Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-10-2018
Վիեննայի տղաների երգչախումբն առաջին կատարումը նվիրեց Շառլ Ազնավուրին
«Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում Վիեննայի տղաների երգչախումբն էր, դահլիճում ու աստիճաններին մեծ ոգեւորությամբ լցված հանդիսատեսը՝ բուռն ծափողջյուններ ուղղելով արքայական երգչախմբին:
Հոկտեմբերի 4-ին «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կայացավ Վիեննայի տղաների երգչախմբի համերգը: Առաջին կատարումը նվիրված էր Շառլ Ազնավուրին: Այնուհետեւ հնչեցին Կոմիտասի, Գալուսի, Հենդելի, Հայդնի, Մենդելսոնի, Շուբերտի, Մոխնիկի, Շեչինսկու, Յոզեֆ Շտրաուսի, Յոհան Շտրաուսի, Բիլի Ջոյելի ստեղծագործություններից:

Վիեննայի տղաների երգչախմբի կատարումները վայելելու հնարավորություն հայ հանդիսատեսը տարիներ առաջ եւս ունեցել է, երգչախմբի դիրիժոր Օլիվեր Շտեքը լավագույն տպավորություններն ունի հայ ժողովրդի եւ հայկական մշակույթի մասին. «Շատ ուրախ ենք լինել Հայաստանում, առնչվել ձեր մշակույթին եւ ելույթ ունենալ հայ հանդիսատեսի առջեւ»:

Նշենք, որ երգչախումբը ստեղծվել է 1498 թ. Մաքսիմիլիանոս Առաջին կայսեր հրամանով: Երգչախմբի կազմում են եղել ու նաեւ աշխատել այնպիսի հանճարներ, ինչպիսիք են Մոցարտը, Սալիերին, Գլյուկը, Բրուքները, Հայդն եղբայրները, Շուբերտը, Բեթհովենը եւ Բախը: Մինչեւ 1918 թ.-ը երգչախումբը երգել է միայն Կայսերական պալատի համար, միայն 1920 թ.-ին էր, որ այն վերածվեց առանձին կազմակերպության եւ սկսեց հանդես գալ լայն հասարակության համար՝ շրջագայելով աշխարհով մեկ: Երգչախմբի ձայնագրությունները ներկայացնում է բացառապես «Դոյչե Գրամոֆոն» ընկերությունը:

Պատկերասրահ՝ Վիեննայի տղաների երգչախումբը Երևանում