Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 08-10-2018
Բացվեցին Ֆրակոֆոնիայի տաղավարները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումները:
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Ազատության հրապարակում կայացավ Ֆրանկոֆոնիայի տաղավարների բացումը: 
 
Չնայած Ֆրանկոֆոնիայի տաղավարների պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի 9-ին, սակայն այցելուներին տաղավարներով շրջելու հնարավորություն տրվեց: Նրանք ծանոթացան Ֆրանսիայի մշակույթին, կրթությանը, տնտեսությանը, խոհանոցին եւ այլն: 
 
Տաղավարներից մեկում երիտասարդ հայ գործարարներն արտասահմանյան պատվիրակներին եւ հյուրերին էին ներկայացնում Հայաստանի բարիքները: 
 
Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի մարզի Նաիրի գյուղի «Nairyan-Gourmet» ընկերությունը ներկայացնող երիտասարդ գործարար Տիգրան Խամիսյանը նշեց, որ ներկայացնում են «Sunny Day» ապրանքանիշը: Ցուցահանդեսին մասնակցության հրավերը ստացել են Ֆրանկոֆոնիայի կազմակերպիչների կողմից՝ «ՓՄՁ ԶԱԿ»-ի խորհրդով: Վերջիններս նրանց թեկնածությունն են առաջարկել՝ որպես երիտասարդ գործարարներ: 
 
«Ներկա պահին ունենք 8 տեսակ չիր, որոնցից մեկը՝ ասորտի, որը բացի լոլիկից, պարունակում է բոլոր չրերը: Իրականացնում ենք ցուցահանդես-վաճառք: Հյուրերը մեծ հաճույքով համտեսում եւ գնում են հայկական չրերը»,- նշեց երիտասարդ գործարարը: 
 
Երիտասարդ գործարարներից Դավիթ Մնացականյանը, ով «Mountea» խոտաբույսերով թեյերի արտադրությամբ է զբաղվում, մասնակցության հրավերն անսպասելի է ստացել: Ցուցահանդես-վաճառքին ներկայացրել են ուրց, դաղձ, սրոհունդ, երիցուկ խոտաբույսերը, որոնք աչքի են ընկնում ոչ միայն օգտակարությամբ, այլեւ հաճելի բույրով:
 
«Ինչպես տեսնում եք, հայկական խոտաբույսերից պատրաստված թեյերը գրավում են տարբեր երկրներից ժամանած հյուրերին: Նրանք տեղում կարող են համտեսել եւ նոր գնել իրենց նախընտրելի խոտաբույսը: Առհասարակ, նմանատիպ միջոցառումները շատ կարեւոր են, որպեսզի արտադրանքը ճանաչելի լինի»,- նշեց Դավիթ Մնացականյանը:
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին «Երիտասարդություն, միասին ապրելու սկզբունքը» խորագրի ներքո կներկայացվի ֆրանկոֆոն տարածքում երիտասարդների իրավիճակի մասին զեկույցը, կգործարկվի «Ազատ միասին գործիքային տուփ» թվային հավելվածը, կներկայացվի եւ կտրվի «Ազատ միասին» նախաձեռնության պաշտոնական մեկնարկը: 

Պատկերասրահ՝ Ֆրանկոֆոնիայի տաղավարների բացումը