Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-10-2018
Մեկնարկեց ԱՊՀ գիտնականների 2-րդ ֆորումը
Հոկտեմբերի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկեց ԱՊՀ գիտնականների 2-րդ ֆորումը: Այն անցկացվում է ԱՊՀ երկրների հումանիտար ոլորտում համագործակցության 2017-2018 թթ. պլանի համաձայն:

Ներկաներին նախ ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ համաժողովին հաջող ընթացք, մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթելով: 



ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի, քննարկումների արդյունքները նոր մթնոլորտ կձեւավորեն, ինչը կնպաստի ԱՊՀ երկրների գիտական շրջանակների միջեւ փոխհարաբերությունների ամրապնդմանը. «Համագումարի հիմնական նպատակն է զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, ինչպես նաեւ նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը եւ փորձի փոխանակմանը»: 



Նախարարը նաեւ շեշտեց, որ համագումարն արդյունավետ հարթակ է ԱՊՀ երկրներում նորարարական քաղաքականության մշակման առաջարկների ձեւավորման վերաբերյալ համատեղ հետազոտություններ նախաձեռնելու եւ ԱՊՀ երկրների մասնագիտական համայնքում գիտնականների ու երիտասարդ մասնագետների միջազգային շարժունակության համակարգի ձեւավորման համար: 



Նա գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում  ժողովրդավարական արժեհամակարգի եւ քաղաքացիական  հասարակության կայացման գործընթացներում անգնահատելի դեր ունեն կրթությունը եւ գիտությունը, որոնք մեծապես նպաստում են երկրի զարգացմանը: 



Նշենք, որ ԱՊՀ երկրների գիտնականների 2-րդ ֆորումը կազմակերպվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համագործակցությամբ ու ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: 



Համագումարի անցկացմանն աջակցել են նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւ ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը եւ Հայ-ռուսական համալսարանը: