Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Նունե Հարությունյանի
Տեղադրվել է 08-10-2018
«Լուսանկարչությունը որպես փաստագրության գործիք»
«Վիքիմեդիա Հայաստան» գիտական ՀԿ-ն կազմակերպել էր «Լուսանկարչությունը որպես փաստագրության գործիք» խորագրով սեմինարը` հրավիրելով լուսանկարչությամբ հետաքրքրվող երիտասարդների։
Ինչպես վկայեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանը, սեմինարի նպատակն էր «Վիքիմեդիա» նախագծի խմբագիրներին տալ լուսանկարչական որոշակի հմտություններ. «Հաճախակի մեր խմբագիրների մոտ տարբեր իրավիճակներում ինքնուրույն լուսանկարելու կարիք է զգացվում, եւ մենք, փորձելով արձագանքել իրենց կարիքներին, կազմակերպեցինք այս սեմինարը։ Այն միտված է նրանց սովորեցնելու, թե ինչպես ճիշտ նկարել, ինչպես աշխատել նկարի հետ, խմբագրել այն, որպեսզի չփչանա, չկորցնի որակը եւ այլն»։



Սեմինարը վարեց մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը, ով ներկայացրեց լուսանկարչության կարեւորությունը, առավելությունները եւ դերն այժմյան հասարակությունում. «Լուսանկարչությունը ոչ թե կանգնեցնում, այլ խոշորացույցի պես օգնում է ավելի լավ տեսնելու ակնթարթը։ Լուսանկարչությունն օպտիկական մանրադիտակ է, ժամանակի մանրադիտակ։ Այն բացահայտում է այն, ինչ մինչ այդ աչքով տեսանելի չէր։ Լուսանկարն օգնում է ժամանակի մեջ ավելին տեսնելուն»։

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին փաստագրական լուսանկարի դերը, ճիշտ լուսանկարելու նրբությունները, լուսանկարները մշակելու սկզբունքները եւ մշակման համար անհրաժեշտ գործիքները։



Նշենք նաեւ, որ Վահե Բուդումյանը Կարինե Գրիգորյանի հետ հեղինակել է «Լուսանկարչության հարցեր. տեսություններ եւ տեխնիկա» ձեռնարկը։ Մատչելի, գրեթե հանրագիտարանային լեզվով գրված  ձեռնարկը յուրահատուկ է իր տեսակով։ Ձեռնարկը ստեղծված է որպես ուղեցույց լուսանկարչությամբ հետաքրքրվող, լուսանկարել սովորող մարդու համար, որը կօգնի ինքնուրույն տիրապետել տեխնիկային: