Նյութը՝ Վորլդ Վիժն Հայաստանից
Լուսանկարները՝ Վորլդ Վիժն Հայաստանից
Տեղադրվել է 01-10-2018
Գավառում կայացավ «Մեծ փուռ 2018» փառատոնը
Սեպտեմբերի 29-ին Գավառ քաղաքի զբոսայգում ավելի քան երեք հազար այցելու մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի կողմից արդեն չորրորդ տարին կազմակերպվող «Մեծ փուռ 2018» փառատոնին:


«Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով այս փառատոնը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում:
 
Փառատոնի աջակիցն էր «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականցվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ:



Վորլդ Վիժն Հայաստան Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում ստեղծված Գանձակ եւ Սարուխան համայնքների կարտոֆիլ արտադրողների 2 խմբերը կազմակերպեցին «Փռի կարտոլի» հյուրասիրություն: Իսկ վաճառքի տաղավարներում տարածաշրջանի արտադրողները ներկայացրին քյուֆթա, արիշտա, փախլավա, գաթա եւ ավանդական այլ ուտեստներ: Ի դեպ, քյուֆթայի եւ արիշտայի պատրաստման տաղավարներում այցելուները  հնարավորություն ունեցան տեսնելու եւ մասնակից դառնալու դրանց պատրաստման արարողությանը: 



Փառատոնն անցկացվեց շատ աշխույժ մթնոլորտում` ուղեկցվելով ժողովրդական երգ ու պարով, մրցույթներով, սպրոտային խաղերով: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից եւ արտասահմանից: