Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-09-2018
Հայաստանի Հանրապետությունը 27 տարեկան է
Մինչ Երեւանի Հանրապետության հրապարակում տոնական եռուզեռ է, Հյուսիսային պողոտայում եւ Ազատության հրապարակում տարբեր սպորտաձեւերի ցուցադրական ելույթներ են:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12.00-ից 13.00-ը, Ազատության հրապարակում եւ Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր տարբեր մարզաձեւերի ցուցադրական ելույթներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տոնին:

Ազատության հրապարակում կարելի էր տեսնել  ձյուդոյի, ըմբշամարտի, բռնցքամարտի, հայկական ազգային կոխ ըմբշամարտի, վոլեյբոլի, բասկետբոլի, թենիսի, սեղանի թենիսի, սամբոյի, շախմատի, բազկամարտի եւ ակրոբատիկայի ցուցադրական ելույթներ, իսկ Հյուսիսային պողոտայում ներկայացվում էր սուսերամարտ, թաեքվոնդո, ակրոբատիկա, բադմինթոն, ուշու, կարատե:

«Մեզ համար անկախության օրվա արժեւորումը նաեւ տարբեր սպորտաձեւերում ունեցած հաջողություններն են, որ գրանցել եւ գրանցում են մեր մարզիկները»,- ասում է թենիսիստուհի Արփինեն, ով Հյուսիսային պողոտայում հետեւում էր ելույթներին եւ փորձում ցույց տալ նաեւ իր պրոֆեսիոնալիզմի մակարդակը:

Սուսերամարտում իր հմտություններն էր ցուցադրում Տիգրանը. «Սուսերամարտն արագ շախմատի նման է, պետք է արագ կողմնորոշվել ու մտածել: Երկու կողմն էլ ցանկանում են խոցել իրար, բայց միեւնույն ժամանակ պետք է կարողանալ նաեւ պաշտպանվել: Շատ հետաքրքիր մարզաձեւ է»:

Նշենք, որ տեղի ունեցավ նաեւ դրոշներով հեծանվավազք՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:

Պատկերասրահ՝ 21 սեպտեմբերի 2018 թ.