Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 14-09-2018
Նանա Terracotta. «Զգացածդ եւ տրամադրությունդ կավից թաքցնել չես կարող»
Նանան հանրության շրջանում հայտնի է որպես Նանա Terracotta։ Նա կավագործ է, հետաքրքիր, ուրախ եւ «թափանցիկ»:

- Սկսենք նրանից՝ ինչո՞ւ ոչ թե Նանա, այլ Նանա Terracotta…

- Կարծում եմ՝ յուրաքանչյուր արվեստագետ մշտապես փնտրում եւ գտնում է այն անունը, որը բնութագրում է իրեն եւ իր արվեստը։ Լինելով խեցեգործ՝ ես ընտրեցի Terracotta-ն, որը նշանակում է թրծած կավ կամ այրված հող։ Ինձ այս անվամբ ճանաչում էին մինչ «Terracotta» արվեստանոց հիմնելը։ Լինեմ անկեղծ՝ երբեք չեմ սիրել, երբ անուն-ազգանունով են ինձ ներկայացնում, կամ ինքս եմ այդպես ներկայանում: Ահա թե ինչու են ինձ բոլորը դիմում Նանա Terracotta։

- Ե՞րբ Նանան առաջին անգամ կավը վերցրեց ձեռքը եւ հասկացավ, որ դա հենց իր կյանքի կարեւոր նյութն է։

- Ես շատ լավ հիշում եմ, որ այն արվեստանցը, որտեղ ես սովորում էի, կար կավագործության բաժին, իսկ ահա, ես սովորելով այլ բաժնում, աչքս միշտ կավի վրա էր, ուշադրություն էի դարձնում: Կավով սկսեցի աշխատել 14 տարեկանից, եւ այդ շրջանից ի վեր իմ կյանքում չի եղել  այնպիսի շրջան, որ կավով չաշխատեմ։



- Յուրաքանչյուր նյութ իր լեզուն եւ իր բնավորությունն ունի. արդյո՞ք հեշտ է կավի հետ լեզու գտնելը։ 

- Մի կողմից, եթե համեմատենք կարծր նյութերի հետ, ապա կարող ենք ասել, որ կավը բավականին լսող է, սակայն մյուս կողմից՝ կավը չափից դուրս զգայուն է։ Ես սնահավատ չեմ, սակայն ինքս իմ փորձից եւ տարատեսակ մարդկանց հետ աշխատելով՝ կարող եմ ասել, որ այն ամեն բան զգում է,  այսինքն՝ ինչ տրամադրությամբ կավը վերցնես ձեռքդ, ինչ տրամադրությամբ աշխատանք պատրաստես, հենց տրամադրությունդ եւ տեսակդ ես փոխանցելու կավին: Ինքս իմ փորձից դա կարող եմ ասել, ուստի ներքին ապրումներդ, զգացածդ եւ տրամադրությունդ, ուզես, թե չուզես, կավից թաքցնել չես կարող։

- Յուրաքանչյուր արվեստագետ ունի իր ոգեշնչման աղբյուրը: Ինչի՞ց եք Դուք ոգեշնչվում։

- Ես տրամադրության մարդ եմ, ոգեշնչվում եմ ամեն բանից, ուստի որեւէ երեւույթ կամ ինչ-որ բան կդժվարանամ նշել։

- Դուք նշել եք, որ նպատակ ունեք Հայաստանում կավագործությունը բարձրացնել սառնարանային, մագնիսային մակարդակից։ Ի՞նչ եք անում այդ ուղղությամբ։

- Դա եղել է իմ առաջնային նպատակը։ Բնականաբար քո աշխատանքի ընթացքը գուցե եւ չկարողանաս պատկերացնել, հատկապես երբ աշխատել սկսել ես դեռ երիտասարդ տարիքից։ Այո՛, ցավով պետք է նշեմ, որ խեցեգործությունը սառնարանային, մագնիսային մակարդակից եւ վերնիսաժի /որը ինքս էլ շատ եմ սիրում/ մակարդակից չի բարձրացել, ուստի, երիտասարդ տարիքից աշխատելով՝ ինքս իմ առջեւ խնդիր եմ դրել, որպեսզի արվեստի այս ճյուղն իր տեղն ունենա մեր հասարակության մեջ, հետաքրքրի մարդկանց։ Ի՞նչ եմ անում դրա համար․շուրջ ինը տարի առաջ ես սկսեցի հիմնել «Terracotta» արվեստանոցը, որտեղ ցանկացողներին կավի հետ աշխատելու հնարավորություն է տրվում: Սկսեցին աշխատել փոքրիկների հետ՝ սեր արթնացնելով դեպի խեցեգործությունը: Այսօր մենք ունենք մի քանի մասնաճյուղ Երեւանում, շուտով մեր առաջին մասնաճյուղը կբացենք Վանաձորում: Շատերը կարծում են, թե խեցեգործությունը շատ պահանջված է, կամ մեծ շահույթ ունենք այդ արվեստանոցներից: Ո՛չ, բացեմ փակագծերը, բնավ էլ այդպես չէ, դա արվում է մեկ բանի համար, որպեսզի խեցեգործությունը հասանելի լինի բոլորին։



- Նանա՛, հիմնականում ովքե՞ր են Ձեր սաները։

- Ունենք տարբեր տարիքային խմբեր, սակայն պետք է ասել, որ մեծահասակները գալիս են ոչ թե կրթվելու, այլ պարզապես հանգստանալու համար, իսկ ահա փոքրիկները գալիս են եւ մասնակցում մեր կրթական ծրագրերին, եւ մենք նրանց սովորեցնում ենք տեխնիկական եւ գործնական գիտելիքներ։

- 21-րդ դարում մարդկանց շատ է հետաքրքրում գործի ֆինանսական հատվածը, եւ իրականում մարդիկ սկսում են աշխատել այն բնագավառում, որն առավել շահավետ է: Արդյո՞ք խեցեգործությունը կարող է բիզնես լինել։

- Անշուշտ, աշխատանքում բիզնեսային մասը շատ կարեւոր է։ Ինքս Հայաստանում ճանաչում եմ մարդկանց, ովքեր, բավականին լավ աշխատաքներ անելով, իհարկե՝ բարձրորակ կավից, կարողանում են բավականին լավ արժեքով վաճառել իրենց աշխատանքները եւ լավ գումար վաստակել: Սակայն պետք է չմոռանալ, որ այս ոլորտը եւս սեզոնային է, եւ հստակ կարելի է ասել, որ խեցիով մեծ ֆինանս ստանալը դժվար է: Սակայն չի բացառվում, որ խելամիտ լինելու դեպքում հնարավոր է կայունացնել եկամուտը եւ ստեղծել  խեցեգործական բիզնես։

- Դուք հետաքրքիր աշխատանքներ ունեք, ե՞րբ ամբողջը կտեսնենք մեկ հարկի ներքո։

- Ես հիմա մտածում եմ այդ ուղղությամբ։ Իրականում շատ աշխատանքներ են կուտակվում, կարծում եմ՝ այս տարի հնարավոր կլինի որեւէ բան իրականացնելը։



- Նանա՛, շահելով «Գրին քարտ»՝ չմեկնեցիք ԱՄՆ: Արդյո՞ք չեք զղջում։

- Իրականում չեմ զղջում, քանի որ դա շատ ռիսկային քայլ է. կրելով քո երկրի մշակույթը, գնալ մի այլ երկիր, սկսել ամեն բան զրոյից եւ այդպես էլ չիմանալ, թե արդյոք դու պետք ես այդ նոր երկրին... Չեմ ափսոսում, անգամ դեսպանատուն չեմ դիմել…

- Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է մեր հանրությանը հետաքրքրում խեցեգործությունը։

- Շատերին է հետաքրքրում, գովելի է, որ ծնողները սիրով են բերում իրենց երեխաներին: Մեծ սիրով գալիս են նաեւ մեծահասակները՝ հանգստանալու համար։ Անշուշտ, խեցեգործությունը հանրությանը հետաքրքրում է, հատկապես երբ մի փոքր գիտելիք ես ձեռք բերում եւ տեսնում ձեռքիդ պատրաստած աշխատանքը։

- Եթե չլիներ կավը, ո՞ր նյութը կվերցնեիք Ձեր ձեռքը։

- Ես չեմ սիրում կարծր նյութեր, գուցե գա մի օր, որ սիրեմ, չեմ կարող ասել: Անգամ այսօր, երբ ես կավից հոգնում եմ, գնում եմ կարելու, եթե կարելուց եմ հոգնում, ապա գնում եմ գրելու, նկարելու եւ այդպես շարունակ:

- Հեշտությա՞մբ եք բաժանվում աշխատանքներից։

- Պատկերացրե՛ք՝ այո՛: Ե՛վ հեշտությամբ նվիրում եմ, ե՛ւ վաճառում, նույնիսկ երբեմն ինքս ինձ սաստում եմ այդ առիթով…