Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-09-2018
Երեւանում առաջին անգամ տոնեցին վարսահարդարների միջազգային օրը
Եթե Շարլ Ազնավուրի հրապարակով անցնելիս տեսել եք վարսահարդարների, ովքեր դրսում անվճար վարսերի, մորուքի տարբեր կտրվածքներ են անում, պետք չէ զարմանալ. Երեւանն այս տարի առաջին անգամ նշում է վարսահարդարների միջազգային օրը:
Այն 2000 թ.-ից ի վեր ամբողջ աշխարհում տոնում են սեպտեմբերի 13-ին: Մեզ մոտ տոնն առաջին անգամ նախաձեռնել է «Barber» (սափրիչ) Կարո Աբաջյանը, ով փաստում է՝ միջոցառումն այս տարի փոքր մասշտաբներով է անցկացվում, հաջորդ տարիներին ավելի ընդգրկուն է լինելու. «Տարբեր կտրվածքներ ենք անում տեղում, մորուքի, մազերի տարբեր տեսակներ ենք ստանում: Տղաների համար նորաձեւ են մորուքների տեսակները, աղջիկները նախընտրում են կարճ սանրվածքներ»:

Կարո Աբաջյանը նշում է, որ միջոցառումը շարունակական է լինելու:

Հավելենք, որ տոնի հետ կապված աշխարհում բազմաթիվ ավանդույթներ կան, օրինակ՝ այն դպրոցները, որոնք վարսավիրներ են պատրաստում, շրջանավարտներին դիպլոմները հանձնում են հենց այդ օրը, կազմակերպում են նաեւ վարպետության դասընթացներ, սեմինարներ:

Պատկերասրահ՝ Երեւանում տոնեցին վարսահարդարների միջազգային օրը