Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Լուսինե Թորոսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 16-10-2018
«30 օր Երեւանում». ցուցահանդես՝ նվիրված մայրաքաղաքի 2800-ամյակին
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Լուսինե Թորոսյանի («Լուսավորիկ») «30 օր Երեւանում» վավերագրական լուսանկարների առաջին անհատական ցուցահանդեսի փակ շնորհանդեսը:

Ցուցահանդեսը նվիրված է մայրաքաղաքի 2800-ամյակին: 

«Այս տարին հոբելյանական է. տոնում ենք մեր մայրաքաղաքի 2800-ամյակը, ուստի որոշեցի ես էլ իմ կողմից նվեր պատրաստել Երեւանին: Օգոստոսի 14-ին վերցրի ֆոտոխցիկս  եւ մինչեւ հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում՝ ուղիղ 30 օրերի ընթացքում, շրջեցի քաղաքում եւ լուսանկարեցի մարդկանց: Ներկայացրել եմ 50 աշխատանք՝ իմ նվերը Երեւանին»,- Eritasard.am-ի հետ զրույցում պատմեց Լուսինե Թորոսյանը: 

Բոլոր լուսանկարներն ունեն իրենց պատմությունը: Դրանցից շատերի հերոսները ներկա էին ցուցահանդեսին:

Ներկա էր նաեւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը, ով մասնավորապես նշեց. «Կան լուսանկարներ, որոնք ինձ զարմացրին: Այդ պատկերներն ասես քարացած վավերագրական ֆիլմեր լինեն: Կյանքն ավելի հետաքրքիր է դառնում, երբ նկատում ես շարժումներ, հայացքներ, տրամադրություններ, որոնք կարող են վերածվել արվեստի: Հեղինակը սուր աչք ունի: Ես ուրախ եմ, որ այսպիսի լուրջ աշխատանքներ տեսա»:

Լուսինե Թորոսյանը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի վավերագրական ֆիլմերի ռեժիսուրա ֆակուլտետում։

Նշենք նաեւ, որ 2017 թ.-ին Ուզբեկստանում կայացած ՄԱԿ-ի գրասենյակի կազմակերպած բնապահպանական ֆոտոմրցույթում Լուսինեն ներկայացրել է Հայաստանը եւ 155 երկրներ ներկայացնող մասնակիցների շարքում գրավել 1-ին հորիզոնականը։