրեց «Կարմենը»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 6-15-ը հյուրախաղերով ներկայանում է Դուբայի օպերային թատրոնում, որտեղ ընթանում են Բիզեի «Կարմեն» եւ Մոցարտի «Կախարդական սրինգ» հանրահայտ օպերաների պրեմիերաները:

Բիզեի «Կարմեն» օպերայի երեք ներկայացումներն էլ արդեն տեղի ունեցան Դուբայի օպերային թատրոնում՝ արժանանալով հանդիսականների բարձր գնահատականին։ Ժամանակակից  շնչով ներկայացվող «Կարմենի» ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է։ 

Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի մեներգիչների հետ միասին Դուբայում ներկայանում են նաեւ օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի սաները։ 

Դուբայի հանդիսատեսին ներկայացվեց տպավորիչ բեմական հագուստ՝ դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձեւավորմամբ եւ չափազանց ինքնատիպ լուծումներով բեմի ձեւավորում, որն իրականացվել է Հայաստանի օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի կողմից։ Ներկայացման դիրիժորն էր Քրիստոֆեր Օկասեքը (ԱՄՆ)։ Թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան։ 

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան։

«Կարմենում» հանդես եկան հետեւյալ մենակատարները՝
Կարինե Բաբաջանյան
Գրետա Բագիյան
Հովհաննես Այվազյան
Սարգիս Աղամալյան
Գեւորգ Հակոբյան
Դավիթ Բաբայանց
Մերի Մովսիսյան
Ալինա Փահլեւանյան
Հայկ Տիգրանյան
Գրիգոր Աբրահամյան
Աշոտ ղանթարջյան
Հովհաննես Անդրեասյան
Թամարա Դադոյան
Արծվիկ Դեմուրչյան

Դուբայի օպերային թատրոնում սեպտեմբերի 13-ին, 14-ին եւ 15-ին կներկայացվի նաեւ Մոցարտի «Կախարդական սրինգը»։ Ներկայացման հագուստների ձեւավորումը կատարել է անվանի դիզայներ Ալբերտո Սպազին։  Ներկայացման բեմադրությունը իրականացրել  է իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչիկեն։

Ներկայացման բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը։

Դուբայի օպերան, որը գտնվում է քաղաքի սրտում, մի յուրօրինակ վայր է, բազմաֆունկցիոնալ ներկայացումների կենտրոն՝ հիասքանչ ձեւավորմամբ ու ժամանակակից լուծումներով, որը հնարավորություն է տալիս լավագույնս իրականացնելու ցանկացած ներկայացում ու միջոցառում։