Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-09-2018
ԵՊԼՀ-ում տոնեցին Լեզուների եվրոպական օրը
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ներկայացվեցին այնտեղ դասավանդվող 22 օտար լեզուները եւ այդ լեզուների ուսումնասիրման հնարավորությունները:
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ  «Լեզուների եվրոպական օր-2018» ամենամյա միջոցառումը: 22 տաղավարները ներկայացնում էին, թե ինչքան կարեւոր են լեզուները մարդկանց համար եւ երիտասարդների ու դեռահասների ուշադրությունը սեւեռում էին լեզուներ սովորելու անհրաժեշտության վրա:

Ըստ ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լեւոն Բաբամյանի՝ միջոցառումը կարեւորվում է նրանով, որ հրավիրված են տարբեր ավագ դպրոցների աշակերտներ, որոնք մանրամասն իրազեկվում են օտար լեզուներ ուսումնասիրելու հնարավորությունների մասին. «Միջոցառումը կազմակերպվել է ԵՊԼՀ-ում, որովհետեւ այստեղ դասավանդվում են 22 օտար լեզուներ: 22 տաղավարներում ներկայացված են տվյալ լեզուներին տիրապետելու դեպքում ընձեռվող հնարավորությունները, լեզվի պատմությունն ու մշակույթը: Կան մի քանի այլ մասնագիտական տաղավարներ, ինչպիսիք են տուրիզմը, լրագրությունը»:

Հավելենք, որ Լեզուների եվրոպական օրը տոնում են 2001 թ.-ից Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդի համատեղ մտահղացմամբ: Եվրոպան յուրաքանչյուր սեպտեմբերի 26-ին եւս մեկ անգամ ցույց է տալիս իր լեզվական եւ մշակութային բազմազանությունը` նպատակ ունենալով ընդգծել լեզուներ սովորելու կարեւորությունը, բարձրացնել լեզուների արժեքը, եւ կոչ է անում ամբողջ կյանքում նոր լեզուներ սովորել: