Նյութը՝ Արմենուհի Հովսեփյանի
Լուսանկարները՝ Թամարա Գասպարյանի
Տեղադրվել է 01-10-2018
«1000 տարվա գյուղամեջ» փառատոնը՝ սահմանամերձ Փշատավանում
Արմավիրի մարզում՝ Արաքս գետի ձախ ափին գտնվող Փշատավան գյուղում, սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ «1000 տարվա գյուղամեջ» ամենամյա գյուղական կենցաղավարության, արհեստագործության եւ արվեստի փառատոնը։

Փառատոնի կազմակերպիչներից Կարինե Փանոսյանը, ողջունելով ներկաներին, կարեւորեց սահմանամերձ գյուղում այդպիսի միջոցառման անցկացումը եւ նշեց, որ այն խթանում է զբոսաշրջության զարգացումը. «Ուրախ եմ, որ այսօր այսպիսի տոն ունենք, եւ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուրս պատասխանատվությամբ մոտենանք այն ամենին, ինչ անում ենք»:



Փառատոնն ուղեկցվեց ազգագրական երգ ու պարով։ Ներկաները մասնակցեցին դպրոցի բակում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին տեղի աշակերտների ձեռքի աշխատանքները։ Նաեւ շրջեցին գյուղում եւ ծանոթացան գյուղական կենցաղին։ Նրանք այցելեցին դարբնոց, մեղրատուն, ջայլամաբուծարան, թոնրատուն եւ այլ հյուրընկալ տներ։ Մեղր քամեցին եւ համտեսեցին, տիկնիկներ պատրաստեցին, հավաքեցին քաղցրահամ մրգեր եւ հյութ ու չիր պատրաստեցին, տեսան տարբեր աշխատանքային գործիքներ։ 

Թոնրատանը փառատոնի մասնակիցները ոչ միայն տեղեկացան լավաշի պատրաստման ընթացքին եւ համտեսեցին, այլեւ հմուտ հացթուխների օգնությամբ իրենք եւս փորձեցին հաց թխել եւ հյուրասիրել մյուսներին: Հացթուխները ոգեւորում էին թխել փորձողներին եւ կատակում՝ ասելով՝ որ աղջիկը կարողանա թխել, հարս են տանելու իրենց գյուղ։ 



Ձեռագործ Աստղիկ Մխիթարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր աշխատանքը բավականին դժվար է. այն մեծ համբերություն է պահանջում։ Մեկ աշխատանքը մի քանի ամսում է ավարտվում։ Կտորի որակի, գույնի եւ հուլունքների ճիշտ ընտրությունը ամենակարեւոր պայմանն է։ 

Ներկաները մեզ պատմեցին իրենց տպավորությունների մասին: Աննա Պողոսյանը նշեց, որ հաճելի ժամանակ է անցկացրել, տպավորված է գյուղի բնակիչների հյուրասիրությամբ եւ առատաձեռնությամբ։ Սիրարփի Սարգսյանն էլ ասաց. «Փառատոնը հետաքրքիր է, որովհետեւ ներկայացված են գյուղական կյանքն ու գյուղացիների զբաղմունքը։ Շատ տպավորիչ էր մեղր քամելու գործընթացը, որին մասնակցել եմ, իսկ լավաշ թխելիս վախեցա, որ թոնրի մեջ կընկնեմ»։



Փառատոնի կազմակերպիչները խոստացան, որ փառատոնը կդառնա ավանդական, եւ հաջորդ տարիներին եւս կներկայացնեն գյուղական կենցաղավարությունը, արհեստագործությունն ու արվեստները։