Նյութը՝ Կամերային երաժշտության տնից
Լուսանկարները՝ Կամերային երաժշտության տնից
Տեղադրվել է 04-10-2018
Գերվասիո Տարագոնան անհամբեր սպասում է իր հայաստանյան համերգին
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 9-ին հանդես կգա ճանաչված կլարնետահար Գերվասիո Տարագոնա Վալիի հետ (Ուրուգվայ):
Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին կներկայացնի Աարոն Կոպլենդի, Ռիխարդ Շտրաուսի, Ռաուլ Խաուրենայի ստեղծագործությունները: Երեկոյին որպես մենակատարներ հանդես կգան նաեւ Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ) եւ Ավետիք Ղազարյանը (կլարնետ):
 
Գերվասիո Տարագոնա Վալին նշում է՝ առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել այս տարվա հունիսին՝ Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Տպավորված է հայերի ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքից:
 
«Մինչ այստեղ գալը լսել ու կատարել եմ Խաչատրյանի գործերից: Երբ սովորում էի Վենեսուելայում, մասնակցել էի մի համերգի, որին հնչել էր Հարությունյանի շեփորի կոնցերտը: Պետք է ասեմ, որ ինձ շատ հուզում է նաեւ հայկական դուդուկի հնչողությունը: Ինձ համար դուդուկ եմ գնել, որպեսզի սովորեմ նվագել»,-նշում է երաժիշտը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է Կամերային նվագախմբի հետ հայաստանյան համերգին:  
 
Արտիստը նշում է, որ ՀՊԿՆ-ի հետ կատարելու է Աարոն Կոպլենդի Կոնցերտը կլարնետի եւ լարային նվագախմբի համար, ինչպես նաեւ Ռաուլ Խաուրենայի՝ «Պիացոլայի հիշատակին» ստեղծագործությունը: Վերջինս յուրահատուկ հարգանքի տուրք է տանգոյի լեգենդին:
 
Հավելենք, որ որպես մենակատար Գերվասիոն առաջին անգամ հանդես է եկել 19 տարեկանում՝ Ուրուգվայի ազգային նվագախմբի հետ կատարելով Կոպլենդի Կլարնետի կոնցերտը:
 
Այնուհետեւ որպես մենակատար ելույթ է ունեցել Ուրուգվայի, Արգենտինայի, Վենեսուելայի առաջատար նվագախմբերի հետ՝ աշխատելով հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ: 
 
2008-ին հիմնադրել է Montevideo International Clarinet Meeting միջազգային փառատոնը: Փառատոը երեք տարվա ընթացքում հյուրընկալել է աշխարհի ճանաչված կլարնետահարներին եւ այլ երաժիշտների: