Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հասմիկ Գյոզալյանի
Տեղադրվել է 08-10-2018
«Եկել եմ արեւոտ Երեւան՝ ներկայացնելու իմ երկիրը». Ֆրանկոֆոնիայի միջոցառումները շարունակվում են
Ընթացիկ շաբաթը հարուստ է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներով, որոնց մեկնարկը տրվեց հոկտեմբերի 7-ին:

 Eritasard.am-ը շարունակում է ուշի-ուշով հետեւել դրանց ընթացքին՝ ներկայացնելով ամենահետաքրքիր դրվագները: 

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ից, Ֆրանկոֆոնիայի ավանը կրկին բազմամարդ էր: 



«Ֆրանկոֆոն ավանում ներգրավված են տարբեր երկրների մշակութային բազմազանությունը ներկայացնող տաղավարներ, որոնք գործում են ժամը 12:00-ից մինչեւ 20:00-ն: Ողջ օրվա ընթացքում մեր բեմահարթակից ներկաներին ողջունում եւ իրենց կատարումներով ուրախացնում են հայաստանյան ու արտերկրից ժամանած երգիչներ, թատերական խմբեր: Այստեղ բուռն է կյանքը: Այս տարածքն իսկապես վերածվել է ֆրանկոֆոն ավանի, ինչն անչափ ուրախալի է»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանկոֆոնիայի աշխատանքները համակարգող շտաբի ներկայացուցիչ Լուսինե Փիրոյանը: 

Տաղավարներում օտարերկրյա հյուրերին օգնում են Հայաստանից ներգրավված կամավորները: Լուսինե Փիրոյանը նշում է, որ հյուրերին հուզել են հայերի ջերմությունն ու օգնելու պատրաստակամությունը: Կարեւորում է, որ նրանք իրենց երկրները վերադառնան գոհունակությամբ, հարուստ տպավորություններով եւ հաճելի հիշողություններով: 



Հայաստանի տաղավարը Ֆրանկոֆոն ավանում մեծությամբ երկրորդն է: 

«Այստեղ ներկայացված է մեր երկիրը՝ իր ողջ գունային ներկապնակով: Տաղավարը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, Զբոսաշրջության պետական կոմիտեի, ինչպես նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության,  մարզպետարանների եւ Արցախի ջանքերով: Ներկայացված են տասը մարզեր՝ իրենց պատմական եւ մշակութային  առանձնահատկություններով: Այցելուները կարող են ծանոթանալ կարպետագործության, խաչքարագործության, արծաթագործության եւ արհեստի այլ ճյուղերի առանձնահատկություններին: Փորձել ենք այս փոքրիկ տաղավարում տեղավորել ողջ Հայաստանը, որպեսզի  յուրաքանչյուր այցելու հեռանա մի օր կրկին Հայաստան վերադառնալու ցանկությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ  զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը: 



Կոտդիվուարի տաղավարում հանդիպեցինք Աքսել Էմմանուելին, ով զբաղվում է շոկոլադի արտադրությամբ: Հպարտությամբ է նշում, որ «Կոտդիվուարի շոկոլադները» լավագույններից են ամբողջ Աֆրիկայում, ապա հավելում, որ իր երկիրը շոկոլադի եւ կակաոյի արտահանման առումով աշխարհի առաջատարներից է. «Հայաստանով չափազանց տպավորված եմ: Հայերը հաճելի ու ջերմ մարդիկ են: Մեր արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Հարցեր են ուղղում, փորձում իմանալ, թե ինչպես ենք այն պատրաստում, եւ հաճույքով համտեսում են»: 

Սիմոն Պիեռեն էլ ներկայացնում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը. «Եկել եմ արեւոտ Երեւան՝ ներկայացնելու իմ երկիրը: Կոնգոյում հատկապես բիզնեսով զբաղվելու հնարավորությունները մեծ են, եւ ցանկանում ենք, որպեսզի մեր երկիրը հայտնի դառնա բոլորին: Չափազանց կարեւորում եմ այս միջոցառումը»:



Սիմոն Պիեռեն այցելուներին է ներկայացնում Կոնգոյից բերված թանկարժեք քարերը, որոնցով տարատեսակ զարդեր են պատրաստում. «Շատ երկրներից են գնում մեր քարերը: Մենք մի երկիր ենք, որը բավականաչափ հումք ունի, եւ կարող ենք բերել նաեւ Հայաստան»:

Նրբաճաշակությամբ ու գեղեցկությամբ աչքի ընկնող Թազեեմ Փերին Ռուանդայից է ժամանել: Ֆրանսուհի է՝ ռուանդական արմատներով: Ձեռագործ աշխատանքներ է ներկայացնում։ Ինչպես ինքն է ասում՝ այդ կերպ ճանաչելի դարձնելով իր երկրի մշակույթը․ «Ռուանդան փոքր երկիր է, ինչպես Հայաստանը, եւ ձեր երկրի պատմության նման մեր պատմությունն էլ ցավոտ էջեր ունի: Մեր ժողովուրդը Ցեղասպանություն է ապրել, սակայն այսօր մենք այստեղ ենք՝ ցույց տալու համար, որ Ռուանդան աշխարհի ամենադինամիկ երկրներից մեկն է: Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ բացահայտեն մեր երկիրն ու ճանաչեն»: 



Արաբական Միացյալ Էմիրաթների տաղավարում զրուցեցինք  ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանատան ներկայացուցիչ Էդգար Ջրբաշյանի հետ, ով նշեց, որ տաղավարում մասնավորապես ներկայացված են արաբական սուրճ, արմավ, հագուստ: Այցելուների հոսքը մեծ է, հետաքրքրված են հատկապես արաբական սուրճով:   

Այցելուների հոսքը մեծ է նաեւ դեպի «Մեգերյան կարպետ» ընկերության առանձին տաղավար: Աշխատակիցներից Հարություն Միքայելյանը հավաստիացրեց, որ հայկական գորգերի հանդեպ թե՛ հայերի, թե՛ օտարերկրացիների հետաքրքրությունն օրեցօր աճում է: Ընկերության մենեջեր Տիգրան Անդրեասյանն էլ հավելեց, որ հետաքրքրությունը չափազանց մեծ է ոչ միայն գորգերի, այլեւ զարդերի եւ առհասարակ հայկական արժեքների նկատմամբ:  

Այս օրերի ընթացքում տաղավարում նաեւ զավեշտալի դեպք է  գրանցվել. այցելուներից մեկը, տեսնելով առանձին տաղավարը, հետաքրքրվել է, թե որտեղ է գտնվում «Մեգերյան պետությունը»: