Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 22-10-2018
Շնորհավո՛ր տոնդ, մեր գունե՛ղ մայրաքաղաք
Հոկտեմբերի 21-ին մայրաքաղաք Երեւանը նշեց հիմնադրման 2800-ամյակը: Քաղաքում անցկացվեցին հանդիսություններ, բազմաթիվ միջոցառումներ:

Երեւանի օրն ավանդաբար նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, սակայն այս տարի Երեւանի օրը փոխելու նախաձեռնությունը պայմանավորված էր անցած շաբաթ Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի միջոցառումների ծավալով, դրանք պատշաճ իրականացնելու անհրաժեշտությամբ:

Ինչեւէ, երեկ տոնական հանդիսությունների մեկնարկը վաղ առավոտյան՝ 08:00-ին, տրվեց Երեւանյան մարաթոնով։ Հանրապետության հրապարակում կայացած գալա համերգով էլ ամփոփվեց օրը։

Համերգի ընթացքում բեմականացված համարները պատմում էին բոլորիս սիրելի քաղաքի պատմության եւ նրա անցած ճանապարհի մասին։



Ելույթով հանդես եկավ քաղաքապետ Հայկ Մարությանը․ «Սիրելի՛ երեւանցիներ, մեր մայրաքաղաքն այսօր դարձավ 2800 տարեկան: Ինձ համար մեծագույն պատիվ է այս պատմական օրը կանգնած լինել ձեր առջեւ եւ ներկայացնել Երեւանը, ներկայացնել ձեզ: Իրականում, հարգելինե՛րս, մենք չենք գիտակցում, թե որքան բախտավոր եւ երջանիկ մարդիկ ենք: Մենք այսօր կանգնած ենք մեր հայրենի հողի վրա, տոնում ենք մեր մայրաքաղաքի 2800-ամյակը: Մենք բախտավոր ու երջանիկ ենք, որովհետեւ երեւանցի ենք: Ես բազմիցս նշել եմ, որ երեւանցի են նրանք, ովքեր Երեւանը համարում են իրենց հարազատ վայրը»: 

Քաղաքապետն ընդգծեց, որ Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է․ «Ես հպարտ եմ, որ երեւանցի եմ, հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, հպարտ եմ, որ այսօր նշում ենք մեր հինավուրց քաղաքի 2800-րդ հոբելյանը: Ինչեր ասես, որ չի տեսել մեր քաղաքը, բայց այսօր կանգնած է հպարտ եւ նայում է միայն առաջ»։

Հավելենք, որ Երեւանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակի միջոցառումներին մասնակցեցին բազմաթիվ հյուրեր, որոնց թվում՝ Երեւանի քույր քաղաքներից, Սփյուռքից։

Պատկերասրահ՝ Երևան - 2800. մարաթոն

Պատկերասրահ՝ Երևան - 2800. 21.10.2018

Պատկերասրահ` Երևան - 2800. հրավառություն