Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-10-2018
Գագիկ Ավետիսյան. «Հայրենիքի համար ընկած տղաների անուններն ապրողների հուշերում են»
Eitasard.am-ի «Հաջողության գրավականը» խորագիրն արդեն մեկ տարեկան է: 1 տարվա ընթացքում խորագրի ներքո ներկայացրեցինք հանրությանը հայտնի եւ ոչ հայտնի երիտասարդների:
Երիտասարդներ, ովքեր իրենց աշխատասիրության եւ նպատակասլացության արդյունքում հասել են որոշակի հաջողությունների: Eritasard.am-ը շարունակում է իր խորագիրը: Այս անգամ խորագրի հյուրը երիտասարդ լրագրող Գագիկ Ավետիսյանն է: 
 
Մասնագիտության ընտրություն. հասարակական գործիչ դառնալու ցանկությունից մինչեւ լրագրող...
 
Սովորաբար մանուկ հասակում մեզ տրվող հարցերի շարքում ամենաշատը տալիս են այն հարցը, թե ինչ ենք ուզում դառնալ, երբ մեծանանք: Ինչպես բոլոր մանուկներին, ինձ եւս այդ հարցը շատ է տրվել. ամեն ինչ ուզում էի դառնալ՝ բացի լրագրողից: Հետո, երբ ավելի մեծացա, ուզում էի հասարակական գործիչ դառնալ, ելույթներ ունենալ հանրության առջեւ: Դպրոցական էի, բայց ակտիվորեն մասնակցում էի 2008 թվականի հանրահավաքներին ու երթերին: Ինձ դուր էր գալիս քաղաքական գործիչների հրապարակախոսական խրոխտ ելույթների լսելը:  Դպրոցն ավարտելուց հետո չընդունվեցի համալսարան, գնացի բանակ: Բանակում կապվեցի Արցախին: (Արցախում եմ ծառայել):
 
Զորացրվելուց հետո սկսեցի ուսումնասիրել Արցախյան պատերազմը, այդ պատերազմում զոհվածների կյանքի ու սխրագործությունների պատմությունները: Ստացվեց այնպես, որ սկսեցի ազատամարտիկների հետ հարցազրույցներ անցկացնել ու թղթակցել Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթին: Այդ ընթացքում հասկացա, որ լրագրողի աշխատանքն ինձ դուր է գալիս եւ ընդունվեցի ԵՊՀ: Լրագրող դառնալուս շարժառիթներից մեկն էլ  արյան կանչն է. հայրական պապիս հարազատ եղբայրը եւս լրագրող է եղել, թերթերի խմբագիր:  
 

 
Լուսանկարչության հանդեպ սեր...
 
Գիտեք, ըստ իս, ցանկացած լրագրող նաեւ շատ թե քիչ լուսանկարելու հմտություններ պիտի ունենա. չէ՞ որ շատ հաճախ բոլորովին միայնակ ես գնում այս կամ այն իրադարձության լուսաբանմանը, մանավանդ երբ աշխատում ես թերթում, կայքում կամ ամսագրում: Եվ, ուրեմն, եթե քեզ հետ չկա լուսանկարիչ, հետեւաբար լուսանկարչի գործառույթն էլ դու պիտի կատարես, եւ հենց այս պարագայում է, որ լուսանկարելու հմտություններդ քեզ պիտանի են դառնում: Եվ պատահական չէ, որ այսօր լրագրող պատրաստող դպրոցներում եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետներում ապագա լրագրողներին սովորեցնում են այդ հմտությունները: Ավելին, սովորեցնում են ոչ միայն լուսանկարչի, այլեւ օպերատորի հմտությունները, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ, եթե անգամ քեզ հետ իրադարձության վայրում կա լուսանկարիչ կամ օպերատոր, դու պիտի կարողանաս համագործակցել գործընկերոջդ հետ, իսկ դրա համար կարեւոր նախապայման է որոշակի հմտություններին տիրապետելը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ լուսանկարչությունը եւս առանձին մասնագիտություն է եւ ֆոտոխցիկ ունենալը դեռ բավարար պայման չէ՝ լուսանկարիչ համարվելու համար:  
 

 
«Արմենը» գրքի ստեղծման պատմությունը...
 
Երբ զոհվեց Արմեն Հովհաննիսյանը, նրա զոհվելու բոթն ակնթարթային արագությամբ հայտնվեց տեղական եւ միջազգային հեղինակավոր հեռուստաընկերությունների, թերթերի ու պարբերականների գլխավոր եւ առաջնային էջերում: Աննախադեպ մի բան կատարվեց: Ազգային համախմբվածության յուրատեսակ դրսեւորում ցուցաբերվեց, որը պիտի հիմնասյուն դառնար բանակ-հասարակություն կապի ամրապնդման կարեւոր գործում: Որպես լրագրող՝ Արմենի զոհվելուց հետո առիթ էի ունեցել այցելելու նրանց տուն եւ՝ ոչ մեկ անգամ, տեղյակ էի, որ գիրք ստեղծելու նպատակով ծնողները խնամքով հավաքում են այն ամենը, ինչը նվիրված է իրենց որդու հիշատակին. հարցազրույցներ, հոդվածներ, բանաստեղծություններ, նոթեր եւ այլն: Սակայն մտքովս անգամ չէր անցնի, որ նրանք Արմենին նվիրված համահավք գիրքը կազմելու խնդրանքով պիտի դիմեն ինձ եւ գործընկերներիս՝ Հասմիկ Գյոզալյանին եւ Լիլիթ Աբաջյանին: Եվ այդպես սկսում ենք գրքի ստեղծման աշխատանքները, որոնք տեւում են գրեթե 8-10 ամիս: Հունիսի 15-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ «Արմենը» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ եւս մեկ անգամ արժեւորեցինք ու կարեւորեցինք Արմենի տեսակն ու նրա կատարած սխրագործությունը: Պիտի խոստովանեմ, որ թե՛ ինձ համար, թե՛ ինձ հետ աշխատած ընկերներիս համար գրքի հանդեպ այդպիսի մեծ արձագանքը եւս անսպասելի էր, բայց՝ նաեւ ուրախալի, քանի որ եւս մեկ անգամ հաստատվեց, որ հայրենիքի համար ընկած տղաների սխրանքը գնահատվում է, իսկ նրանց անուններն ապրողների հուշերում են: 

Խաղաղություն, երանելի խաղաղություն. Եռաբլուր...
 
Եռաբլուրը մեր ռազմական փառքի գագաթն է, որտեղ հանգչում են մեր հերոս տղաների մարմինները, ինչպես Սարդարապատի հուշահամալիրը: Վերցրե՛ք, ուսումնասիրե՛ք մեր զոհված տղաներից յուրաքանչյուրի կյանքը, պատերազմում մղած պայքարը եւ կհամոզվեք, որ նրանցով է մեր ազգային լինելիության հիմքը ձգվում ու դեռ երկար է ձգվելու, քանի որ այդ տեսակը միշտ կա եւ լինելու է: Այդ տեսակը պիտի մեծարվի, պիտի լինի օրինակ, պիտի լինի առաջնորդ:  Մենք չպիտի Եռաբլուր գնանք ընդամենը մեկ անգամ՝ ասելու համար, թե գնահատում ենք, ինչպես որ եկեղեցի չպիտի մտնենք՝ ցույց տալու համար, թե հավատում ենք: Հիմա համեմատաբար ես էլ եմ ավելի քիչ  լինում Եռաբլուրում, քան առաջ, բայց սխալ է, պիտի շատ գնանք, պիտի անընդհատ նրանց շիրիմների չորացած ծաղիկները վերցնենք ու թարմը դնենք փոխարենը, որովհետեւ այդ ծաղիկով է, որ նրանք սերնդեսերունդ իրենց ոգեղեն ուժը պիտի փոխանցեն, եւ այդ ուժն է, որ մեզ պիտի բերի հաղթանակներ: Խաղաղություն, երանելի խաղաղություն կա Եռաբլուրում, որ չես գտնում ուրիշ ոչ մի տեղ: 

 
Սիրողական ստեղծագործելուն զուգահեռ՝ անընդհատ կրթվել եւ սովորել...
 
«Երիտասարդ գրող» որակավորման հետ այնքան էլ համամիտ չեմ, քանի որ ինքս ինձ չեմ համարում այդպիսին: Ճիշտ է, երբեմն սիրողական ստեղծագործում եմ, ունեմ մի քանի բանաստեղծություններ, բայց դա բավարար պայման չէ՝ քեզ գրող հռչակելու համար: Մեծամտությունը կործանարար է եւ տանում է պարտության: Մարդը մի բան կարող է լավ անել, իսկ դա էլ լավ անելու գրավականն անընդհատ կրթվելն է, սովորելը: Ներկայումս եւ ապագայում ինձ տեսնում եմ միայն լրագրության ոլորտում, եթե անգամ իմ հեղինակությամբ այլ գրքեր էլ լույս տեսնեն, միեւնույնն է, ես շարունակելու եմ մնալ լրագրող: Լրագրողական գործունեությունը չընդհատվող վտանգավոր պայքար է, պայքար հանուն հավասարության, հանուն արդարության, հանուն օրինականության: Ինչ էլ լինի, չպիտի կորցնես անաչառության սկզբունքը: Պիտի միշտ հիշես, որ հանրության սնուցող միտքը դու ես, այդ միտքը չպիտի հիվանդանա, պիտի լինի միշտ առողջ: Առհասարակ, բնավ կապ չունի, թե ում կամ ինչի մասին ես գրում, խոսում, բարձրաձայնում. պիտի բոլոր դեպքերում էլ մնաս քո կոչմանը հավատարիմ: Ինչքան էլ սենսացիան գայթակղեցնող լինի, չպիտի մոռանաս, որ արդյունքում մարդկային կյանք կա նժարին, եւ այդ կյանքի համար դու պատասխանատու ես:  


 
Գրքի տեսքով մյուս հերոսներին անդրադառնալու մասին...
 
Այս պահին այդպիսի առաջարկություններ չունեմ, բայց չեմ բացառում, որ ապագայում կլինեն: Ինքս երբեւէ որեւէ մեկին չեմ առանձնացնի ու իմ նախաձեռնությամբ գիրք կազմեմ նրա մասին: Չպիտի տարանջատենք զոհվածներին՝ ասելով, թե այս մարդն է ինձ համար հերոսի իրական կերպար, ու ես նրան եմ միայն մեծարում: Չէ՛, դա սխալ է: Չպիտի նսեմացվի որեւէ մեկը: Այո՛, մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ իր նախընտրելի հերոսին, բայց իրավունք չունի կորցնել ողջախոհությունը մյուսների նկատմամբ:  
 
Ազատ ժամանակ, ընթերցանություն, հոբբի...
 
Հիմա, թերեւս, շատ է խոսվում այն մասին, որ ընթերցանությամբ զբաղվելը, գիրք կարդալն այլեւս արդիական չեն, քանի որ նորագույն տեխնոլոգիաները շրջադարձային փոփոխություններ բերեցին մեր կյանք, եւ այդ փոփոխությունների ճանապարհին, ինչպես ձեռագիր նամակագրությունն իսպառ կորցրեց կիրառելիությունը, այնպես էլ՝ մասամբ ընթերցանությունը: Իրականում ես այնքան էլ համամիտ չեմ: Գիրքը երբեք էլ չի կորցնի իր արժեքն ու արդիականությունը, որովհետեւ այն, ինչ տալիս է քեզ գիրքը, չես կարող ստանալ մեկ այլ տեղից: Իմ կյանքում ընթերցանությունը խիստ կարեւոր տեղ է զբաղեցնում, որն ինձ համար ե՛ւ հետաքրքրություն է, ե՛ւ զբաղմունք, ե՛ւ հոբբի: Եվ պատահական չէ, որ ես հաճախ եմ գրքեր նվեր ստանում, ու ինձ համար, թերեւս, ամենացանկալի նվերների առաջին հորիզոնականում է գիրքը: Հիմա Աստվածաշունչ եմ կարդում: Սուրբ գիրքն ինձ օգնում է ավելի մոտենալ Աստծուն, լինել է՛լ ավելի հավաք թե՛ խոսքում, թե՛ գործողությունների մեջ: Ավետարանը մեզ սովորեցնում է ունենալ «մանանեխի հատիկի չափ հավատ», որովհետեւ հավատի պակաս կա մեր մեջ, սիրել միմյանց, որովհետեւ սիրո պակաս կա մեր մեջ, լինել միմյանց հանդեպ ներողամիտ, որովհետեւ ներողամտության ու հանդուրժողականության պակաս կա մեր մեջ: Որպես առանձին աշխատանք՝ զբաղվում եմ նաեւ գրքերի խմբագրմամբ, բայց չգիտեմ՝ դա բիզնես համարվո՞ւմ է, թե՞ ոչ: 
 
Հաջողության գրավականը....
Անընդհատ սովորել...