Նյութը՝ Սաթենիկ Խաչատրյանi
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-10-2018
Ֆեմինիզմն ու հայկական իրականությունը
Ի՞նչ ասել է սեռերի հավասարություն կամ ֆեմինիզմ. դրանք ի՞նչ արտահայտություն են գտել հայկական իրականության մեջ:

Սեռերի հավասարության խնդիրն այսօր Հայաստանում բավականին արդիական է, եւ շատ հաճախ է քննարկվում այն, թե  արդյո՞ք  հայ կինն ավանդական եւ ժամանակակից  ընտանիքում տարբեր կերպ է դրսեւորվում, ի՞նչ է փոխվել, ի՞նչն է պահպանվել: Հայ կնոջ պահանջը՝ միտված գենդերային հավասարությանը, իրավունքների ու պարտականությունների ճանաչմանը, արդյո՞ք արդարացված է: Սեռային հավասարություն. ժամանակի պահա՞նջ, թե՞ թելադրված գաղափարախոսություն…

Դեռեւս 6-րդ դարում Բյուզանդիայի  Հուստինյանոս  կայսրը կիրառել է գենդերային հավասարության քաղաքականությունը, երբ հայ իշխանական տները կազմաքանդելու համար կանանց տվեց ժառանգական իրավունք, որով եւ սկսվեց հայ իշխանական տների տնտեսական հիմքի, հետեւաբար նաեւ ամրության ու հզորության  խարխլումը. կանայք իրավունք ստացան հայրական տնից մասնաբաժին պահանջել, եւ Աստված մի արասցե, եթե հայ իշխաններից մեկը, ասենք, հինգ աղջիկ ունենար, ապա` վերջ այդ իշխանական տանը: Այդ ծրագիրը տվեց իր արդյունքները. բազմաթիվ իշխանական տներ կործանվեցին,  եւ հայ ժողովուրդը զրկվեց կազմակերպիչ ուժից:  Թերեւս կայսրին ամենեւին էլ չէր հետաքրքրում  հայ կանանց  իրավահավասարությունը, եւ նրա ներդրած քաղաքականության  միակ նպատակը Հայաստանը խարխլելն էր:

Այսօր` 15 դար անց, մարդիկ նույն քաղաքականության զոհը դառնալու մտավախությունն ունեն. ինչո՞ւ: Այսօր իրապես ժամանակները փոխվել են, հայ կինն այլեւս այն հեզ ու խոնարհ տնային տնտեսուհին չէ, նրա պահանջներն այլ են, ակնկալիքները՝ նոր: Իսկ ինչո՞վ է դա արտահայտվում պրակտիկայում:

Պերճուհին իրեն ֆեմինիստ է համարում, աշխատում է «Կանանց աջակցման կենտրոնում», չի հանդուրժում  տղամարդու կողմից որեւէ վերահսկողություն: Նա նկատում է, որ հասարակությունը նորմալ է համարում այն, որ կինն ու տղամարդն իրավահավասար չեն դիտվում, որից էլ բխում են անհավասար հարաբերությունները. «Ցավալի է, որ պատրիարխալ հասարակությունը մեծացնում է աղջիկ երեխաներին՝ նրանց մեջ սերմանելով այն հավատը, որ նրանք ընտանիքում երկրորդական դերում են՝ տղամարդկանց համեմատ: Եղբայրը քրոջից առավել արտոնություններ ունի, ամուսինը կնոջից ավելի իրավունքներ ունի եւ այլն… Իսկ կանայք իրենց սահմանափակող այս վերաբերմունքը շատ հաճախ ոչ միայն չեն դատապարտում, այլեւ իրենք են այդ կարծրատիպային հարաբերությունները շարունակում եւ հավերժացնում սերնդեսերունդ»:

Հայ իրականության մեջ ֆեմինիզմ, գենդերային հավասարություն հասկացություններն ընդունվում են որպես «եվրոպականացված»` օտարածին, որոնք իբրեւ թե հակասում են մեր ազգային դիմանկարին: Շատերի կարծիքով` դրանք միտված են մեր հայկական ավանդական արժեքների խարխլմանը: 

Ի դեպ, այդպես են մտածում հիմնականում տղամարդիկ: Սիմոնը մասնագիտությամբ դերասան է, պատրաստվում է ամուսնանալ, կնոջ եւ տղամարդու միջեւ հավասարության մասին լսել անգամ չի ուզում: Կարծում է, որ դա հայկական ընտանիքներում ոչ միայն անընդունելի է, այլեւ  դատապարտելի. «Սա չի նշանակում, որ իմ կինը տանը ձայնի իրավունք չպետք է ունենա կամ պետք է իմ ստրուկը լինի, հակառակը՝ հայկական ընտանիքներում միշտ կանայք ընդգծված ձեւով են արժեւորվում: Չեմ հասկանում` ի՞նչ ֆեմինիզմի մասին է խոսքը, դա մեզ սազակա՞ն է»:

Թերեւս ակնհայտ է, որ այս երկու օրինակն էլ իրենց դրսեւորումներով ծայրահեղություն են, բայց հենց դրանք են, որ լուրջ ուսումնասիրությունների առարկա են դառնում: Հարցի մասին գիտական տեսանկյունից խոսելիս սոցիոլոգները նկատում են, որ եթե լավ ուսումնասիրենք մեր պատմությունն ու առկա փաստերը, ապա կտեսնենք, որ հայ կանայք նույնիսկ վաղ անցյալում են առավել շատ, քան մյուս երկրներում, ներգրավված եղել հասարակական կյանքում, եւ միշտ էլ հայ կնոջ խոսքը մեծ արժեք է ունեցել հայկական ընտանիքում:

Ինչո՞ւ են մարդիկ ֆեմինիզմ հասկացությունը բացասաբար ընկալում. ֆեմինիզմի գաղափարախոսությունն ուղղված է կանանց եւ տղամարդկանց միջեւ իրավահավասարությանը՝ կանանց համար հավասար իրավունքներ եւ հնարավորություններ ապահովել, կանանց որպես 2-րդ կարգի քաղաքացի չդիտարկել, կանանց դիտարկել որպես անհատ, այլ ոչ թե որպես տղամարդու սեփականություն: 

Պերճուհու կարծիքով` մարդիկ պարզապես լավ տեղեկացված չեն, եւ նրանք ֆեմինիզմն ասոցացնում են ռադիկալ դրսեւորումների հետ, ինչը եւ մարդկանց վախեցնում է. «Բայց իմ կարծիքով` իրական վախն այն է, որ կանանց հավասար ձայնի իրավունք տալով` տղամարդկանց ուժի եւ վերահսկողության կարողությունը նվազում է... Հետեւաբար ապատեղեկատվություն տարածելով՝ փորձում են նույնիսկ կանանց վատ տրամադրել ֆեմինիզմի հանդեպ»: 

Հայաստանի Հանրապետությունը միացել է տարբեր միջազգային կոնվենցիաների եւ պայմանագրերի, որոնք սահմանում են կնոջ եւ տղամարդու հավասարությունը: Շատ կանայք բողոքում են, որ կանանց համար աշխատատեղերը քիչ են, եւ գործատուներն առավել նախընտրում են աշխատանքի վերցնել նույն մասնագիտությամբ տղամարդու, քան կնոջ: 

Մինչդեռ սեռերի հավասարության սկզբունքներն ամրագրված են նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում, որտեղ նշված է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերը իրավահավասար են` անկախ նրանց սեռից, ռասսայից, ազգությունից, լեզվից, ծագումից, ամուսնական վիճակից եւ ընտանեկան դրությունից եւ աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից: Բացի դրանից` աշխատանքային գործակալություններից արված մեր հարցումները եւս մեզ թույլ են տալիս փաստելու, որ իրականությունն այլ է. առաջարկվող աշխատանքները կանանց առավել հարմար են, եւ ըստ վիճակագրության` կանայք ավելի հեշտ են աշխատանք գտնում, պատճառը հարմարվողականությունն է. փաստում են գործակալությունների աշխատակիցները: Հայկական ընտանիքներում գենդերային հավասարության մասին էթնոհոգեբան Կարինե Նալչաջյանի տեսակետը խիստ ավանդական է. «Ես դեմ չեմ եվրոպական արժեքների յուրացմանը, բայց յուրացնելուց առաջ հարկ է մտածել, թե դա պետք է մեզ, թե` ոչ. այդ գաղափարախոսությունները մեզ հարիր չեն, դրանք սպառնում են մեր ընտանիքների կայունությանը»:

Հ.Գ.: Այո´, ժամանակները փոխվել են, բայց, այնուամենայնիվ, մեր արժեհամակարգն այլ է, եւ, ասենք, դժվար թե հայ հասարակությունն ընդունի ամերիկյան Ծնող N1, Ծնող N2  հասկացությունը` հիմնված գենդերային հավասարության վրա: Մեր իմաստուն նախնիները գիտեին, որ ամեն ինչի ծայրահեղական դրսեւորումը վտանգավոր է, քանզի կորցնում է իմաստը եւ տրամաբանությունը. ոսկի միջին սկզբունքը լավագույնն է բոլոր ոլորտներում եւ արժեհամակարգերում: