Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-10-2018
Տեղի ունեցավ «Լիլիթ» նորաձեւության դպրոցի ավարտական ցուցահանդեսը
Հոկտեմբերի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Լիլիթ» նորաձեւության դպրոցի ավարտական ցուցահանդեսը, որին ներկա էին հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Լիլիթ» նորաձեւության դպրոցի հիմնադիր-տնօրեն, նկարիչ-մոդելավորող Լիլիթ Մարգարյանի նախաձեռնությամբ շրջանավարտների ավարտական երեկոն իրականացվում է յուրահատուկ եղանակով՝ որպես ցուցահանդես: 

«Դպրոցի սաները մասնագիտանում են որպես նկարիչ-մոդելավորողներ: Հետաքրքրական է, որ շատ հաճախ ինձ դիմում են մարդիկ, ովքեր երբեք չեն նկարել, բայց այցելելով  մեր դպրոց՝ սկսում են ոչ միայն գեղեցիկ նկարել, այլեւ ստեղծագործել»,- Eritasard.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Մարգարյանը: 

Մեր զրուցակցի համոզմամբ՝ հաճախ նկարիչ-մոդելավորողի մասնագիտության մասին պատկերացումներն ամբողջական չեն, ուստի նմանաբնույթ ցուցահանդեսների նպատակը նաեւ հանրության ուշադրությունն ուղղելն է դեպի այդ մասնագիտությունը, կարեւորելը, որ ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ են լուրջ գիտելիքներ: 

Լիլիթ Մարգարյանը հպարտությամբ է խոսում իր աշակերտների մասին՝ նշելով, որ ամենամեծ ձեռքբերումը նրանց հաջողություններն են․ «Այսօր այստեղ կտեսնեք միանգամայն տարբեր ձեռագրեր: Թեպետ բոլորին տրվել է միանման հանձնարարություն, սակայն նրանք յուրովի են զգացել ու ներկայացրել»: 

Ծանոթացանք դպրոցի շրջանավարտ Սեդա Արշակյանի աշխատանքներին ու զրուցեցինք նրա հետ․ «Միշտ մտածել եմ, որ եթե կյանքում կան բաներ, որոնք ես երբեք չեմ կարող անել, դրանցից մեկը, անշուշտ, նկարչությունն է: Հագուստի ձեւավորման նկատմամբ հետաքրքրությունն էլ նկատվել է մանկուց՝ 7 տարեկանից կամ գուցե ավելի շուտ: Դա եղել է  սիրած զբաղմունք, նախասիրություն, սակայն միշտ ցանկացել եմ համապատասխան կրթություն ստանալ, ավելի հանգամանորեն տիրապետել նորաձեւության աշխարհի նրբություններին եւ պրոֆեսիոնալ, գրագետ իրականացնել աշխատանքս: Դա դարձել էր նպատակ, որին ամեն կերպ պիտի հասնեի: Որոշում կայացրի եւ ընդունվեցի «Լիլիթ» նորաձեւության դպրոց: Եվ այսօր ես երջանիկ եմ, որ այդպիսի որոշում եմ կայացրել»: 

Սեդա Արշակյանի աշխատանքներից առանձնահատուկ են հատկապես կենդանիների եւ ձկների պատկերներով լուծումները, եգիպտական, ֆրանսիական թեմատիկայով աշխատանքները: 

Հեղինակը նշեց, որ հանձնարարությունը ստանալով՝ նախ ուսումնասիրել է թեմաները, որպեսզի լիարժեք տիրապետի նաեւ տեսական մասին եւ աշխատանքը հնարավորինս ճշգրիտ ներկայացնի: 

Ի պատասխան այն հարցին, թե երիտասարդ մասնագետները Հայաստանում ինչ հեռանկարներ կարող են ունենալ, մեր զրուցակիցը նշեց. «Եթե մարդն ունի երազանքներ, ձգտումներ, նպատակներ, ապա ամեն գնով հասնում է դրան՝ իհարկե հաշվի առնելով նաեւ մեր երկրի առանձնահատկությունները»: 

Իր աշխատանքներն էր ներկայացրել նաեւ «Պարի եւ հոգու թատրոնի» հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանի թոռնուհին՝ կրստեր Սոֆի Դեւոյանը, ով եւս  «Լիլիթ» նորաձեւության դպրոցի շրջանավարտ է: 

«Մանկուց նկարել եմ, բայց դիզայնի սիրահար չեմ եղել, չեմ փորձել մտքերս արտահայտել դիզայնի միջոցով: Երբ սկսեցի հաճախել «Լիլիթ» նորաձեւության դպրոց, բացահայտեցի մասնագիտության նրբությունները: Այժմ ցանկություն ունեմ շարունակելու»,- նշեց Սոֆին: 

Միջոցառման ավարտին դպրոցի սաներն ավարտական հավաստագրեր ստացան: 

Պատկերասրահ՝ «Լիլիթ» նորաձևության դպրոցի ավարտական ցուցահանդեսը