Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-10-2018
Սիրահարների այգին 10 տարեկան է
Հոկտեմբերի 17-ին Սիրահարների այգին սովորականից շատ մարդաշատ էր: Երաժշտություն, գունային հարուստ էֆեկտներ, երջանիկ ու սիրառատ դեմքով մարդիկ: Առիթը մեկն էր. Սիրահարների այգին դարձավ 10 տարեկան:

Այգու վերաբացումն ազդարարվեց համերգային գեղեցիկ ծրագրով: Ելույթներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդը:

Մայրաքաղաքաբնակների եւ օտարերկրյա հյուրերի հոսքը Սիրահարների այգի չէր դադարում: Հատկապես օտարերկրացիները շրջում էին այգում, վայելում գեղեցիկ բնությունն ու նրա հետ ներդաշնակ հնչող երաժշտական կատարումները: 

Նշենք, որ այգին գոյություն է ունեցել դեռ 18-րդ դարից եւ կոչվել «Կոզեռնի այգիներ»: 1949 թ.-ին՝ ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150-ամյակի ժամանակ, այն սկսել են անվանել Պուշկինի այգի, իսկ 1970 թ. այգին եւ նրան կից պողոտան (Մարշալ Բաղրամյան) վերանվանվում է «Բարեկամություն»՝ խորհրդային ժողովուրդների «եղբայրությունը» նշանավորելու համար։

Հայաստանի անկախությունից հետո՝ 1995 թ., այգին վերանվանվում է Սիրահարների այգի։ Այդ անվանումը գալիս է Դեմիրճյան փողոցի ժողովրդական անվանումից։

2007 թ. այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի եւ Պողոսյան այգիների մաս կազմում: Վերակառուցման նախագիծն իրականացվում է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական եւ արեւելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախի կողմից, ով 1,5  տարվա ուսումնասիրությունից հետո կազմում է էսքիզ, որն արժանանում է Երեւանի քաղաքապետարանի հավանությանը:

Պատկերասրահ՝ Սիրահարների այգին դարձավ 10 տարեկան