Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 15-09-2018
«Դեպի նոր իրականություն» Իվետա Մուկուչյանի հետ
Երկար ժամանակ է, ինչ սոցցանցերում խոսվում էր Իվետա Մուկուչյանի սպասվելիք բացօթյա մենահամերգի մասին։ Երեկ Ազատության հրապարակում իրականություն դարձավ այդչափ սպասված համերգը։
Նշված ժամից մոտ մեկ ժամ ուշացումով սիրված երգչուհին բեմ բարձրացավ, անգամ մեկ ժամ ուշացումը երկրպագուներին եւ հավաքվածներին չէր ձանձրացրել. բոլորը  սպասում էին Իվետային։

Երգչուհին, բեմ բարձրանալով, նախ անկեղծացավ՝ ասելով, որ շատ էր կարոտել բոլորին. «Սիրում եմ բոլորիդ, բոլորիդ անչափ կարոտել էի, շատ սպասեցնել տվեցի ձեզ, բայց տեղը հանելու ենք»։

Եվ կարծես այդպես էլ եղավ․․․

Առաջին երգը, որը կատարեց Իվետան, «Դեպի նոր իրականություն»-ն էր: «Առաջարկում եմ մի լավ տաքանանք եւ միասին գնանք դեպի նոր իրականություն, բոլորիդ կարոտել էի»,- ասաց երգչուհին։

Սիրված հիթերից զատ՝ բեմում նաեւ հնարավոր էր տեսնել խելահեղ պար երգչուհու եւ իր պարընկերների մասնակցությամբ։

Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ նոր երգեր։ Երգերից մեկի մասին խոսելով՝ երգչուհին ընդգծեց, որ ինքը սիրահարված չէ, սակայն երգը գրելու ընթացքում շփվել է բազմաթիվ սիրահարված մարդկանց հետ՝ հասկանալու համար նրանց ապրումներն ու հոգեվիճակը։

Բարձր տրամադրության եւ շքեղ հրավառության ուղեկցությամբ էլ անցավ ողջ երեկոն։

Միջոցառումից հետո երկրպագուներին հնարավորություն ընձեռվեց լուսանկարվելու սիրված երգչուհու հետ:

Պատկերասրահ՝ Իվետա Մուկուչյանի բացօթյան մենահամերգը