Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-10-2018
Ֆուտբոլ, որտեղ հաղթողներ եւ պարտվողներ չկան
«Սպորտը հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 19-ին «Դինամո» մարզահամալիրում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումը ոչ սովորական էր:
Մրցակից թիմերն էին ՀՀ արտաքին գործերի նախարարության «Դիվանագետ» ֆուտբոլային ակումբը եւ «Ամբասադոր» թիմը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, որոնց թվում՝ ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, ՀՀ-ում  Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմը, ինչպես նաեւ Ղազախստանը, Իրաքը, Լիտվան, Եգիպտոսը, Բրազիլիան, Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող դիվանագետներ (հյուպատոսներ, ատաշեներ):

Իր ձեւաչափով աննախադեպ ֆուտբոլային հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար, դոկտոր Ալիա Սալման ալ-Զուբեյդիի նախաձեռնությամբ, ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության եւ «Դիվանագիտական ակումբ»-ի համատեղ ջանքերով:

Խորհրդանշական խաղի նպատակը խաղաղություն քարոզելն էր նաեւ սպորտի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական կորպուսի անդամների միջեւ բարեկամական հարաբերություններն ամրապնդելը: 

Նախքան խաղի մեկնարկը ներկաներին ողջունեցին ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար, դոկտոր Ալիա Սալման ալ-Զուբեյդին, «Դիվանագիտական ակումբ»-ի հիմնադիր Լեւոն Դավթյանը, համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանը: 

Հանդիպումը բավականին հետաքրքիր ու դիտարժան էր: Առաջին իսկ րոպեներից «Ամբասադոր» թիմը բացեց խաղի հաշիվը, սակայն «Դիվանագետ»-ի ֆուտբոլիստներն արագ գրոհի անցան, եւ առաջին խաղակեսն ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ ԱԳՆ-ի աշխատակիցների:

Երկրորդ խաղակեսն էլ ավելի լարված ու գոլառատ էր: Հանդիպումն ավարտվեց 8:5 հաշվով՝ հօգուտ «Դիվանագետ»-ի: Սակայն վերջնական հաշիվը չհայտարարվեց, քանի որ ինչպես իր ամփոփիչ խոսքում նշեց միջոցառման վարող, Հայաստանի վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը, խաղում, որը կրում է «Սպորտը հանուն խաղաղության» խորագիրը, հաղթողներ եւ պարտվողներ չեն լինում: