Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-09-2018
Յուրա Մովսիսյանը միացավ «Չիկագո Ֆայր» ակումբին
Ամերիկյան ակումբը պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի երբեմնի առաջատար ֆուտբոլիստի հետ:
Հարձակվող Յուրա Մովսիսյանի «արկածները» Շվեդիայի «Յուրգորդեն» ակումբում երկար կյանք չունեցան: Շվեդիայի բարձրագույն խմբում հանդես եկող ակումբում հայ ֆուտբոլիստը մասնակցեց ընդամենը 4 հանդիպման, ապա վնասվածք ստացավ եւ ստիպված եղավ խզելու պայմանագիրը, որը կնքվել էր վարձավճարային հիմունքներով:
 
31-ամյա Յուրա Մովսիսյանը վերջերս հրավեր չստացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կողմից: Այն բացատրվեց որպես «ակումբ չունենալու եւ միառժամանակ խաղային պրակտիկայի բացակայության» հանգամանք:
 
Ամերիկյան «MLS» լիգան նորություն չէ Յուրա Մովսիսյանի համար: Կարիերայի առաջին քայլերը Յուրա Մովսիսյանն արել է «Կանզաս Սիթի» ակումբում դեռ 2006 թ.-ին, ապա տեղափոխվել է «Ռեալ Սոլթ Լեյք», որտեղ խաղում էր նաեւ 2016 եւ 2017 թվականներին:
 
Հայաստանի ազգային հավաքականի կազմում հարձակվողը նորամուտը նշել է 2010 թ.-ին: Յուրա Մովսիսյանը մասնակցել է 34 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ: