Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Դավիթ Խաչատրյանի
Տեղադրվել է 20-09-2018
Մեկնարկել է «Youth Empowerment» ծրագիրը
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն «NESEHNUTÍ-Independent Social Ecological Movement»-ի աջակցությամբ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնում է «Youth Empowerment» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է Ալավերդի, Ախթալա եւ Օձուն բազմաբնակավայր համայնքներից երիտասարդ մասնակիցների եւ մենթորների ներգրավման միջոցով նպաստել շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը։

Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը կազմակերպվել էր եռօրյա վրանային ճամբար Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող տուրիզմի «Ուրույն» կենտրոնում։



Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում «ՀԿ Կենտրոն»-ի հանրային կապերի պատասխանատու Վահե Խաչիկյանը նշեց, որ ի սկզբանե նախատեսված է եղել ունենալ 15 մասնակից եւ 3 մենթոր, սակայն ծրագրին մասնակցել է 18 երիտասարդ եւ 3 մենթոր: Վերջիններս եռօրյա վրանային ճամբարի ընթացքում մասնակցել են մի շարք դասընթացների. մասնավորապես՝ ի՞նչ է շահերի պաշտպանությունը, ի՞նչ է քաղաքացիական լրագրությունը, ինչպե՞ս քաղաքացիական լրագրությամբ նպաստել խնդիրների հանրայնացմանն ու դրանց լուծմանը։



«Նախաձեռնության կարեւոր քայլերից է նաեւ հաջորդ ամիսների գործողությունների պլանի մշակումը: Մասնակիցները եւ հմուտ մենթորները կկազմեն հետագա երկու ամիսների ընթացքում համայնքային բնապահպանական խնդիրների հանրայնացման պլաններ եւ դրանք կիրագործեն։ «YOUth Empowerment» ծրագրի մասնակիցների նախաձեռնությամբ հատուկ ստեղծված հեշթեգերով (#saveNature #NGOC #NESEHNUTÍ) մեկնարկել է նաեւ ֆեյսբուքյան «SaveNature» ֆլեշմոբը, որի նպատակն է տարածել հոգատարություն բնության հանդեպ»,- նշեց Վահե Խաչիկյանը եւ հավելեց, որ մասնակիցների առաջարկով առաջիկա ամիսներին այն համայնքներից, որտեղից մասնակիցներ էին ընդգրկված, իրենց համայնքներում կոչեր կտարածեն նաեւ գրաֆիտների տեսքով: 



Նրա խոսքով՝ այդպիսով համայնքի բնակիչները ոչ միայն իրազեկ կլինեն, այլեւ կտեսնեն, որ երիտասարդները փորձում են բարձրաձայնել կարեւոր խնդիրների մասին եւ դրանց լուծում տալ: Այս ընթացքում շատ կարեւոր էր նաեւ մենթորների ներգրավվածությունը հատկապես խմբային աշխատանքների ընթացքում, որպեսզի մասնակիցներին ճիշտ ուղղություն ցուցաբերվեր: Ավելին, մասնակիցները բնապահպանական թեմաներով հոդվածներ են պատրաստում, որոնք պետք է հրապարակվեն Վանաձորի ԻնֆոՏուն բլոգում: 

Նշենք, որ նախաձեռնության եւ ֆլեշմոբի մասին կարող եք տեղեկանալ ստորեւ նշված հղմամբ: