Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-10-2018
Քննարկում՝ նվիրված կանանց աշխատանքային իրավունքներին
Հոկտեմբերի 4-ին «ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» միության հետ կազմակերպել էր քննարկում՝ «Աշխատանքային իրավունքի խթանումը տնտեսական զարգացման համատեքստում. կանայք աշխատանքի շուկայում» թեմայով:

Հանդիպմանը ներկա էին ՀԿ-ների, արհմիությունների ներկայացուցիչներ, արտերկրից հրավիրված փորձագետներ, այլ հյուրեր: 

«ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց աշխատաժողովի նպատակը եւ քննարկվելիք խնդիրների շրջանակը․ «Մոտ մեկ տարի առաջ «ՕքսԵՋեն» հիմնադրամը, ֆինանսավորվելով ԵՄ-ի կողմից եւ համագործակցելով «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» միության հետ, սկսեց իրականացնել այս ծրագիրը Հայաստանում: Այն իրականացվում է աշխարհի 9 երկրներում, որոնք համարվում են GSP+(ԵՄ-ի Արտոնությունների ընդհանրացված համակարգ)-ին ամրագրված երկրներ»: 

Ծրագիրը համաֆինանսավորվում է «Վիշեգրադ» միջազգային ֆոնդի կողմից եւ նպատակ ունի առաջադրել գործնական լուծումներ տնտեսական զարգացման ու բիզնես միջավայրի համատեքստում աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանության համար՝ կանանց իրավունքների շեշտադրությամբ: 



Մարգարիտա Հակոբյանի խոսքով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելուց հետո մշակվել է ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն է տալիս հստակեցնելու Հայաստանում ոլորտին առնչվող խնդիրները եւ դրանց լուծման ուղիները,  ինչպես նաեւ Կառավարության, քաղաքացիական հասարակության ունեցած դերը խնդիրների լուծման գործում:  Ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է: Մարգարիտա Հակոբյանը հավաստիացրեց, որ նմանաբնույթ քննարկումները կօգնեն այն համալրել ու վերջնական տեսքի բերել: 

ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարեւորեց շուրջ մեկ տարվա սերտ համագործակցությունը «ՕքսԵՋեն»-ի հետ՝ նշելով, որ ներդաշնակ խումբ է ձեւավորվել՝  հասկանալու համար կողմերի տեսակետները, շահերը, առկա խոչընդոտները: Նա արդյունավետ գնահատեց համատեղ քննարկումները:  

Բանախոսներից Ռուբեն Սարուխանյանն էլ ներկայացրեց  GPS+ին առնչվող միջազգային պարտավորությունները: GPS+ն արտոնություն է, որն արդեն շուրջ տասը տարի է՝ տրված է Հայաստանին ԵՄ-ի կողմից․ «Այս բացառիկ արտոնությունը՝  ՀՀ-ում արտադրված բոլոր ապրանքներն առանց մաքսատուրքի ԵՄ արտահանելու հնարավորությունը, տրված է աշխարհում 9 երկրի միայն: Սակայն արտոնություն լինելուց զատ՝ սա նաեւ պարտավորություն է: ԵՄ-ն այս արտոնությունը տալիս է միայն այն երկրներին, որոնք պատրաստակամ են ընդունել եւ կիրառել 27 միջազգային կոնվենցիաներ: Դրանցից 16-ը  մարդու իրավունքների,  աշխատանքի իրավունքների ոլորտում են»: 



Ռուբեն Սարուխանյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարի ԵՄ-ն մի քանի մակարդակներով մոնիթորինգ է իրականացնում տվյալ երկրում՝ գնահատելու համար՝ կիրառվո՞ւմ է համաձայնագիրը, թե՞ ոչ: 2 տարին մեկ ԵՄ փորձագետներն այցելում են այդ երկրներ, որոշակի հետազոտություններ են իրականացնում, ինչի արդյունքում զեկույց է հրապարակվում: Կախված դրա բովանդակությունից՝ որոշվում է՝ այդ երկիրը  կշարունակի՞ օգտվել GPS+ից, թե՞ ոչ: 

«ՀՀ-ին վերաբերող 2 այդպիսի զեկույց արդեն իսկ հրապարակվել է:  Նշվել է,  որ կա առաջընթաց, սական շեշտադրվել են նաեւ թերացումները: Դրանց մեջ են աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցեր»,- եզրափակեց բանախոսը: 

Քննարկանը ներկա էին փորձագետներ Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից: 



«Հունգարիայում աշխատողների իրավունքների պաշտպանությունը տնտեսական զարգացման համատեքստում» թեմայով զեկույցով հանդես եկավ Հունգարիայի Արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Գորգի Զոլտան Կարոլին: Իրենց երկրների փորձը ներկայացրին նաեւ Լեհաստանից ու Չեխիայից ժամանած փորձագետները: Հանդիպման վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին, ինչպես նաեւ գրավոր ներկայացրին քննարկվող խնդիրների լուծմանն ուղղված իրենց առաջարկները: