Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-09-2018
«Հանդուրժողականության եւ անհանդուրժողականության դրսեւորումները հայ գրականության մեջ» գիրքը՝ ընթերցողների սեղանին
Սեպտեմբերի 12-ին «Բյուրո» ակումբում կայացավ «Հանդուրժողականության եւ անհանդուրժողականության դրսեւորումները հայ գրականության մեջ» խորագրով գրքի շնորհանդեսը։
Կազմակերպվել էր նաեւ հանդիպում-քննարկում ընթերցասերների եւ գրքի հեղինակների միջեւ։


 
Գրքում արվել են հետազոտություններ, որոնք ընդգրկում են հայ միջնադարյան ավանդավեպերը, 19-րդ եւ 20-րդ դդ․ դասական արձակը, Սփյուռքի գրականությունը եւ հետխորհրդային Հայաստանի արձակն ու դասագրքերը։ Գրքի հեղինակները եկել են այն եզրահանգման, որ մեր գրականության մեջ կան անհանդուրժողության տարրեր, ատելության քարոզ, որը ընկալման առումով պետք է փոխել եւ ճիշտ մատուցել սերունդներին։



Գրքի հրապարակումը նախաձեռնած Իզաբելլա Սարգսյանը նշում է, որ գրքի ստեղծման նպատակն է վերանայել հայ գրականությունը, որտեղ կան անհանդուրժողականության, ատելության տարրեր. «Ինչ տեսակի մարդիկ ենք մենք ուզում դաստիարակել մեր սերունդներին՝ «քյառթուների՞», թե՞ գլոբալ աշխարհում իրենց տեղը գտնող, ինքնությունը չկորցրած մարդկանց։ Հայ գրականությունը եւ հայ գրականության դասագրքերը այն գործիքներից են, որով պետությունը փորձում է դաստիարակել իր քաղաքացուն։ Եթե ատելության լեզվով ես նախընտրում դաստիարակել, այլ հարց է, իսկ եթե չես ուզում ատելություն քարոզել, դասագրքերը պետք է  վերանայել»։



Գրքի հեղինակներից գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը գիրքն արժեւորում է նախ եւ առաջ հետազոտական առումով. «Հետազոտական աշխատանք շատ քչերն են անում, եւ նման առիթներն են, որ ստիպում են մարդկանց հետազոտական աշխատանք կատարել։ Իր ձեւաչափով էլ բացառիկ գիրք է, որովհետեւ ոչ թե սոսկ հոդվածների հավաքածու է, այլ առաջադրում է կոնկրետ խնդիր։ Կարող է շատ օգտակար լինել եւ փնտրվող հայ գրականության բոլոր շրջաններով հետաքրքրվածների համար։ Գիրքը ժամանակակից աշխարհում շատ մարտահրավերային հանդուրժողականության եւ անհանդուրժողականության հետ կապված խնդրի փայլուն վերլուծություն է գեղարվեստական տեքստի մակարդակով»։



Նշենք, որ գիրքը հրատարակվել է Հայաստանում եւ Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ՝  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Կրոնական հանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարի խթանումը» Հայաստանում նախագծի շրջանակում։