Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Վահագ Գրիգորյանի
Տեղադրվել է 03-10-2018
Վիեննայի տղաների երգչախումբն այցելել էր ԵՊԼՀ
Այսօր Վիեննայի տղաների երգչախումբն այցելել էր Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան:
Նրանց դիմավորեցին հայկական երաժշտության հնչյունների ներքո։ Երգչախմբի տղաներն էլ որպես ջերմ ողջույնի պատասխան իրենց կատարումը նվիրեցին համալսարանականներին: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաեւ հարցուպատասխան երգչախմբի տղաների եւ ուսանողների միջեւ:

Արքայական երգչախումբը Հայաստանում է «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը կկայանա հոկտեմբերի 4-ին:



Նշենք, որ երգչախումբը ստեղծվել է 1498 թ. Մաքսիմիլիանոս Առաջին կայսեր հրամանով: Դրանով իսկ կանոնակարգվել է դեռեւս 1296 թ․-ից Կայսերական եկեղեցում երգող տղաների ավանդույթը: Երգչախմբի կազմում են եղել ու նաեւ աշխատել այնպիսի հանճարներ, ինչպիսիք Մոցարտը, Սալիերին, Գլյուկը, Բրուքները, Հայդն եղբայրները, Շուբերտը, Բեթհովենը եւ Բախը: Մինչեւ 1918 թ.-ը երգչախումբը երգել է միայն Կայսերական պալատի համար, միայն 1920 թ.-ին էր, որ այն վերածվեց առանձին կազմակերպության եւ սկսեց հանդես գալ լայն հասարակության համար՝ շրջագայելով աշխարհով մեկ: Երգչախմբի ձայնագրությունները ներկայացնում է բացառապես «Դոյչե Գրամոֆոն» ընկերությունը: Վիեննայի տղաների մասին նկարահանվել են շուրջ 50 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր, որոնց թվում՝ նաեւ «Ուոլթ Դիսնեյ» ընկերության կողմից: Երգչախումբը հաճախ իր ներկայությամբ եւ անզուգական կատարմամբ զարդարում է հռչակավոր ամանօրյա համերգը, որը Վիեննայի Մուզիքֆերայնիոսկե դահլիճից հեռարձակվում է աշխարհով մեկ:



Ավստրիայի կառավարությունը Վիեննայի տղաների երգչախմբին նվիրաբերել է քաղաքում գտնվող ամենագեղեցիկ պալատներից մեկը` Աուգարտենը, ուր երեխաներն ապրում եւ հաճախում են դպրոց: Երգչախմբի անդամների տարիքը 9-14 տարեկան է: Տղաների երգչախմբի համար 2012 թ.-ին Վիեննայում կառուցվեց 400-տեղանոց համերգային դահլիճ: Երգչախումբը հայտնի է նաեւ իր մարդասիրական ծրագրերով:

Համերգի ծրագրում կհնչեն Գալուսի, Հենդելի, Հայդնի, Մենդելսոնի եւ այլոց ստեղծագործություններից։