Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-09-2018
Հեծանվաշքերթ, համերգներ, հրավառություն՝ ՀՀ անկախության տոնին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում էր Անկախության 27-րդ տարեդարձը:
Երեւանում անցկացվեցին բազմաթիվ միջոցառումներ: Կայացան տարբեր ժանրերի համերգներ՝ ռոք երաժշտությունից մինչեւ հայկական ժողովրդական երգերի կատարումներ:  

DJ-ներ՝ Հյուսիսային պողոտայում, փողային նվագախումբ ու ազգային երգ՝ Հանրապետության հրապարակում, ինչպես նաեւ սելֆիի ժամ՝ ինքնանկարների սիրահարների համար։

Հրապարակում շրջող երեւանցիներն ու զբոսաշրջիկները, տաղավարներով անցնելով, ծանոթանում էին հայկական գինու, կոնյակի, կարպետների պատմությանը, համտեսում մարզերից բերված ուտեստներն ու խմիչքները, այս ամենը՝ փողային նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ մինչեւ ուշ երեկո։ 
 
Տոնական միջոցառումներից անմասն չմնացին հեծանվասերները։ Անկախության օրվա առթիվ ժամը 18։00-ին  Հանրապետության հրապարակից մեկնարկեց հեծանվաշքերթը, որին միացել էին մի քանի տասնյակ հեծանվասերներ։ Այն կազմակերպել էր Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիան։

Արդեն տարիներ են, ինչ հեծանվով երկար ճանապարհ անցնելը Արթուրի սիրած զբաղմունքների մեջ առաջին տեղում է։ Հեծանվասպորտի մեջ չի խորացել, սակայն հեծանիվը նրա տարերքն է։ Երբ իմացել է, որ ՀՀ անկախության օրը պետք է նշանավորվի նաեւ հեծանվաշքերթով, ընկերուհու հետ եկել է միանալու «խրախճանքին». «Սիրում եմ հեծանիվ վարել։ Երբ իմացա, որ մասնակցությունը շքերթին բաց է, որոշեցի անպայման մասնակցել եւ նաեւ դրանով շնորհավորել երկրիս Անկախության 27-ամյակի կապակցությամբ»։
 
Տոնական միջոցառումները ժամը 23:00-ին տոնական մեծ հրավառությամբ եզրափակվեցին Հանրապետության հրապարակում:

Պատկերասրահ՝ 21 սեպտեմբերի 2018 թ.