Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 16-10-2018
Մշակութային ժառանգությունը Հայաստանում. երկօրյա համաժողով
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում մեկնարկել է «Մշակութային ժառանգությունը Հայաստանում. մարտահրավերներն ու պարտականությունները» խորագրով երկօրյա համաժողովը:

Համաժողովն անցկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Միջոցառումը նպատակ ունի նախադրյալներ ստեղծել հայ եւ իտալացի փորձագետների ակտիվ համագործակցության համար, ինչպես նաեւ բացահայտել համաշխարհային հարթակներին միանալու նոր ուղիներ:

«ICAE 2018»-ի շրջանակում երկօրյա համաժողովը հրավիրել է փորձագետների Իտալիայից՝ քննարկելու Հայաստանի մշակութային ժառանգությունն ու պահպանման եւ վերարժեւորման կարեւորությունը: Համաժողովի ընթացքում բարձրաձայնվելու են  Մշակութային ժառանգության եվրոպական տարվա (ՄԺԵՏ 2018) հիմնահարցերը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը եւ «Shaula International» ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին: 

«Հայաստանը բազմադարյա մշակութային ժառանգություն ունի, որը կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը եւ կարող է դառնալ երկրի այցեքարտերից մեկը»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

Համաժողովի շրջանակում Եվրամիության կողմից կընդգծվեն մշակութային ժառանգության կարեւորությունը, մասնավորապես դրա պահպանությունը, վերականգնումն ու խթանումը՝ որպես տուրիզմի խթանման, ինչպես նաեւ տնտեսական զարգացման համար կարեւոր նախադրյալ: 

Ելույթներով հանդես կգան Բոկկոնի համալսարանի մենեջմենթի դպրոցի մարքեթինգի ամբիոնի պրոֆեսոր Անդրեա Ռուրալեն եւ Պիերջիակոմո Միոնը (Բոկկոնի Կառավարման դպրոց), Անաիս Սանսոնեթթին, Գայանե Կազնատին, Տիգրան Գալստյանը, Ռուբեն Արեւշատյանը, Արմեն Աբրոյանը եւ Նորա Միրզոյանը:

«2018 թվականը՝ Մշակութային ժառանգության եվրոպական տարի» նախաձեռնությունը, որին նվիրված է համաժողովը, եզակի հնարավորություն է արժեւորելու մշակութային ժառանգության դերը, ինչը կնպաստի պատմության եւ ինքնության ներկայացմանն ու տարածմանը: Այս՝ Մշակութային ժառանգության եվրոպական տարվա կարգախոսն է՝ «Մեր ժառանգությունը. ուր խաչվում են անցյալն ու ապագան»: