Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-10-2018
Ֆրանկոֆոնիայի օրերը՝ Հայաստանում. հոկտեմբերի 7-12
Հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումները:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների եւ կազմակերպությունների պատվիրակություններ, որոնց թվում՝ 25-ից ավելի պետությունների ղեկավարներ:
 
Գագաթնաժողովի շրջանակում կարեւոր միջոցառումներից մեկը «Ֆրանկոֆոնիայի ավանն» է, որտեղ տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի բազմազանությունն արժեւորող մշակութային միջոցառումներ՝ իրենց երկրների գրավչությունները ներկայացնելու համար ֆրանկոֆոն ընտանիքի անդամներին տրամադրված տաղավարների միջոցով։
 
Գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսին համահունչ  անցկացվելիք մշակութային միջոցառումների, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ ֆրանկոֆոն երկրների տաղավարների նպատակն է ներկայացնել ֆրանկոֆոնիայի մշակութային բազմազանությունը:
 
Հոկտեմբերի 7-12-ը տեւող Ֆրանկոֆոնիայի յուրաքանչյուր օր ունի իր նշանակությունը: Հոկտեմբերի 7-ին կբացվեն ֆրանկոֆոնիայի տաղավարները, կցուցադրվեն լուսանկարներ, տեսահոլովակներ:

Հատկանշական է հատկապես հոկտեմբերի 9-ը, որը կրում է «Երիտասարդություն, միասին ապրելու սկզբունքը» խորագիրը: Այդ օրը կներկայացվի ֆրանկոֆոն տարածքում երիտասարդների իրավիճակի մասին զեկույցը, կգործարկվի «Ազատ միասին գործիքային տուփ» թվային հավելվածը, կներկայացվի եւ կտրվի «Ազատ միասին» նախաձեռնության պաշտոնական մեկնարկը: 

Թերեւս կարեւոր եւ առանցքային իրադարձություններից է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը: 

Գագաթնաժողովում կարեւորվել է հատկապես տնտեսական հարթությունը, ուստի այդ համատեքստում նախատեսվում է անցկացնել երկու նպատակ ունեցող ֆորում․ մի կողմից՝ ստեղծել թվային տեխնոլոգիաների հարցերով նախարարների ցանց, մյուս կողմից՝ տնտեսության դերակատարների միջեւ շփումների խթանմանը միտված թեմատիկ քննարկումներ կազմակերպել, որոնց նպատակն է վեր հանել ժամանակակից տնտեսական իրողությունների մարտահրավերների պայմաններում զարգացման հեռանկարներն ու խոչընդոտները։  

Հոկտեմբերի 11-ին սպասվում է նաեւ համաշխարհային հռչակ ունեցող արտիստների մասնակցությամբ գալա համերգ: 

Գագաթնաժողովը հյուրերին հնարավորություն կտա բացահայտելու Հայաստանը եւ 2800-ամյա պատմություն ունեցող մայրաքաղաք Երեւանը: 

Միջոցառումների ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ հայերենֆրանսերեն:

Հ.Գ.: Հատուկ շնորհակալություն «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամին՝  ծրագիրը հայերեն թարգմանելու համար: