Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի եւ Պավել Սարգսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 12-09-2018
Պավել Սարգսյան. ««Երեւանյան թմբուկներ»-ը բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում»
Eritasard.am-ի զրուցակիցը «Երեւանյան թմբուկներ» խմբի, ինչպես նաեւ «Մենք» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Պավել Սարգսյանն է:

Նրա գլխավորությամբ «Երեւանյան թմբուկներ» խումբը հաղթող է ճանաչվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ-2017» մրցանակաբաշխության «Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ» անվանակարգում: 

Հայաստանում իր տեսակով եզակի՝ թմբկահարուհիների խմբի ձեւավորման, պատմության, հաջողությունների, առաջիկա ծրագրերի եւ այլ թեմաների շուրջ է մեր զրույցը: 

- Շնորհավորում եմ Ձեզ եւ խմբի անդամներին հաղթանակի կապակցությամբ: «Երեւանյան թմբուկներ»-ը, փաստորեն, Հայաստանում բացառիկ է որպես թմբկահարուհիների խումբ: Խնդրում եմ՝ ներկայացրե՛ք խմբի ստեղծման պատմությունը: 

- Շնորհակալություն: Խումբն իսկապես բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Տարբեր երկրներում միջազգային մի շարք փառատոների մասնակցելով՝ մինչ օրս միայն ՌԴ-ում (Մոսկվա) ենք հանդիպել մեկ խմբի, որի կազմում բացառապես թմբկահարուհիներ են, սակայն առանց ավելորդ համեստության պետք է նշեմ, որ նրանք որակական առումով զիջում են մեզ: 

«Երեւանյան թմբուկներ» խումբը ստեղծվել է 2009 թ.-ին՝ Էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակում: Մտահղացման հեղինակները Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ «Շարմ Հոլդինգ» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանն էին: Գաղափարի իրականացումն ինձ վստահվեց տոնակատարությունից ընդամենը 15 օր առաջ. չափազանց կարճ ժամանակահատված, որի ընթացքում պիտի կարողանայինք թմբկահարուհիների խումբ ստեղծել եւ ելույթ պատրաստել: Ուկրաինայից մասնագետներ հրավիրվեցին, ապա քասթինգ իրականացվեց Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող երաժշտական դպրոցների աշակերտուհիների համար, ինչից հետո ընտրվեց խմբի հիմնական կազմը (24 հոգի), այնուհետեւ հանդերձանք պատվիրեցինք, թմբուկներ ձեռք բերեցինք եւ սկսեցինք պատրաստվել ելույթին: 2009 թ.-ի հոկտեմբերի 11-ին աղջիկներն առաջին ելույթով ներկայացան հանրությանը: 

Մեկ տարի անց՝ 2010 թ.-ին, խումբը առանձնացավ Երեւանի քաղաքապետարանից եւ մինչ օրս  գործում է որպես առանձին կառույց՝ իմ տնօրինությամբ: Նույն թվականի հունիսի 15-ին՝ Պետական խորհրդանշանների օրը, աղջիկները, ինչպես իրենք ենք բնութագրում, «ֆուռորային» ելույթ ունեցան՝ հանդիսատեսի կողմից չափազանց ջերմ ընդունելության արժանանալով: 



- Ինչպիսի՞ ճանապարհ է անցել «Երեւանյան թմբուկներ»-ը:  Հետաքրքիր է հատկապես արտասահմանյան ելույթների տարեգրությունը: 

- Խմբի անցած ճանապարհը կցանկանայի ներկայացնել մի փոքր նախապատմությունից հետո: Ինչպես հայտնի է, թմբուկը շվեյցարական ծագում ունի եւ դեռ միջնադարից կիրառվել է մարտերի, զինվորական շքերթների ժամանակ՝ զորքին ազդանշաններ հաղորդելու նպատակով: Լինելով երաժշտական այդ գործիքի հիմնադիրը՝ շվեյցարացիներն այսօր էլ թմբուկի ամենաավանդական դպրոցն ունեն: Թմբկահարների՝ շվեյցարական «Top secret» խումբը, առանց չափազանցության, աշխարհում լավագույններից է, եւ պատահական չէ, որ խմբի կատարումներով մշտապես հիանալով՝ մեր աղջիկները երազում էին մի օր նրանց հետ ելույթ ունենալու մասին: Դա իսկապես երազանք էր, որը տարիներ առաջ անիրականանալի էր թվում: Աղջիկները երկար ճանապարհ անցան՝ անընդհատ աշխատելով եւ կատարելագործվելով: Եվ ահա 2017 թ.-ին Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում, «Cпасская башня» միջազգային զինվորական-երաժշտական փառատոնի շրջանակում «Երեւանյան թմբուկներ»-ը հանդիպեց «Top secret»-ին: Գոյություն ունի չգրված օրենք. թմբկահարների խմբերը, միմյանց հանդիպելով, կանգնում են դեմ դիմաց, եւ յուրաքանչյուրը 2 րոպե տեւողությամբ մեկ կատարում է ներկայացնում, իսկ հանդիսատեսը գնահատում է: Դա կոչվում է  «Drum battle» (թմբուկների ճակատամարտ): Եվ ահա «ճակատամարտից» հետո, երբ քննարկում էինք ելույթները,  «Top secret» խմբի անդամներն ասացին. «Մեր փորձն այս պահին ավելի շատ է, բայց դուք մեզ հաստատ գերազանցել եք ձեր արտաքին տեսքով»: Այսօր ուրախությամբ եմ փաստում, որ խումբը որակական առումով բավականին մեծ առաջընթաց է գրանցել, կատարելագործվել, եւ, բնականաբար, փոխվել են նաեւ երազանքները: 

…Մեր առաջին արտասահմանյան ելույթը 2014 թ.-ին էր Մոսկվայում` «Cпасская башня» միջազգային զինվորական-երաժշտական փառատոնի շրջանակում: 2015 թ.-ին հյուրախաղերով մեկնեցինք Եգիպտոս, որտեղ մասնակցեցինք «Drums dialogue for peace» միջազգային փառատոնին: Այն մրցութային չէր, սակայն 19 երկրներից ժամանած բավականին լուրջ խմբեր էին մասնակցում, եւ հենց մենք արժանացանք «Հանդիսատեսի համակրանքին»: Քանի որ աղջիկների ելույթը ջերմ ընդունելության էր արժանացել, մասնակիցներից մենք միակն էինք, որ հրավիրվեցինք Եգիպտոսի հանրային հեռուստաընկերություն: Ի դեպ, փառատոնը ապրիլին էր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին: Այդ առիթով աղջիկները համազգեստի վրա անմոռուկ էին կրում, ինչը հետաքրքրեց հաղորդավարին, եւ մենք հնարավորություն ունեցանք խոսելու նաեւ Հայոց ցեղասպանության մասին: 2017 թ.-ին կրկին մեկնեցինք Մոսկվա եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի հետ մասնակցեցինք «Cпасская башня» միջազգային զինվորական-երաժշտական փառատոնի 10-ամյակի տոնակատարությանը: Ի դեպ, քանի որ փառատոնը հոբելյանական էր, մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած միայն լավագույն նվագախմբերը: Աղջիկները կրկին գեղեցիկ ելույթ ունեցան, պատվով ներկայացրին մեր երկիրը՝ ջերմ ընդունելության արժանանալով: 



- Տեղեկացա, որ վերջերս եք վերադարձել եվրոպական շրջագայությունից, եւ խումբը նույնքան ջերմ ընդունելության է արժանացել նաեւ եվրոպական քաղաքներում: 

- Դեռ 2017 թ.-ից ծրագրել էինք ելույթներով հանդես գալ եվրոպական մի շարք խոշոր քաղաքներում: Նպատակը Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա եւ Երեւանի 2800-ամյա հոբելյաններին նվիրված տոնակատարությունների մասին կրկին բարձրաձայնելն էր եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին ոգեւորելը: Մեր առաջին կանգառը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում էր, որտեղ մայիսի 18-19-ը խումբը մասնակցեց առաջին անգամ անցկացվող «Ամֆիոնիա» միջազգային զինվորական-երաժշտական փառատոնին: Աղջիկները ելույթ ունեցան նաեւ Աթենքի հայտնի Սինտագմա հրապարակում, որտեղ գտնվում է Հունաստանի խորհրդարանի շենքը: Այնուհետեւ ուղեւորվեցինք Իտալիա, եւ մայիսի 20-22-ը  «Երեւանյան թմբուկներ» խումբը ելույթ ունեցավ Միլան քաղաքի գլխավոր հրապարակում՝ Դուոմո տաճարի առջեւ։ Ապա մեկնեցինք Ֆրանսիա, առաջինը կանգ առանք հայաշատ Լիոն քաղաքում, եւ մեր թմբկահարուհիներն իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան քաղաքի կենտրոնում՝ Բելկուր հրապարակում եւ կից փողոցներում, իսկ մայիսի 26-ին՝ Վյեն քաղաքի կենտրոնում։ Մայիսի 27-29-ը «Երեւանյան թմբուկներ»-ի ելույթները շարունակվեցին Փարիզում, մայիսի 28-ին՝ Շանզելիզե փողոցում եւ Տրոկադերո հրապարակում։ Մեր վերջին՝ 5-րդ կանգառը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում էր, որտեղ 3 օր աղջիկները ելույթներով հանդես եկան տարբեր վայրերում՝ մասնավորապես կենտրոնական Գրան Պլաս եւ «Մոնե» թատրոնի հրապարակներում: 

Նշված քաղաքների հայկական համայնքները մեծ ոգեւորությամբ ընդունեցին մեզ: Հյուրախաղերի մեկնելու նախաձեռնությունը մերն էր, եւ քանի որ խումբը պետության կողմից որեւէ աջակցություն չի ստանում, ուղեւորությունը կազմակերպվել էր բացառապես մեր ուժերով: Սակայն Սփյուռքի մեր հայրենակիցները մեծ պատրաստակամությամբ աջակցեցին մեզ՝ հոգալով կեցության պայմանների մասին: Ես կցանկանայի կրկին երախտագիտությունս հայտնել բոլորին. Լիոնում մեզ աջակցեց Ալբերտ Դուդումյանը՝ իր ընտանիքի հետ, Փարիզում՝ Հովհաննես Սալշօղլուն, Բրյուսելում՝ Կարեն Թադեւոսյանը, Սամվել Սարգսյանը,  բժիշկ Հովհաննեսը, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները: Հյուրախաղերի ողջ ընթացքում մենք զգացել ենք մեր հայրենակիցների ջերմությունն ու հոգատարությունը: Մեզ սիրով ընդունեցին նաեւ վերը նշված քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինները, եւ հավանաբար հաջորդ տարի մենք նրանց կողմից տարբեր միջոցառումների մասնակցելու հրավերներ կունենանք: 

Աղջիկների ելույթներին առանձնահատուկ խանդավառությամբ էին հետեւում նաեւ տեղացիները: Նշեմ, որ խմբի կազմում մեզ հետ հյուրախաղերի էին մեկնել նաեւ 2 դրոշակակիր աղջիկներ,  որոնք բոլոր քաղաքներում պատվով կրեցին մեր եւ տվյալ երկրի պետական դրոշները, ինչը եւս մեծ ոգեւորություն էր առաջացնում: 



- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք: 

- Ներկա պահին կարեւոր ծրագրերից մեկը Գերմանիայում (Բեռլին) կայանալիք զինվորական փառատոնին մասնակցությունն է: Առհասարակ, տարբեր փառատոների մասնակցելու բազմաթիվ հրավերներ ունենք, սակայն նախընտրում ենք մասնակցել միայն մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող միջոցառումներին: Մեր խմբի ելույթների համար գրեթե միշտ նախատեսված են ամենակարեւոր ժամերը: Կարելի է ասել, որ խումբը երկրի սահմաններից դուրս բավականին ճանաչված է, աղջիկներն էլ արժանապատվորեն են ներկայացնում մեր պետությունը: 

Հայաստանում յուրաքանչյուր տարի մեր ավանդական քայլերթերով մասնակցում ենք պետական տոնակատարություններին: Երբեմն տարբեր նվագախմբեր են այցելում, որոնց հետ համատեղ ելույթներ ենք ունենում: Օրինակ՝ 2017 թ.-ին Հայաստան էր ժամանել Միացյալ Թագավորության ՊՆ հայտնի «Սալամանտա» ռազմական նվագախումբը: Նրանք ցանկություն էին հայտնել ելույթ ունենալ մեր խմբի եւ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի ընկերակցությամբ: Մեզ համար, իհարկե, պատիվ էր համաշխարհային ճանաչում ունեցող նման նվագախմբի հետ ելույթ ունենալը: 

- Քանի՞ թմբկահարուհիներ են ընդգրկված խմբում: Առաջիկայում համալրում սպասվո՞ւմ է: 

- Խմբի հիմնական կազմում ընդգրկված են 12 թմբկահարուհիներ եւ 2 դրոշակակիրներ, սակայն շուտով այն կհամալրվի եւս 5-6 թմբկահարուհիներով: Պարապմունքները բավականին ծանր են՝ շաբաթական 3 օր՝ 2 ժամ տեւողությամբ: Խմբի ավագը Մելինե Պետրոսյանն է, ով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ուսանողուհի է: Ես երաժշտական կրթություն չունեմ, մասնագիտությամբ հոգեբան, իրավաբան եւ հանրային կառավարիչ եմ, սակայն իմ համառության եւ, իհարկե, աղջիկների մասնագիտական գիտելիքների, պատրաստականության, նվիրման շնորհիվ միշտ ստանում ենք այն, ինչ ցանկանում ու պատկերացնում ենք: 

«Երեւանյան թմբուկներ»-ը մեծ ու համերաշխ ընտանիք է: Ես չափազանց ուրախ եմ, որ տարիների ընթացքում մասնագիտական աճին ու կատարելագործմանը զուգահեռ՝ կարողացել ենք նաեւ մարդկային ջերմ ու ընկերական հարաբերություններ կառուցել: Հաճախ աղջիկներին ներգրավելով տարբեր փառատոներում՝ ձգտում եմ վերաիմաստավորել մեր ընկերությունը, փոխադարձ հարգանքն ու ջերմությունը: Ի պատիվ նրանց՝ հպարտությամբ պիտի նշեմ, որ «Երեւանյան թմբուկներ»-ը մեր պետությունը ներկայացնելու դժվարին, բայց պատվաբեր առաքելությունը կատարում է բարձր մակարդակով: